Հունվար 19, 2017

Վերոնիկա Զոնաբենդ. «Ամենակարեւորը ոչ թե հաջողակ, այլ երջանիկ լինելն է»

UWC Դիլիջան քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդի հարցազրույցը Seasons ամսագրին:

UWC Դիլիջան քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ, Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը պատմել է Seasons ամսագրին կրթության ոլորտում գլոբալ միտումների ու առաջատար մոտեցումների, UWC Դիլիջան քոլեջի համար լավագույն մանկավարժների ընտրության եւ այն մասին, թե ինչու է երջանկությունը կարեւոր հաջողակ լինելուց:

-Ներկայում ծնողների կրթական հիմնական պահանջն այն է, թե ինչպես զարգացնել երեխայի մոտ առաջնորդի որակները, որպեսզի նա հաջողակ մարդ դառնա։ Ի՞նչ եք Դուք հասկանում հաջողակ ասելիս:

-Ամենակարեւորը ոչ թե հաջողակ, այլ երջանիկ լինելն է։ Մի՞թե մենք մեր երեխաներին առաջին հերթին երջանիկ չենք ուզում տեսնել։ Իսկ հաջողությունը ուղեկցում է նրանց, ովքեր սիրած գործով են զբաղվում։ Ցավոք, մենք ապրում ենք աղավաղված արժեհամակարգով հասարակությունում, որտեղ հաջողակ լինելը որոշվում է արտաքին և խիստ ստանդարտացված չափանիշներով։

Մարդիկ ավելի շատ մտահոգ են, թե ինչ տպավորություն են թողնում ուրիշների վրա, փոխարենը զբաղվեն իրենց ներաշխարհը հարստացնելով։ Սակայն անհնար է սեփական կյանքն ուրիշի նմանությամբ կառուցել։ Կարողանալ արարել. սա է իրական ուրախության աղբյուրը, և յուրաքանչյուր մարդ ունակ է արարել։ Սպառողական և նվազագույն ջանքերով արագ արդյունքի ձգտող մեր հասարակությունում կարեւոր է պահպանել ճիշտ ուղենիշները։ Գուցե այդ ժամանակ մեր շուրջ կպակասեն դժբախտ եւ կյանքից դժգոհ մարդիկ։

-Ինչպե՞ս կփոխվի կրթությունն ապագայում։

-Տեսեք, թե ինչ սրընթաց է փոխվում աշխարհը․ մեզ համար սովորական թվացող մասնագիտությունների 80%-ն անցյալի գիրկն է անցնում, առաջ են գալիս նոր մասնագիտություններ։ Նոր ձեւավորվող գիտություններում, որոնք առաջացել են տարբեր ոլորտների սահմանագծին (օրինակ՝ կենսատեխնոլոգիան, որն ակտիվորեն զարգանում է վերջին հինգ տարիների ընթացքում), պրոֆեսիոնալները խիստ պահանջված են։ Սակայն ներկայում ընդհանուր միտումը հետեւյալն է. որակավորված մասնագետ լինելը դեռ բավարար չէ, անհրաժեշտ է լինել իսկապես լավ կրթված մարդ։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է տեղի ունենում ճարտարապետության ոլորտում․ նոր նյութերը թույլ են տալիս ամբողջովին նորովի աշխատել տարածության հետ:

Սակայն դրա համար ճարտարապետը պետք է ոչ միայն նկարել և նախագծել կարողանա, այլեւ խոր գիտելիքներ ունենա քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, հոգեբանության եւ այլ՝ առաջին հայացքից ստեղծարարության հետ կապ չունեցող ոլորտներում։ Միայն բազմակողմանի կրթված, մեծ մշակութային պաշարով զինված մարդը կկարողանա գտնել յուրահատուկ, ստեղծագործ լուծումներ։ Ստանդարտից դուրս մտածելն այսօր պահանջված է եւ, վստահաբար, պահանջված կլինի ապագայում։

Նոր իրականությունը, որում մենք արդեն ապրում ենք եւ որում ապրելու են մեր երեխաները, մշտապես զարգացում է պահանջում։ Ընդամենը քսան տարի առաջ մեր կրթությունն ավարտվում էր առավելագույնը քառասուն տարեկանում, եթե ինստիտուտից հետո որակավորման բարձրացման կուրսերի էինք հաճախում։ Այժմ դա անհնար է․ պահանջված լինելու համար անհրաժեշտ է անընդհատ զարգանալ, սովորել ամբողջ կյանքի ընթացքում, չվախենալ գործունեության բնույթը հիմնովին փոխելուց։ Ժամանակակից կրթությունը հիմնված է երեք հիմնասյուների վրա․ առաջինը լեզուն է՝ մշակութային կոդը, եւ բնականաբար ոչ մի էլեկտրոնային թարգմանիչ չի կարող փոխարինել մարդուն։ Երկրորդը մաթեմատիկան է՝ ունիվերսալ տրամաբանական գործիքակազմը։ Եվ երրորդը՝ պատմությունը, որը մարդկային հասարակության պատմության օրենքների ճանաչման միջոց է, և ոչ սոսկ տարեթվերի և իրադարձությունների շարան։ Կարևոր է սովորեցնել սինթեզել և վերլուծել տեղեկատվությունը։ Պետք է ուսումնասիրել, զգալ, լսել բնությունը, ինքդ քեզ, հասկանալ սեփական մարմինը: Եվ զարգացնել երեւակայությունը։ 

-Ձեր կարծիքով, ինչպիսի՞ հատկանիշներ է անհրաժեշտ զարգացնել ձեր ուսանողների մեջ՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները։

-Նոր պայմաններին հարմարվելու ունակությունը, ճկունությունը, ռիսկի դիմելու պատրաստակամությունը, ոչ ստանդարտ մտածողությունը, ցանկացած խնդրին ստեղծագործ լուծում տալու, սեփական մտքերը եւ գաղափարները լավ արտահայտելու կարողությունը հաջողության հասնելու պարտադիր բաղադրիչներն են։ Շատ կարեւոր է զարգացնել տարբեր սոցիալական խմբերի, ազգությունների եւ ռասաների հետ փոխգործակցելու հմտությունը։ Հենց այդ պատճառով ես ու ամուսինս, ավելի քան 20 կրթական հաստատություն այցելելուց հետո, ընտրեցինք UWC ցանցը։ Ցանցի գաղափարախոսությունը ոչ միայն ուսանողներին փայլուն կրթություն տրամադրելն է, այլև սովորեցնել վերջիններիս հասկանալ ուրիշ մշակույթի կրողներին՝ չկորցնելով սեփական ինքնությունը։ Դրա համար դպրոցը պետք է իսկապես միջազգային լինի։

Դիլիջանում սովորում են երեխաներ 72 երկրից։ Չեք պատկերացնի, թե ինչքան տարբեր երեխաներ են մեզ մոտ գալիս․ ոչ միայն աշխարհի տարբեր ծայրերից (ԱՄՆ-ից, Կանադայից, Եվրոպայից, Ասիայից և Աֆրիկայից), այլեւ տարբեր սոցիալական խավերից։ Ոմանք կյանքում առաջին անգամ են ինքնաթիռ նստել, որպեսզի Հայաստան գան, իսկ մյուսները մինչ այստեղ գալն արդեն շրջել են աշխարհով մեկ։ Մի սենյակում կարող են գտնվել երիտասարդներ այնպիսի երկրներից, որոնց միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, կամ դրանք ներքաշված են զինված հակամարտության մեջ: Օրինակ՝ Պաղեստինից, Իսրայելից, Թուրքիայից, Հայաստանից, Հնդկաստանից, Պակիստանից, ԱՄՆ-ից և Իրանից։ Նրանց համար «համաշխարհային քաղաքականություն» թեմայով դասերը ոչ միայն զուտ տեսական վարժանք են, այլեւ երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների վերաիմաստավորում: Այդ երկխոսություններն օգնում են կոտրել թշնամու կերպարը։ Դա լսելու, հակառակ կողմի տեսակետը հասկանալու, պայմանավորվել սովորելու եզակի հնարավորություն է։ Օրինակ՝ Թուրքիայից եկած ուսանողների համար 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության պատմությունը բացահայտում էր, իսկ շատ ամերիկացի և եվրոպացի ուսանողների վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ դրականորեն փոխվեց այլընտրանքային` իրենց երկրում լսածից տարբերվող կարծիք լսելու հնարավորության շնորհիվ։

Հետաքրքիր գործընթաց է տեղի ունենում, երբ այլ մշակույթներին և դրանց տարբերություններին հաղորդկացվելը թույլ է տալիս ավելի լավ ճանաչել ինքդ քեզ և սեփական մշակույթը։

UWC շարժումը ձեւավորվել է Սառը պատերազմի տարիներին, որպես փորձ՝ մեծացնելու մարդկանց նոր սերունդ, որի համար ուրիշի աշխարհայացքը հարգելն ընդհանուր մշակույթի անբաժանելի մաս է։ Այդ որակը երբեք չի դադարի արդիական լինել, քանի որ, այսօր, ցավոք, մենք կրկին ականատես ենք լինում գլոբալ քաղաքական կլիմայի սառեցմանը:

-Ի՞նչ պետք է հասկանան ծնողները, որոնք իրենց երեխայի համար կրթական ուղի են հարթում:

-Նրանք չպետք է մոռանան, որ ցանկացած կրթական գործընթացի նպատակը վարկանշային աղյուսակի առաջին տեղում հայտնվելը կամ ամփոփիչ թեստից 100 միավոր ստանալը չէ։ Կարևորը մարդու մեջ գիտելիքի հանդեպ հետաքրքրություն արթնացնելն է՝ ցույց տալ, որ սովորելը, նոր բան իմանալը, զարգանալը, ապրելը հետաքրքիր է։ Իսկ փայլող աչքերով և բաց սրտով մարդը միշտ կգտնի իր տեղը կյանքում։

Ինչպե՞ս անել դա։ Ես չեմ հավատում ունիվերսալ դեղատոմսերին։ Ամեն մեկն ունի իր կրթական ուղին եւ անձնական ներուժը, որը կարող է զարգացնել։ Եւ այստեղ ես նորից ու նորից պիտի կրկնեմ, թե որքան կարեւոր է սովորեցնել երեխաներին հասկանալ իրենց ուժեղ եւ թույլ կողմերը, գիտակցել եւ արտահայտել իրենց ցանկությունները, զարգացնել կարողությունները եւ կիրառում գտնել դրանց համար։

Ծնողները հաճախ են ղեկավարվում իրենց չիրագործված նկրտումներով՝ երեխային դրդելով ընտրել այն ուղին, որը, նրանց կարծիքով, հաջողության կտանի։ Սակայն ոչ բոլորը պետք է գնան նույն ճանապարհով, նույնիսկ եթե այն տանում է դեպի համալսարան։ Որքան շատ են հիմա հեղինակավոր բուհերի շրջանավարտները, որոնք, թանկարժեք եւ ջանքեր պահանջող կրթություն ստանալով, չեն կարողանում իրենց տեղը գտնել կյանքում միայն այն պատճառով, որ չգիտեն, թե իրականում ինչ են ուզում, եւ ի սկզբանե չեն էլ իմացել, թե ինչու են սովորում։ Առանց մոտիվացիայի, ցանկության, ոչինչ հնարավոր չէ անել։

-Այսինքն՝ ո՞չ բոլորին է անհրաժեշտ բարձրագույն կրթություն։

-Աշխարհում ձեռքերով ինչ-որ բան պատրաստող մարդկանց խիստ պակաս կա։ Չէ՞ որ դա նույնպես ստեղծագործ աշխատանք է՝ գտնել ոչ ստանդարտ լուծում, անել այնպես, ինչպես ոչ ոք չի անում։

Ֆինլանդիայում, որը կրթական ոլորտի առաջատար երկիր է համարվում, միջնակարգ դպրոցի շրջանավարտների 50%-ը 16 տարեկանում ընդունվում են մասնագիտական-տեխնիկական ուսումնարաններ։ Եւ դրանում որեւէ ողբերգական բան չկա, նրանց ոչ ոք չի պիտակավորում, ինչպես մեզ մոտ։ Նրանք ընտրում են հասարակության կողմից հարգված մասնագիտություններ։ Ժամանակակից բոլոր համակարգերից գլուխ հանող ջրմուղագործ լինելը նույնպիսի որակավորում է պահանջում, ինչպիսին պետք է մասնագիտություն ունենար ինժեները 20 տարի առաջ։ Այգեպան լինելու համար անհրաժեշտ է գլուխ հանել լանդշաֆտային ճարտարապետության վերջին միտումներից և կենսաբանություն իմանալ։ Եւ շատ կարեւոր է թույլ տալ երեխային ընտրել իր ցանկացած, իրեն հոգեհարազատ մասնագիտությունը՝ առանց մտածելու դա նորաձեւ է, թե ոչ, եւ ընդունել նրա ընտրությունը։

-Ինչպե՞ս եք հավաքում ուսուցիչների թիմը։

-Կրթական հաստատությունը նախեւառաջ ուսուցիչների եւ սովորողների համայնք է։ Ոչ մի գեղեցիկ շենք կամ գերժամանակակից սարքավորումներ չեն կարող ապահովել անհրաժեշտ ազդեցություն, եթե դպրոցում բացակայում է տնօրենի եւ մանկավարժական կազմի ձեւավորած ստեղծագործական մթնոլորտը։ Ցանկացած ուսումնական հաստատության հիմքը նախևառաջ լավ ուսուցիչներն են։ Նրանց չի փոխարինի ո՛չ ցնցող կամպուսը, ո՛չ էլ գերժամանակակից կրթական ծրագրերը։

Ցանկացած դպրոցի գլխավոր խնդիրն է գտնել ճիշտ ուսուցիչներ։ Չէ՞ որ ուսուցիչ լինելը չի նշանակում պարզապես աշխատել ժամը իննից վեցը։ Ուսուցիչը պետք է անձնազոհաբար կրթի եւ դաստիարակի։ Փաստացի դա ծառայություն է, որը բացարձակ նվիրում է պահանջում։ Նման մոտեցումը կյանքին այնքան էլ տարածված չէ մեր օրերում։ Մեր ուսուցիչներին մենք ընտրում ենք մարգարիտների նման ամբողջ աշխարհից։ Ինչպիսի՞ մարդկանց ենք փնտրում։

Մենք փնտրում ենք առաջին հերթին հետաքրքիր, ստեղծարար եւ բազմակողմանի կրթված անձանց, որոնք ոչ միայն պատրաստ են փոխանցել իրենց փորձն ու գիտելիքը, այլեւ իրենց եռանդն ու սերը տալ ուսանողներին, սովորեցնել նրանց սինթեզել տեղեկատվությունն ու ստեղծագործ մտածել։ Եւ կարեւոր չէ՝ ինչպես նրանք դա կանեն՝ ֆուտբոլի, մաթեմատիկայի, թե թատրոնի միջոցով։

Մեր դպրոցում մենք հրաժարվել ենք ամբիոնից դասախոսություն կարդալու համակարգից։ Շատ հաճախ ուսանողները դասի են գալիս արդեն պատրաստված, և ուսուցչից պահանջվում է վիրտուոզ կերպով քննարկում նախաձեռնել եւ վարել։ Մենք շատ ենք աշխատում լաբորատորիաներում, որպեսզի գիտելիքը լինի ոչ թե «թղթային», վերացական, այլ կենդանի։

Ֆիզիկայի ուսուցիչը աստղաֆիզիկայով հետաքրքրվող ուսանողների հետ նախաձեռնել էր Սթիվեն Հոքինգի հետ նամակագրություն, կենսաբանության ուսուցիչը երեխաների հետ ուսումնասիրում է երաժշտության ազդեցությունը տնկիների աճի վրա, թատրոնի ուսուցիչը Շեքսպիրի պիեսի հիման վրա ներկայացում էր բեմադրել, որում խաղում էին ոչ միայն դպրոցի ուսանողները, այլեւ դիլիջանցի երեխաները, իսկ բեմական հագուստները նախագծել եւ կարել էր արվեստի ֆակուլտետի ուսանողն իր ուսուցչի օգնությամբ։

Այսպիսի գործունեությունը հետաքրքիր է նաև հենց իրենց՝ մանկավարժներին, քանի որ նրանք ստեղծագործ, ոչ անտարբեր մարդիկ են, որոնք իրենց խանդավառությամբ եւ հետաքրքրությամբ վարակում են ուսանողներին, օգնում բացահայտել և զարգացնել նրանց բնատուր տաղանդները։ Լավ ուսուցիչը օրինակ է դառնում ուսանողների համար։ Հիշենք պատմության օրինակներից մեկը․ Ցարսկոյե սելոյի վարժարանը, որի փայլուն, նաեւ արտերկրում կրթություն ստացած մանկավարժները դաստիարակեցին Ռուսաստանի մտավորական վերնախավը, որն ապահովեց երկրի առաջընթացը գիտության, արվեստի, գրականության և դիվանագիտության ոլորտներում։ Ինչպիսի նոր տեխնոլոգիաներ էլ առաջ գան այսօր, կարեւորը մարդիկ են։ Նույնիսկ մեկ սրտացավ մարդը կարող է ներսից փոխել համակարգը, իսկ դա նշանակում է՝ ամբողջ աշխարհը։

Վերադառնալ ցուցակ