Ով ենք մենք

Հիմնադիրները

Հիմնադրելով IDeA-ն՝ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը ձեռնամուխ եղան Հայկական աշխարհի ապագան փոխելու առաքելությանը:

Գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը որոշեցին ստեղծել IDeA հիմնադրամը՝ սոցիալական ձեռներեցությունը խրախուսելու և սոցիալ- տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի կայունությունն ապահովելու նպատակով։ Իրենց ընտանեկան՝ RVVZ հիմնադրամի միջոցներով Ռուբենը և Վերոնիկան հոգում են IDeA հիմնադրամի գործառնական ծախսերը՝ զուգահեռաբար ընդլայնելով նվիրատուների ու գործընկերների շրջանակը՝ IDeA-ի ռազմավարական ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու համար:

IDeA հիմնադրամի ստեղծման ակունքներում «Հայաստան-2020» ծրագիրն է, որը մշակվել էր 2000-ականներին և նպատակ էր հետապնդում մինչեւ 2020 թ.-ը բացահայտել Հայաստանի զարգացման հնարավոր սցենարները: Արդյունքում սահմանվեցին Հայաստանի համար ռազմավարական մի շարք գերակայություններ: «Հայաստան-2020» ծրագիրն ընդլայնվեց՝ վերանվանվելով «Հայաստան-2031»: Ծրագրի ռեսուրսները կուղղվեն Հայաստանի երկարաժամկետ զարգացման հնարավորությունների ռազմավարա-կան վերլուծությանը:

Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը սոցիալական ձեռներեց, հանրօգուտ ներդրող և վենչուրային բարերար է։ Նա ծնվել է Հայաստանում, հաջողության հասել Ռուսաստանում և իրականացնում է միջազգային նախագծեր։ Համաշխարհային տնտեսության, ձեռներեցության և կրթության ոլորտներում ճանաչված փորձագետ լինելով՝ Ռուբեն Վարդանյանը ռազմավարական խորհրդատվություն է տրամադրում առևտրային ընկերություններին, ոչ առևտրային կազմակերպություններին, կրթական հաստատություններին, հասարակական և մասնագիտական կառույցներին՝ անդամակցելով դրանց տնօրենների, հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդներին։ Դրանց թվում են «Ազնավուր» հիմնադրամը, բիզնես դպրոցներ Ռուսաստանում և Բրազիլիայում, Հայաստանում ֆինանսական ոլորտի առաջատար Ամերիաբանկը, ռուսական ավտոարդյունաբերության հսկա ԿԱՄԱԶ-ը։ Լինելով Ռուսաստանի ճանաչված ներդրումային բանկիրներից մեկը, ում անունն ուղղակիորեն կապված է ռուսաստանյան ֆինանսական աշխարհի պատմության հետ՝ Ռուբեն Վարդանյանն իր գործընկերների հետ իրականացնում է լայնածավալ առևտրային («Տրոյկա Դիալոգ» և «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ներդրումային ընկերություններ) և լայն ազդեցություն ունեցող սոցիալ-ձեռնարկատիրական նախագծեր։ Դրանց թվում են՝ Արևելյան Եվրոպայում UWC կրթական ցանցի առաջին դպրոցը՝ UWC Դիլիջանը, «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը, որի շրջանակում կառուցվել է աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, որը տանում է դեպի Տաթևի վանական համալիր։

Գործընկերների տարբեր խմբեր Ռուբեն Վարդանյանի և Վարդանյան ընտանիքի հետ ավելի քան 600 միլիոն դոլար են ներգրավել Ռուսաստանում առաջին մասնավոր բիզնես-դպրոցի ստեղծման՝ ծավալի և ազդեցության տեսանկյունից բացառիկ այս նախագծի համար, ինչպես նաև ներդրել են շուրջ 600 միլիոն դոլար՝ Հայաստանում սոցիալ-ձեռնարկատիրական նախագծերի իրականացման համար։ 2015թ․-ին պարոն Վարդանյանն իր գործընկերների հետ հիմնել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որի մաս է կազմում «Ավրորա» մրցանակը։ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից` և ի երախտագիտություն նրանց փրկողների: Ռուբեն Վարդանյանն իր ժամանակի նշանակալի մասը նվիրում է այն ծրագրերին, որոնք առնչվում են Ռուսաստանում բարեգործական ենթակառուցվածքների զարգացման (Philanthropy Infrastucture-PHILIN), ժառանգորդության և ունեցվածքի կառավարման հարցերին (Phoenix Advisors): Պարոն Վարդանյանի, «Տրոյկա Դիալոգի», ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես դպրոցի և մի քանի բարեգործական հիմնադրամների աջակցությամբ Ռուսաստանում հրատարակվել է համաշխարհային բիզնես-գրականության դասականը։ 2016 թ․-ից Ռուբեն Վարդանյանը գլխավորում է PwC «Ռուսաստանում տարվա գործարար գիրք» ամենամյա մրցանակի ժյուրին։

Վերոնիկա Զոնաբենդ

Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանում UWC Դիլիջան դպրոցի հիմնադիր գործընկերն է եւ տնօրենների խորհրդի նախագահը: Դպրոցն Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ տարածքում առաջին կրթական հաստատությունն է, որը միացել է «Աշխարհի միացյալ քոլեջներ» ցանցին։

Տիկին Զոնաբենդը զբաղվում է բարեգործությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով համաշխարհային կրթության առաջխաղացման նախագծերին։ Ռուբեն Վարդանյանի հետ միասին նրանք հիմնել են RVVZ եւ IDeA հիմնադրամները, որոնք կյանքի են կոչում երկարաժամկետ, կայուն զարգացմանը միտված բարեգործական ծրագրեր Հայաստանում եւ Ռուսաստանում։ Տիկին Զոնաբենդը UWC International ցանցի (Մեծ Բրիտանիա) եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Նա գլխավորում է «Դասավանդիր Հայաստան» (Teach For Armenia) կրթական հիմնադրամի տնօրենների խորհուրդը։

Ավելի վաղ՝ 2000-ական թվականներին, նա զբաղվել է գործարարությամբ եւ ծրագրեր իրականացրել հյուրընկալության, կինոարտադրության ոլորտներում։ Այդ ծրագրերից մեկը «Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի» գեղարվեստական ֆիլմի համատեղ արտադրությունն է, որի ցուցադրությամբ 2009 թվականին փակվեց Կաննի կինոփառատոնը:

Մինչ այդ տիկին Զոնաբենդը մի քանի տարի աշխատել է բանկային համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ Տվերունիվերսալբանկի արտարժույթի բաժնի տնօրենի տեղակալի պաշտոնը։ Աշխատանքային գործունեությունը նա սկսել է 1990 թվականին Ռուսաստանի Ավիացիոն համակարգերի գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ աշխատել է որպես ինժեներ։

Վերոնիկա Զոնաբենդը գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, սովորել է Լոնդոնի Տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում:

2014 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի կրթության բնագավառի զարգացման, միջազգային գիտակրթական համագործակցությանը նպաստելու, ինչպես նաեւ Դիլիջանում միջազգային դպրոցի կառուցման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։