Մեր գործունեությունը

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2016 թվականին: Հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունը և գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է: FAST-ը մտադիր է համախմբել Հայաստանի, հայկական աշխարհի ու միջազգային համայնքի գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները:

Աշխարհն այսօր ապրում է հերթական հեղափոխությունը, որի խթանը այնպիսի բեկումնային նորարարական տեխնոլոգիաներ են, ինչպիսիք են արհեստական բանականությունը, ռոբոտաշինությունը, ամպային հաշվողական տեխնոլոգիաները, մեծածավալ տվյալների մշակման հնարավորությունները (big data), սինթետիկ կենսաբանությունը և էներգիայի նոր աղբյուրները:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է որպես տեխնոլոգիական և գիտական շրջադարձային նշանակության ձեռքբերումները Հայաստանի հիմնարար գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական (STEM) ավանդույթների վերածնման միջոցով երկիր բերելու, նորարարությունների համար նպաստավոր միջավայր ստեղծելու, գիտությունների և տեխնոլոգիաների ոլորտում կրթության զարգացման, ինչպես նաև վենչուրային կապիտալի գործուն էկոհամակարգի ձևավորման հարթակ:

Հիմնադրամի առանցքային խնդիրներից մեկը տեխնոլոգիաների և գիտության ոլորտների առաջադեմ մասնագետների ներգրավմամբ Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական և գիտական հայտնագործությունների և զարգացման կենտրոնի վարկի բարձրացումն է:

Հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունը և գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է: Առաքելության խնդիրներից ելնելով՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) նպատակ ունի.

ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼ մի շարք առաջադեմ նորարարությունների, գյուտերի և բազմաշահառու նախագծերի հիմքում ընկած ռեսուրսները,

ՀԱՄԱԿԱՐԳԵԼ գիտնականների, գյուտարարների և գործարարների գործունեությունը՝ նպաստելով նրանց ձեռքբերումների արդյունավետության բարձրացմանը և ազդեցության մեծացմանը Հայաստանում և աշխարհում,

ԽԹԱՆԵԼ միջազգայնորեն մրցունակ գիտական ձեռքբերումների և տեխնոլոգիաների զարգացման ուղիների ձևավորումը:

Հիմնադրամի համահիմնադիրներն են Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից, Հայր Մեսրոպ Արամյանը՝ «Այբ» և «Լույս» հիմնադրամների կողմից, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում ձեռնարկատեր Արթուր Ալավերդյանը:

Նորարարական էկոհամակարգերի մասնագետ, գործարար, գիտությունների թեկնածու Արմեն Օրուջյանը Հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրենն է: Պարոն Օրուջյանը ձեռներեցության առաջատար հարթակներից մեկը հանդիսացող, ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական հարցերի վարչության և հանրային տեղեկատվության վարչության, ինչպես նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հետ խորհրդատվական կարգավիճակով գործակցող «Աթգո» կորպորացիայի հիմնադիրն ու նախագահն է:

«Առաջնորդվելով հիմնադիրների տեսլականով, ինչպես նաև օգտագործելով պատմության ընթացքում Հայաստանի և աշխարհի հայերի գիտական նվաճումները և համաշխարհային ռեսուրսների հասանելիությունը՝ Հիմնադրամն ի զորու է նպաստել Հայաստանը առաջատար գիտական և նորարարական բաց կենտրոններից մեկը դարձնելու գործին: Ես վստահ եմ, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս բեկումնային ամենաառաջադեմ նորարարությունների ձևավորման կենտրոն»,-նշել է Արմեն Օրուջյանը: