ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Climate Uturn

Climate Uturn բնապահպանական հարթակը հիմնվել է 2019 թվականին: Հարթակի առաջնահերթություններն են կանաչ տարածքների ստեղծումն ու վերականգնումը, էներգիայի խնայողությունը, թափոնների առաջացման կանխարգելումը, էկոլոգիական չափանիշների ձևավորումը:

Launched
2019
Public Reports

Հաստատուն էկո-համակարգը երկրի հաջողակ զարգացման ռազմավարական կարևորագույն բաղադրիչ է: ՀՀ-ում տաղանդավոր մարդկանց պահելու և նորերին ներգրավելու միակ լուծումը ժամանակակից, հարմարավետ պայմանների ստեղծումն է: Դա առողջ շրջակա միջավայրն է, ինքնադրսևորման առավելագույն հնարավորությունները, բարձրակարգ կրթությունն ու առողջապահությունը:

Այսօր ոչ միայն մեր երկիրը, այլ նաև ողջ մոլորակը կանգնած է կլիմայական լուրջ մարտահրավերների առաջ, որոնք անխուսափելիորեն ազդելու են մեր կյանքի որակի վրա: Կարծես, ինչ-որ մի պահ մարդկությունն իր զարգացման ընթացքում շեղվել է բնության հետ ներդաշնակ լինելուց և հիմա անհրաժեշտ է շրջադարձ կատարել: Այդ պատճառով էլ IDeA հիմնադրամն ստեղծում է Climate Uturn (u-turn- թարգմ.՝ շրջադարձ) բնապահպանական հարթակը՝ մոլորակի հանդեպ մեր վերաբերմունքն ու վարքագիծը փոխելու նախագծերով:

Ամենօրյա գործողությունների գրեթե 50 տոկոսը մարդը կատարում է անգիտակցորեն: Ներդնելով «կանաչ» սովորություններ՝ Climate Uturn բնապահպանական հարթակը պլանավորում է ներգրավել մարդկանց խմբային գործողությունների կայուն մոդելներում, որոնք կարող են դրական ազդել շրջակա միջավայրի վրա: Բնապահպանական հարթակը կենտրոնանում է Հայաստանի համար կարեւոր երեք ուղղությունների վրա՝ թափոնների գոյացման կանխարգելում, կանաչ տարածքների ստեղծում ու վերականգնում, էներգիայի խնայողություն, փորձելով միասնական, ամենօրյա գործողությունների շնորհիվ արձանագրել արագ արդյունք: Նախատեսվում է նաև Հայաստանում սպառվող ապրանքնների և ծառայությունների էկոլոգիական չափանիշների ձևավորումը:

IDeA հիմնադրամն իր գործընկերների հետ դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 15- ին կյանքի է կոչել «Համաշխարհային մաքրության օրը» փորձառական նախագիծը՝ ներգրավելով ավելի քան 10 հազար կամավորների, մաքրելով շուրջ 300 տարածք ամբողջ Հայաստանով՝ այդ թվում Սևանա լիճը: