Մեր գործունեությունը

Ավրորա մարդասիրական նախաձեռնություն

«Հայաստանի զարգմացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի այս նախաձեռնությունը ստեղծվել է՝ փառաբանելու մարդասիրությունը, դառնալու համաշխարհային մարդասիրական շարժման մաս եւ ճանաչման արժանանացնելու մարդկային կյանքերի փրկության անձնազոհ գործողությունները:

Մեկնարկել է
2015
Հանրային զեկույց
 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին, կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն և այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որին միացել են ավելի քան 350 անհատներ եւ կազմակերպություններ:

«Ավրորա» համաշխարհային մրցանակը 1.000.000 դոլարի դրամաշնորհ է, որի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Այն ամենամյա մրցանակ է՝ Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:

 
 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։

Մարգարիտ Բարանկիցեն «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրն է, որը Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին 30 հազար մարդու կյանք է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրն է բժիշկ Թոմ Քաթինան է՝ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից։ Թոմ Քաթինան հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը Սուդանի Նուբա լեռների պատերազմական գոտում, որտեղ մարդասիրական օգնությունը սահմանափակ է։ Երրորդ տարում՝ 2018թ., «Ավրորա» մրցանակի դափնեկիր դարձավ իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։ Դափնեկիրներին շնորհվել է 100.000 դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի նվիրատվությունն ուղղելով իրենց ոգեշնչած կազմակերպություններին:

Որպես «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը ուղեկցող միջոցառումների մաս՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծել է կարևորագույն հումանիտար հիմնախնդիրների շուրջ քննարկումներ բացառիկ մի հարթակ: Aurora Dialogues քննարկումները կարեւորագույն հումանիտար հիմնախնդիրների շուրջ համաշխարհային մարդասիրական համայնքի, բիզնեսի, բարեգործության ասպարեզի եւ զանգվածային լրատվական միջոցների առաջատար փորձագետների միջեւ քննարկումների միջազգային հարթակ է։

«Ավրորա» մարդասիրության ցուցիչը (Aurora Humanitarian Index) բացառիկ հետազոտություն է՝ նվիրված հումանիտար հրատապ հիմնախնդիրների շուրջ հանրային ընկալումների վերհանմանն ու վերլուծությանը։ Այն ուսումնասիրում է միջազգային հանրության կարծիքը հումանիտար միջամտության արդյունավետության եւ ընդհանուր պատասխանատվության վերաբերյալ, ինչպես նաեւ այն շարժառիթները, որոնք մղում են մարդկանց գործելու՝ հանուն ուրիշների։

«Ավրորա» երախտագիտության նախագծերը մարդասիրական եւ կրթական ձեռնարկումներ են՝ օգնելու աշխարհի տարբեր երկրների երեխաներին, փախստականներին եւ խոցելի խմբերին։ Տրամադրելով ուսման հնարավորություններ եւ կրթաթոշակներ, ինչպես նաեւ դրամաշնորհներ հատկացնելով մարդասիրական նախագծերին եւ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը մարդասիրական ջանքերի վերաբերյալ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգները ցանկանում են իրենց երախտագիտությունը հայտնել՝ ի հիշատակ այն մարդկանց, որոնք ժամանակին օգնել են ցեղասպանությունից տուժածներին: Երախտագիտության կրթաթոշակների ընդհանուր ֆոնդը ավելի քան 7 միլիոն դոլար է։

 
 

Նախաձեռնությունը կրում է Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի անունը, որը Հայոց ցեղասպանության ականատեսներից էր։ Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ մնաց և աշխարհին պատմեց 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին։ Մրցանակի հիմքում ինչպես Ավրորայի փրկությունն է, այնպես էլ հազարավոր վերապրումի ու խիզախության անհայտ դրվագներն են:

100 LIVES նախաձեռնությունը ներկայացնում է աշխարհին Հայոց ցեղասպանությունը վերապրողների, նրանց փրկողների ու ժառանգների պատմությունները՝ մեծարելով նրանց մարդկայնությունն ու խիզախությունը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է 2015 թվականին երեք հիմնադիրների կողմից, ովքեր ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը վերապրողների հիշատակը՝ աջակցում են այնպիսի նախագծերի, որոնք մեծարման են արժանացնում նրանց փրկողներին: Հիմնադիրների՝ ազգի երախտագիտությունը գործով արտահատելու ջանքերին արդեն միացել են ավելի քան 350 անհատներ եւ կազմակերպություններ: Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հավատում են մեր տեսլականին եւ միանում են այս շարժմանը: Ռեսուրսների ավելացմանը զուգահեռ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կընդլայնի ծրագրերի շրջանակը, որոնք կանդրադառնան մերօրյա ճգնաժամերին եւ մարտահրավերներին՝ օգնության ձեռք մեկնելով եւ հուսադրելով առավել կարիքավորներին:

 
 

Նորություններ և տեսագրություններ