Մեր գործունեությունը

Արցախ

Կարեւորելով տարածաշրջանում բնակչության աճի խթանումը՝ մենք փնտրում ենք հարթակներ, որոնք կօգնեն Արցախին հասնել կայուն զարգացման։

Մեկնարկել է
2015
Հանրային զեկույց

Արցախի զարգացման ծրագրի նպատակն է տարածաշրջանում ապահովել կայուն զարգացում՝ նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանն ու զգալիորեն խթանելով բնակչության աճը: Աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերներին առերեսվող Արցախի տնտեսության զարգացումը, պատմամշակութային ժառանգության պահպանումը և մարդկային կապիտալի զարգացումն այժմ կարևոր է, քան երբևէ։

Արցախում բնակչության աճին նպաստելու համար IDeA հիմնադրամը դրամական աջակցություն է տրամադրել նորածին երեխա ունեցող արցախցի երիտասարդ ընտանիքներին: 2008 թվականին մենք միացել ենք «Արցախյան մեծ հարսանիք» նախաձեռնությանը, որի շրջանակում մեկ օրում կազմակերպվել է 700 զույգի պսակադրություն: 5 տարում այս ընտանիքներում ծնվել է շուրջ 1 100 երեխա:

IDeA հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող մեկ այլ կարևոր ծրագիր է Մուշկապատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը: 17-րդ դարի եկեղեցու վերականգնման ծրագիրը նախաձեռնել է բարերար, որն ընտրել է IDeA-ն որպես ծրագիրն իրականացնող հարթակ: Եկեղեցին իր դռները բացեց տեղացիների ու զբոսաշրջիկների առաջ 2017 թվականի մայիսին:

Արցախի կառավարության հետ համագործակցությամբ՝ IDeA հիմնադրամն այժմ իրականացնում է Շուշիի Գոհար Աղա (Վերին Ջումա) մզկիթի վերականգնման աշխատանքները: Ծրագրի նպատակն է պահպանել քաղաքի պատմական և ճարտարապետական ժառանգությունը, ինչպես նաև նպաստել մզկիթի հարակից տարածքների զարգացմանը:

IDeA հիմնադրամի նոր գաղափարներից է կառուցել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու մշակութային կենտրոն հանդիսացող Շուշին միացնող ճոպանուղի, որը կարևոր դեր կխաղա տարածաշրջանի տրանսպորտային համակարգի արդիականացման գործում և կդառնա զբոսաշրջիկների ու տեղացիների համար նոր դիտարժան վայր։ Ծրագրի հայեցակարգը ներկայում գտնվում է քննարկման փուլում: