Հոկտեմբեր 19, 2015

Այստեղ ենք, ողջ ենք, և աշխարհին շատ բանով ենք նպաստում

Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ իր հիմնական խնդիրն է համարում հասարակության անվստահության հաղթահարումը, «որպեսզի օգնեմ մարդկանց ավելի լավ հասկանալ միմյանց»: Այդ մասին նա ասել է Ստամբուլում հրատարակվող Agos թերթին տված հարցազրույցում:

Agos թերթ Ո՞վ է Ռուբեն Վարդանյանը ԶԼՄ-ների ներկայացրածից դուրս:

Ես շարքային, սովորական մարդ եմ: Եւ ինչպես բոլորը՝ ես էլ ներսումս ունեմ ինձ ուղղորդող մի ուժ, որին ‹‹միջուկային ռեակտոր›› եմ կոչում: Ոմանց մեջ այդ ուժն ավելի աշխույժ է արտահայտված, ոմանց մոտ՝ ոչ: Առանց այդ ուժի դժվար է կոտրել շուրջդ գոյացած պատերը, փոխել աշխարհն ու հասնել մեծ հաջողության: Շատ կարևոր է, որ ամեն մարդ գտնի այն, ինչ երջանկացնում է իրեն: Ինձ համար ամենակարևոր ուղղորդիչը միշտ եղել է անհնարինը հնարավոր դարձնելը, իսկ իմ հիմնական խնդիրն է հաղթահարել հասարակության անվստահությունը, որպեսզի օգնեմ մարդկանց ավելի լավ հասկանալ միմյանց: Եւ սա անում եմ տարբեր մեթոդներով՝ համագործակցային առևտրական և սոցիալ-բարեգործական ծրագրերով, գիտաժողովների միջոցով հաղորդակցության հարթակներ ստեղծելով, ևն: Հատևաբար իմ բոլոր ծրագրերը, թեև թվացյալ շատ տարբեր են, բայց նույն նպատակն են հետապնդում. փորձել փոխել աշխարհն ու տարածությունն իմ շուրջ և փորձել համոզել ինձ և մյուսներին, որ անհնարինը հնարավոր է, որ ամեն ինչ կախված է մեզանից:

Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել Դիլիջանի միջազգային դպրոցը:

Ես և կինս նախագծի շուրջ սկսեցինք խորհել 2006-ին, երբ մեր երեխաների համար կրթության հնարավորություններ էինք փնտրում: Աշխարհում ավելի քան 20 դպրոց այցելեցինք՝ ուսումնասիրելով նրանց փորձը: Այսպես ծնվեց Դիլիջանում միջազգային դպրոց հիմնելու գաղափարը: Երբ Վերոնիկան հայտադիմումը ներկայացրեց Միջազգային բակալավրիատ կազմակերպությանը (IBO), նրան տեղեկացրեցին, որ մեր գաղափարներն ու առաքելությունը գրեթե ամբողջությամբ համընկնում է Միացյալ համաշխարհային քոլեջների (UWC) գաղափարներին և առաքելությանը: Կար ևս մեկ երջանիկ պատահականություն. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական գծով փոխնախագահ Մանֆրեդ Շեպերսը, ով այսօր մեր դպրոցի կառավարիչների խորհրդի հոգաբարձուներից և անդամներից մեկն է, Միջազգային համաշխարհային քոլեջների (UWC) շրջանավարտ է և խորհրդի անդամ: Հանդիպման ժամանակ ինձ պատմեց համակարգի մասին և այն նպաստների մասին, որ այս դպրոցը կբերի Ռուսաստանին և հետխորհրդային շրջաններին: 2013թ. մեր դպրոցը UWC անդամ և գոյության առաջին իսկ տարվանից միջազգային դպրոց դարձավ. 48 երկրից 96 երեխա ընդունվեց: Այս տարի արդեն 64 երկրի ներկայացուցիչ է ուսանում:

Ստամբուլի Բիենալում ներկայացված հայ արվեստագետների աշխատանքներին եք աջակցություն ցուցաբերում: Այս աշխատանքների, ինչպես նաև Դիլիջանի արվեստի նախաձեռնության մասին ավելի մանրամասն կպատմե՞ք:

Կցանկանայի նշել, որ Ստամբուլի 14-րդ Բիենալի հայկական ծրագիրը ներկայացնում է շատ ոչ հայերի, ովքեր իրենց աշխատանքները նվիրել են հայոց ցեղասպանությանը: Ինչպես արդեն նշեցի՝ գործընկերների հետ միասին իմ իրականացրած ծրագրերը մի խնդրի լուծման տարբեր մեխանիզմներ են: Դիլիջանի արվեստի նախաձեռնությունը նույնպես միտված է միավորելու մարդկանց: Սա շահույթ չհետապնդող ծրագիր է, որի նպատակն է Դիլիջանի և ամբողջ Հայաստանի զարգացման համար հիմք ստեղծելը: Ծրագրի նպատակն է խթանել հայակական մշակույթն աշխարհում և աջակցել հայկական սփյուռքի արվեստագետների աշխատանքների ներկայացմանը առաջատար համաշխարհային ցուցահանդեսներին և մշակութային միջոցառումներին:

Կցանկանայի՞ք աջակցել Թուրքիայի արվեստագետների և հաստատությունների աշխատանքներն ու արտադրությունները, որոնք հայերի, հայկական մշակույթի և պատմության մասին են:

Այո, իհա՛րկե: Սա հատուկ տարի է, և մեզ համար կարևոր էր, որ Ստամբուլի Բիենալն արտացոլի նաև հայոց ցեղասպանության թեման:

Ինչպիսի՞ն են Ձեր դիտարկումները Ստամբուլի այցից: Ի՞նչը զարմացրեց կամ հիասթափեցրեց ձեզ:

Սա իմ առաջին այցն է Ստամբուլ, և իսկապես հավանեցի այն: Հատկապես շատ հետաքրքիր էր բիենալի շրջանակներում մեզ հետ աշխատող երիտասարդներին՝ կամավորներին, ուղեցույցներին լսելը: Նրանց հայացքներն ու բաց մտածելակերպը տպավորիչ էին: Իսկ չհավանեցի քաղաքի՝ մեծ չափերի հասնող աղտոտվածությունը:

Ինչպե՞ս ծնվեց ‹‹100 կյանք›› նախագծի գաղափարը: Ցեղասպանության մասին փրկողների և վերապրածների շուրջ խոսելն ինչպե՞ս կնպաստի վերականգնմանը:

Ինչպես գիտեք՝ նախագիծը ‹‹ծնվեց›› իմ ընտանիքի պատմությունից: Հիմնական հաղորդագրությունը, որ ցանկանում էի այս նախագծով փոխանցել, այն էր, որ շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ օգնել են հայերին փրկվելու: Եւ, չնայած հայերին բնաջնջելու բոլոր փորձերին, մենք ողջ ենք, հասել ենք հաջողության և աշխարհին շատ նպաստ ենք տվել ամենատարբեր ոլորտներում:

Ձեր պապը ցեղասպանությունը վերապրածներից մեկն էր: Ձեզ իր պատմությունը պատմե՞լ է: Ի՞նչ ազդեցություն է ունեցել այդ պատմությունը Ձեր կյանքի վրա:

Իմ պապը իր վերապրածների մասին շատ քիչ էր խոսում: Նա ապաստանում է մեծացել և չէր սիրում հիշել և խոսել այդ մասին: Իր կյանքի պատմությունը լսել եմ ոչ թե իրենից, այլ ազգականներից և ընկերներից: Իմ կյանքի որոշակի փուլում հասկացա, որ պապս փրկվել էր ինչ-որ մեկի օգնությամբ, և լցվեցի այլ մարդկանց օգնելու ցանկությամբ:

Կարդացել եմ, որ ձեր որդու հետ մագլցել եք Արարատ լեռը: Ի՞նչ զգացիք Ձեր պապերի, տատերի հողում:

Պետք է ասեմ, որ դժվար էր մագլցել լեռը իմ քաշի պատճառով, էլ չխոսեմ ձնաբքի մասին: Բայց ուրախ եմ, որ կարողացանք հաղթահարել բոլոր մարտահրավերները: Մի անգամ խոստացել էի իմ պապին, որ կմագլցեմ Արարատը, և ինձ համար շատ կարևոր էր պահել այդ խոստումը:

Սփյուռքում և Թուրքիայում հայոց ցեղապանության հարյուրամյակի հետ կապված Ձեր դիտարկումներն ու զգացողությունները: Թուրքիայում հայոց ցեղասպանության մասին ավելի բաց խոսելու հարցում փոփոխություններ նկատու՞մ եք:

Կարծում եմ՝ սեփական անցյալն ընդունելը շատ կարևոր է թուրք հասարակության համար: Ցեղասպանության մասին խոսելը հայ-թուրք ժողովուրդների հարաբերությունները քննարկել չէ. այն անհրաժեշտություն է, որպեսզի Թուրքիայի հասարակությունը պատասխանի իր իսկ անցյալի հարցերին:

Հաշտեցման Ձեր մոտեցումն ինչպիսի՞ն է: Ինչքանո՞վ կարող է արվեստը դեր խաղալ հաշտեցման և անցյալիի առերեսման հարցում:

Արվեստը եզակի մի ուժ ունի, որը միավորում է տարբեր մշակույթների, տարիքային խմբերի պատկանող և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մարդկանց, քանի որ արվեստը համընդհանուր լեզու ունի: Արվեստը պատմության և քաղաքականության ‹‹հիվանդությունները›› ստեղծագործական մոտեցմամբ հետազոտելու հիմք կարող է ստեղծել: Ավելին՝ այն ուսանելու ուղիներից մեկն է, և ժամանակակից արվեստն ունի հսկայական կրթական ներուժ: Իսկ կրթությունն ապագայի ստեղծման համար հզոր գործիք է: Դիլիջանի արվեստի նախաձեռնության մեր ծրագիրը մարմնավորում է բոլոր այդ տարրերը. միջանձնային և միջմշակութային կապեր և կրթություն:

Որպես գործարար, այսօրվա համընդհանուր բիզնես աշխարհի ներկայացուցիչ՝ ինչքանո՞վ է կարևոր ձեզ համար մի կողմից ունենալ ժառանգություն և որպես հայ Ձեր ուսերին կրել պատմության ծանրությունը, մյուս կողմից՝ արվեստը և ընդհանուր մշակութը խրախուսելով՝ մարդկության ապագայի համար ներդրումներ անել:

Կարծում եմ՝ պետք է հիմնվել անցյալի և կենտրոնանալ ապագի վրա:

Դուք Հայաստանում իրականացրել եք այնպիսի ծրագրեր, ինչպիսին են Տաթևի վերածնունդը, UWC Դիլիջանը: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի այսօրվա և հետագա սոցիալ-տնտեսական վիճակը:

Հավատում եմ Հայաստանի պայծառ ապագային:

Նոր նախագծեր, ծրագրեր և երազանքներ ունե՞ք մոտ ապագայի համար:

Շատ կարևոր է ոչ միայն երազել, այլ նաև իրականացնել այդ երազանքները: Հիմա պետք է իրականացնենք արդեն սկսած ծրագրերը: Բայց պետք է երազել շարունակաբար:

Ի՞նչ խորհուրդ կտաք հայ երիտասարդներին:

Հավատացե՛ք ինքներդ ձեզ

Վերադառնալ ցուցակ