Փետրվար 09, 2017

Ռուբեն Վարդանյան. «Ավրորան» իրապես դարձել է համազգային նախագիծ

Tert.am-ի հարցազրույցը IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը Tert.am-ին:

-Չնայած Ձեր էներգիայի մեծ մասն ուղղել էիք մրցանակաբաշխության կայացմանը, այնուամենայնիվ, դեռ նախորդ տարի՝ մրցանակաբաշխության նախօրեին, խոստովանեցիք, որ դրա իրականացումն անիրատեսական էիք համարում: Ի՞նչ զգացիք ետնաբեմում, արդեն առանձնացած, երբ միջոցառումն ավարտվեց:

-Երբ արարողությունն ավարտվեց, մեր թիմի բոլոր անդամները, այդ թվում ես, զգացինք, որ իսկապես շատ ենք հոգնել. վերջին օրերին գրեթե չէինք քնել: Բավականին շատ դժվարություններ և բարդություններ եղան, ու չնայած դրանք, բարեբախտաբար, տեսանելի չէին հանդիսատեսի համար, մենք լիարժեք ուրախանալու հնարավորություն չունեցանք:

Երբ մրցանակի հավակնորդներին, դափնեկրին և հյուրերին ճանապարհեցինք, և ես գնում էի տուն, ինձ մոտեցավ շարքային երևանցի և ասաց խոսքեր, որոնք ինձ համար դարձան ամենակարևորը: Նա ասաց, որ արարողությունը դիտելով` հպարտություն է զգացել, որ հայ է:

Մենք ուզում էինք, որ մարդասիրության, երախտագիտության, ուրիշներին օգնելու և մարդկային ոգու հաղթանակի թեման արդիական դառնա ամբողջ աշխարհում, որ այն ընդունվի հայերի կողմից և դրդի մեզ վերաիմաստավորել ինքներս մեզ: «Ավրորան» շատ հավակնոտ նախաձեռնություն է, որը պահանջում է ահռելի և մշտական աշխատանք համաշխարհային մակարդակի խնդիրների և մարտահրավերների հետ, և մենք դեռ ճանապարհի ամենասկզբում ենք: Այդ երևանցու հետ հանդիպման պահին ես հասկացա, որ այն, ինչ մենք անում ենք, շատ-շատ կարևոր է, և մեր բոլոր ջանքերն իզուր չեն:

-Հիմա արդեն Հայաստանը և աշխարհն սպասում է երկրորդ մրցանակաբաշխությանը: Որո՞նք են այս պահի դժվարությունները և խնդիրները, ի՞նչն է Ձեզ գոհացնում այս տարվա մրցանակաբաշխության նախապատրաստական աշխատանքներում:

-Սա բացառիկ նախագիծ է, և չնայած անցյալ տարի մենք շատ բան հաղթահարեցինք, և թվում է, թե երկրորդ անգամ պետք է ավելի հեշտ լինի, մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առջև: Այսօր աշխարհը բախվում է բազմաթիվ ճգնաժամերի: Մենք տեսնում ենք, թե ինչպես են համաշխարհային էլիտաները լայնամասշտաբ ճգնաժամ ապրում, կորում է իշխանության և դրա ինստիտուտների հանդեպ վստահությունը, ավանդական բարոյական ուղենիշները փոփոխություն են կրում: Եվ մենք՝ հայերս, որպես այդ բոլոր «հիվանդություններն» իր մեջ հաղթահարող ազգ, պետք է աշխարհին օգնենք այս հարցում։ Այդ պատճառով չափազանց կարևոր է, որ «Ավրորան» դառնա գլոբալ մարդասիրական շարժում։ Դրա համար մենք դեռ պետք է ձեռնարկենք մի շարք կարևոր և սկզբունքային քայլեր, շարունակել մեր սկսածի զարգացումը և ճիշտ ընկալում ձևավորվել այն ամենի հանդեպ, ինչ անում ենք:

Այո՛, մեր վերապրած ողբերգությունը ճնշում է մեզ, և մենք պետք է հիշենք մեր անցյալը, սակայն պետք է նայել առաջ։ Ես վստահ եմ, որ մենք, որպես ազգ, շատ բան ունենք տալու աշխարհին, ինչպես բազմիցս արել ենք մարդկության պատմության ընթացքում։

Կարևոր է նաև պահպանել այն միջազգային չափանիշները, որոնք ի սկզբանե սահմանված էին. այս տարի նախաձեռնության մեջ ավելի մեծ թվով մարդիկ, երկրներ և նախագծեր են ներգրավված, և մենք պետք է այս ամբողջ ուղին արժանապատիվ անցնենք։ Չէ՞ որ «Ավրորա» նախաձեռնությունը միայն մրցանակ չէ։

Մրցանակաբաշխության արարողությունն ընդամենը սառցաբեկորի գագաթն է՝ լայն հանրությանն առավել տեսանելի մասը։ Ինչպես մրցանակաբաշխությունից առաջ, այնպես էլ հետո, մենք անցկացնում ենք հսկայական քանակությամբ միջոցառումներ. օրինակ՝ Մարդասիրության ցուցիչը, որը հատուկ ուսումնասիրություն է՝ նվիրված կարևորագույն մարդասիրական խնդիրների հասարակական ընկալմանը։ Aurora Dialogues քննարկումները, որոնք հրատապ խնդիրների քննարկման միջազգային հարթակ են։ Անցյալ տարի այն տեղի ունեցավ Մատենադարանում և հյուրընկալեց համաշխարհային առաջատար գործիչներին և բարեգործներին։

Բացի այդ, մենք հայտարարել ենք մի քանի ստեղծագործական մրցույթներ երիտասարդների համար, իրականացնում ենք մարդասիրական, կրթական և հետազոտական նախագծեր՝ օգնելու երեխաներին, փախստականներին և այլ խոցելի խմբերին ամբողջ աշխարհում։

Այս տարի մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության օրը։ Դրանով մենք ուզում ենք ցույց տալ, որ չնայած Ցեղասպանության հետևանքներին, Առաջին համաշխարհային պատերազմի ավերածություններին և զրկանքներին, ողջ մնացած հայերը չեն վախեցել հռչակել իրենց անկախությունը։ Նրանց արածը լավագույնն օրինակն է, թե ինչպես են աղետը վերապրած մարդիկ կարողացել արագ համախմբվել և ոտքի կանգնեցնել իրենց հայրենիքը։

Իսկ արարողության նախօրեին՝ մայիսի 27-ին, Դիլիջանի դպրոցի (UWC Dilijan - խմբ.) ավարտական երեկոն է: Իհարկե, հեշտ չէ՝ երկու մեծ ու կարևոր իրադարձություն միաժամանակ, չնայած դրանք իրար հետ կապված են։ Դպրոցում սովորում են երեխաներ 72 երկրից, և նրանցից շատերն այն տարածաշրջաններից են, որտեղ առկա են լուրջ քաղաքական, ռազմական և կրոնական ճգնաժամեր։ Ողբերգություն տեսած երեխաների համար «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության արժեքներն ու գաղափարներն ավելի մոտ և կարևոր են։

-Այս տարի մրցանակի համար առաջադրումների թիվն ավելացել է: Եվ չնայած մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան ավելի ուշ, նախապես կցանկանայինք իմանալ՝ ինչո՞վ են առանձնանում այս տարվա առաջադրվածները, կամ արդյո՞ք առանձնանում են նրանք: Որքանո՞վ են Ձեզ ոգևորում եղած պատմությունները:

-Այո՛, հավակնորդների անունները մենք կհայտարարենք ապրիլի 24-ին։ Մեզ շատ էր մտահոգում այն, որ երկրորդ անգամ կարող ենք ստանալ բազմաթիվ կրկնվող պատմություններ, և բացառիկ հերոսների թիվը կնվազի, չէ՞ որ առաջին տարում մեզ պատմում էին ոչ միայն վերջերս, այլև շատ տասնամյակներ առաջ տեղի ունեցած պատմություններ։ Մենք մտավախություն ունեինք, որ պատմությունները կլինեն միևնույն տարածաշրջանից, մասնավորապես՝ Աֆրիկայից, քանի որ այնտեղ ավելի շատ են իրավիճակները, երբ պահանջվում է միսիոներների և նրանց կարիքը, ովքեր փրկում են այլ մարդկանց։

Բարեբախտաբար, մեր մտավախությունները չարդարացան։ Երեք անգամ ավելի շատ առաջադրումներ ստացանք, քան անցյալ տարի, որոնցից ընտրվել են 254 բացառիկ թեկնածուներ, ինչը շատ կարևոր է։ Զգալիորեն ընդլայնվել է դիմողների աշխարհագրությունը, մարդիկ հայտեր են ուղարկել 66 երկրից՝ 13 լեզվով։ Առավել քանակությամբ առաջադրումներ ստացվել են Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Եգիպտոսից, Պակիստանից, Նիգերիայից, Ֆրանսիայից, Նեպալից, Քենիայից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից և Մեծ Բրիտանիայից։

Երբ կարդում ես այդ զարմանալի պատմությունները, հասկանում ես, որ այսօր, ապրելով քաղաքակիրթ հասարակության մեջ, դու պատկերացում չունես, թե ինչ է տեղի ունենում քո շուրջը։ Խոսքն ինչպես ստրկատիրության դեմ պայքարի, այնպես էլ երեխաների՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար հավաքագրելու մասին է, և այլ սարսափելի բաների, որոնք, ցավոք, մինչ օրս գոյություն ունեն:

-«Ավրորա» մրցանակը հիմնադրելով՝ Դուք նաև ցանկություն ունեք մտածողություն փոխել, ստիպել մեզ ազատվել զոհի բարդույթից և ինչպես «Ավրորա» մրցանակին հավակնողները, բազում դժվարություններից հետո նայել դեպի ապագան: Չնայած ես էլ կարծում եմ, որ դեռ շուտ է այդ հարցը Ձեզ ուղղել, բայց, այնուամենայնիվ, հարցնում եմ՝ որտե՞ղ եք հասել և ի՞նչ հաջողություններ եք այս նախաձեռնությունում Դուք գրանցել:

- Սա երկար գործընթաց է, և մենք բոլորս պետք է այն անցնենք։ Հաջողությունները կորոշվեն ոչ միայն այս արարողությամբ, այլև շատ ուրիշ նախաձեռնություններով։

Ես կարծում եմ՝ մենք իրոք շարժվել ենք առաջ։ Հավանաբար, ամենահետաքրքիրն այն է, որ իր գոյության առաջին տարվանից «Ավրորան» դարձել է այն նախաձեռնություններից մեկը, որը միավորել է հայերին և՛ Հայաստանից, և՛ Սփյուռքից, Արևմտյան և Արևելյան Հայաստանից։ Սա այն եզակի նախագծերից է, որն իրապես դարձել է համազգային, ոչ թե երկրի, այլ ամբողջ ազգի մակարդակով։

- «Ավրորա» մրցանակաբաշխությունը կարճ ժամանակամիջոցում արժանացավ աշխարհի շատ երկրների ուշադրությանը: Այս տարի մրցանակաբաշխությունում նոր տարրեր սպասվո՞ւմ են: Կուզեի նաև մանրամասնեիք այլ երկրներում կայանալիք միջոցառումների մասին, ի՞նչ ակնկալիքներ ունեք դրանցից:

-Չէի ցանկանա մրցանակաբաշխության որևէ բաղադրիչ բացահայտել, քանի որ հիմա ամենակարևորն է ստեղծել ավանդույթ, դնել հիմքը։

Ինչպես գիտեք, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նախատեսված է ութ տարվա՝ 2015-ից 2023 թվականների համար։ Դա խորհրդանշում է 1915-ից 1923 թվականներն ընկած ժամանակաշրջանը, երբ այս կամ այն ձևով տեղի էր ունենում հայերի բնաջնջում իրենց պատմական հայրենիքում։ Մենք ծրագրում ենք տարբեր միջոցառումներ ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս՝ Եվրոպայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում,ԱՄՆ-ում, որովհետև տեսնում ենք մրցանակի հանդեպ մեծ հետաքրքրություն տարբեր ինստիտուտների, կազմակերպությունների և երկրների կողմից։

Սակայն դեռ շուտ է դրա մասին խոսել, այժմ կարևոր է, որպեսզի այդ շարժմանը հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն։ Մենք տարբեր մրցույթներ ենք հայտարարել՝ լուսանկարչական, կարճամետրաժ ֆիլմերի մրցույթներ, «Ավրորայի» հերոսին նամակ գրելու հնարավորություն և երեխաների համար ստեղծագործական մրցույթ։ Մենք հույս ունենք, որ մարդկանց ներգրավվածությունն ավելի մեծ կլինի։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ոչ թե համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի, Վարդան Գրեգորյանի և Նուբար Աֆեյանի նախագիծն է, այլ բոլոր այն մարդկանց ընդհանուր նախագիծը, ովքեր իրականացնում են այն մեզ հետ: Շատ շնորհակալ եմ Սամվել Կարապետյանին, Արթուր Ջանիբեկյանին, Ալբերտ Ավդոլյանին, Վլադիմիր Ավետիսյանին, Սերգեյ Սարկիսովին և շատ ուրիշներին, այդ թվում՝ ոչ հայազգի նվիրատուներին, ովքեր աջակցում են այս նախաձեռնությանը։

- Չենք կարող ժխտել, որ աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի մասնակցությունը Ձեր նախաձեռնությունում, որպես «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, մեծ դեր ունեցավ մրցանակաբաշխության ճանաչման գործում: Կցանկանայի իմանալ՝ այս տարվա մրցանակաբաշխության և դրան վերաբերող միջոցառումների օրերին աշխարհի հայտնիներից ովքե՞ր կլինեն Հայաստանում, կա՞ն պայմանավորվածություններ այլ հայտնիների հետ:

- Համաձայն եմ, որ Ջորջ Քլունին մեծ դեր խաղաց, և սա բնական է հենց այն պատճառով, որ նա ակտիվ մասնակցում է գործընթացին։ Մենք նույնպես օգնում ենք իրեն. ես սատարում եմ իր Тhe Sentry նախաձեռնությունը, ինչպես նաև Ջորջի և իր գործընկերներ Մեթ Դեյմոնի, Բրեդ Փիթի, Դոն Չիդլի և այլոց հիմնած Not On Our Watch բարեգործական կազմակերպության խորհրդատվական խորհրդի անդամ եմ:

Մեր նախագծին մասնակցում են տարբեր մարդիկ, հայտնի և ոչ այնքան, բոլոր նրանք, ովքեր իրապես օգնում են նախագծին։ Մենք չենք ուզում, որ սա շոուի վերածվի, և կարևորում ենք հնարավորինս մեծ թվով մարդասիրական կազմակերպությունների մեզ միանալը։

Ամենագլխավորն այն է, որ մրցանակաբաշխությանը ներկա կգտնվեն այն մարդիկ, ովքեր, իրենց կյանքը վտանգելով, փրկում են մեծ թվով այլ մարդկանց, ինչպիսին է օրինակ Մարգարիտ Բարանկիցեն («Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը, ով մոտ երեսուն հազար երեխա է փրկել Բուրունդիի ցեղասպանության ժամանակ - խմբ.)։

- Դուք ասացիք, որ մրցանակներից մեկը, որով ավելացել է նախաձեռնությունների և միջոցառումների ցանկը, կոչվում է «Նամակ «Ավրորայի» հերոսին»։ Որպես զրույցի ավարտ, կցանկանայի նաև լսել Ձեր ուղերձը նրանց, ովքեր ուզում են «Ավրորայի» հերոս դառնալ։

- Շատ կարևոր փիլիսոփայություն կա այստեղ։ Ես չեմ կարծում, որ մենք բոլորս կարող ենք հերոսներ լինել, դա շատ բարդ է։ Այս մարդկանց կյանքը շատ ծանր է. իրոք դժվար է փրկել ուրիշներին՝ քեզ վտանգելով։ Կարևորը, սակայն, մասնակից լինելու զգացողությունն է ու այն, որ դու էլ կարող ես օգնել։

«Ավրորա» մարդասիրական ցուցիչի շրջանակում անցկացրած հարցումը ցույց տվեց, որ առկա է մեծ տարբերություն, թե մարդիկ ինչ են զգում հումանիտար խնդիրների հանդեպ և ինչ են պատրաստ ձեռնարկել դրանց լուծման համար։

Օրինակ՝ մարդկանց մեծ մասը կարեկցում է փախստականներին ու կարծում, որ նրանց պետք է օգնել, սակայն, միևնույն ժամանակ, մարդիկ կասկածում են, որ ունակ են ինչ-որ բան փոխել, ու գտնում են, որ հումանիտար խնդիրները պետք է լուծեն պետությունները և միջազգային կազմակերպությունները։

Հենց այս իմաստով էլ շատ կարևոր է, որ մարդկանց ներգրավվածությունն ու մասնակցությունն առավելագույնի հասնի։ Մենք հասկանում ենք, որ ոչ բոլորը կարող են հերոս լինել, ինչպես Մարգարիտը կամ բժիշկ Թոմ Քաթինան (Առաջին «Ավրորա» մրցանակի հավակնորդ. միակ բժիշկը, որը մշտապես բնակվում և աշխատում է Հարավային Սուդանի սահմանին և օգնություն է ցուցաբերում տեղի ավելի քան կես միլիոնանոց բնակչությանը - խմբ.)։ Եզակի են մարդիկ, որոնք իրական պայքար են մղում մարդասիրական խնդիրների համար, ու ցավոք, նրանց մասին քչերը գիտեն։ Բայց մենք կարող ենք նրանց օգնել, անել այնպես, որ իրենց պատմությունն էլ հայտնի դառնա հասարակության լայն շերտերին, որ այլոց հանդեպ անշահախնդիր ու անձնուրաց օգնությունը դառնա մեր կենսաձևի մաս։ Որ մենք ոչ միայն քննարկենք վերջին բամբասանքները, այլև իմանանք, թե ինչ է կատարվում աշխարհում, հպարտանանք նման մարդկանցով և հնարավորինս օգնենք նրանց։

Վերադառնալ ցուցակ