Գյումրին ընդգրկվել է մեր զբոսաշրջային և քաղաքաշինության զարգացման թիրախային ուղղություններում իր ռազմավարական աշխարհագրական դիրքի՝ միջազգային օդանավակայանին, ինչպես նաև հիմնական մայրուղիներին և երկաթուղային գծերին հասանելի լինելու, հարուստ մշակութային և պատմական ժառանգության գրավչության, արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտի և շատ այլ գործոնների շնորհիվ:
Գյումրիի զարգացման ծրագիրը առանձնահատուկ ռազմավարական կարևորություն ունի մեզ համար: Այն հանդիսացել է «Հայաստան 2020» նախագծի իրականացման հինգ առանցքային ուղղություններից մեկը դեռևս այն պահից, երբ մենք՝ գործընկերներ ներգրավելով, առաջին անգամ Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի ուրվագծման սցենարներն էինք մշակում: Վերջին 18 տարվա ընթացքում մեր նախաձեռնած բոլոր նախագծերը ուղղակիորեն բխել են «Հայաստան 2020» նախագծից:
2018թ.-ին IDeA-ն հանդես եկավ նոր նախաձեռնությամբ՝ վերակառուցելու Գյումրիի «Բարեկամություն» զբոսայգին: Այս նախագծով IDeA-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ հզորացնելու տեղի համայնքը, զարկ տալու սոցիալական և տնտեսական փոփոխություններին և նպաստելու Գյումրիի կայուն զարգացմանը: Սա յուրահատուկ նախագիծ է, որը ներառում է կոմերցիոն, սոցիալական և մշակութային բաղադրիչներ՝ հիմնված մասնավոր-հանրային գործընկերության մոդելի վրա:
Հայաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում մեր և մեր գործընկերների կողմից իրականացվող նախաձեռնությունների մեծ մասին միավորում է երախտիքի և համընդհանուր համերաշխության գաղափարը: Մենք հույս ունենք, որ այս նախաձեռնության շնորհիվ շատերը կհավատան և իրենց օրինակով ցույց կտան օգնության կարիք ունեցողներին ձեռք մեկնելու կարևորությունը՝ ի հիշողություն նրանց, ովքեր ժամանակին օգնել են իրենց: Այս կերպ, մեր համոզմամբ, բարության շղթան շարունակվում է և կարող է միավորել տարբեր երկրների տարբեր մշակույթների մարդկանց:
«Բարեկամության» զբոսայգու նախագիծը Գյումրիում կարող է լինել նման ոգեշնչող նախաձեռնություններից մեկը: Այն պարզապես զբոսայգու վերակառուցման նախագիծ չէ. այն արտահայտում է «Երախտագիտությունն՝ ի գործ» խորհուրդը բոլոր նրանց, ովքեր քաղաքի պատմության ընթացքում օգնության ձեռք են մեկնել բնակիչներին՝ օգնել ապագային նայելու և այն կառուցելու հույսով: Զբոսայգին կդառնա բազմաթիվ դժվարություններ կրած, բայց իր հմայքը չկորցրած քաղաքի վերածննդի և հույսի խորհրդանիշ։
2019 թ.-ի հոկտեմբերին առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում Գյումրիում տեղի ունեցավ «Բարեկամություն» զբոսայգու վերականգման նախագծին նվիրված հանդիսավոր միջոցառումը:
Համայնքի կարիքներին արդյունավետ ծառայող զբոսայգի նախագծելու նպատակով քննարկումներ են կազմակերպվել քաղաքի բնակիչների լայն շրջանակի հետ։ Այդ քննարկումների արդյունքում քարտեզագրվել են քաղաքի հիմնական խնդիրները և զբոսայգու բաղադրիչները: Այս քննարկումների, ինչպես նաև մեծածավալ ուսումնասիրությունների հիման վրա նախագծվել են այգու հիմնական կոմպոնենտները:
Իրագործելիության բազմամյա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 1988թ.-ից ի վեր Գյումրին բաժանվել է միմյանց չկապված գոտիների: Մենք կարծում ենք, որ զբոսայգին կապ կստեղծի պատմական կենտրոնի, արդյունաբերական և բնակելի գոտիների միջև: Իր կենտրոնական տեղակայման շնորհիվ տարածքը հարուստ է բազմազան այցելուների հոսքերով, այդ թվում՝ բնակիչների, համալսարանի և քոլեջի ուսանողների, դպրոցականների և հիվանդանոցների այցելուների:
Զբոսայգին ներկայումս զբաղեցնում է 7.2 հա տարածք։ Նախագծի հիմքում ընկած են երեք առանցքային ուղղություններ.
Իր կյանքի կոչման բոլոր փուլերում զբոսայգին կունենա սոցիալ-տնտեսական ազդեցություն՝ սկսած շինարարության ընթացքում աշխատատեղերի ստեղծումից և տնտեսական ներդրումներից, շարունակելով մշտական տեղական աշխատատեղերի ստեղծմամբ, նոր ձեռնարկությունների ստեղծման ու ընդլայնման աջակցմամբ, ինչպես նաև զբոսայգու գործունեության ընթացքում զբոսաշրջիկների թվի աճով պայմանավորված՝ տեղական տնտեսության խթանմամբ:
Միջնադարում Անին կարևոր մայրաքաղաք էր, որը կապում էր արևելքի և արևմուտքի, հյուսիսի ու հարավի առևտրային ուղիները: Այն Հայկական աշխարհի կենտրոններից էր, սակայն 1045թ. այս քաղաքի անկմամբ աստիճանաբար սկսվեց Հայաստանի պետականության կորստի գործընթացը։
Կյանքի կոչվող այս նախագծի նպատակն է ստեղծել ժամանակակից դիտակետ, որը թույլ կտա հիանալ միջնադարյան Անիի տեսարանով:
Անին 2016թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Անիի դիտակետը նոր զբոսաշրջային վայր կդառնա՝ գրավելով աշխարհի տարբեր անկյուններից ժամանած այցելուների:
Նախագիծն արդեն գրավել է մի քանի միջազգային կազմակերպությունների ուշադրությունը, ծրագրվում է սկսել դրա իրականացումն այս շահագրգիռ կողմերի հետ: Այն ներառում է դիտակետի և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում՝ ճանապարհ դեպի դիտակետ, կայանատեղի, սրճարաններ, զբոսայգի և այլ հարմարություններ:
Նախագծի հայեցակարգը ամենասկզբնական փուլում է:
2015 թվականին «IDeA» հիմնադրամը, Քոլոլյան ընտանիքի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայ օգնության միության (ՀՕՄ) հետ միասին աջակցեց «Հույս» Գյումրիի շենացման ծրագիր (ՀԳՇԾ) հիմնադրամի (Gyumri Project Hope, GPH) ստեղծմանը: ՀԳՇԾ-ի նպատակն էր իրականացնել Գյումրի քաղաքի տնտեսական և ենթակառուցվածքային հնարավորությունների ուսումնասիրություն և միջազգային լավագույն փորձի հիման վրա առաջարկել քաղաքի վերափոխման իրագործելի ծրագիր:
Այդ ժամանակից ի վեր մեր կողմից ակտիվ աշխատանքներ են տարվել Գյումրիում՝ ներգրավելով նաև տեղի համայնքին, նպատակ ունենալով ուսումնասիրել ու հասկանալ 1988թ-ի ավերիչ երկրաշարժից հետո քաղաքի զարգացման և կենսագործունեության ուղղությունները: Անգամ այն ժամանակ, հուսակորույս թվացող մի քաղաքում, մենք զգացինք յուրահատուկ մարտական ոգի և վերածննդի պատրաստակամություն:
2016 թ․-ին ՀԳՇԾ հիմնադրամը հրապարակեց «Գումրիի ռազմավարական զարգացում» հետազոտությունը: Փաստաթղթի առաջնային նպատակն էր վերլուծել Գյումրիին վերաբերող մարտահրավերները և հնարավորությունները: Բացի այդ, հետազոտության նպատակն էր առաջարկել արդյունավետ լուծումներ զարգացման ոլորտում: Առաջարկված նախագծերից մի քանիսը կոչված էին խթանել տնտեսական աճը զբոսաշրջիկների հոսքի ավելացման, քաղաքի վերափոխման և մշակութային զարգացման շնորհիվ:
ՀԳՇԾ հիմնադրամի հետազոտության շոշափելի արդյունքներից մեկը դարձավ «Կումայրի վերածնունդ» ծրագիրը, որը 2017 թ․-ին արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը: Ուժերի համախմբման արդյունքում ՀԳՇԾ հիմնադրամը կարողացավ ՀՀ կառավարության, միջազգային ֆինանսական հաստատությունների, ինչպես նաև զարգացման միջազգային կազմակերպությունների ուշադրությունն ուղղել քաղաքում ներդրումների իրականացմանը: Սկսած 2017թ.-ի փետրվարից Կումայրի թաղամասում վերականգնվել է մի քանի փողոց, իսկ պատմական նշանակության շենքերը գրավել են բազմաթիվ մասնավոր ներդրողների արժանի ուշադրությունը:
Երեք տարում իրականացված լայնածավալ ուսումնասիրությունների շնորհիվ «Հույս» Գյումրիի շենացման հիմնադրամը հավաքել է և թվայնացրել տվյալներ քաղաքի պատմական կենտրոնում պահպանված բոլոր շենքերի մասին, առաջարկել է դրանց պահպանման և վերականգնման մեթոդներ, ինչպես նաև տպագրել է «Պատմական ժառանգության պահպանման» ուղեցույցը: Այդ աշխատանքների արդյունքում մշակվել են նաև Կումայրի պատմական թաղամասի որոշ փողոցների գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագիծ առաջարկներ՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա: