Մարտ 17, 2017

Ինչու՞ է Ռուբեն Վարդանյանը կարողանում տեսնել ապագան (և ի՞նչ է այնտեղ նկատել)

«Սկոլկովո»-ի համահիմնադիր Ռուբենը Վարդանյանը կարողանում է տեսնել ապագան։

«Սկոլկովո»-ի համահիմնադիր, «Տրոյկա-Դիալոգ»-ի նախկին գործադիր տնօրեն և ռուսաստանյան սոցիալական ձեռներեցության առաջամարտիկներից մեկը՝ Ռուբենը Վարդանյանը, կարողանում է տեսնել ապագան։ GQ-ն նրա հետ զրուցել է այն մասին, թե ինչպես կարող է բիզնեսը փրկել աշխարհը, ինչու է մահվան մասին մտածելը նորմալ, և ամենակարևորը` ինչու է այս ամենը նրան պետք։

Ռուբեն Վարդանյանը ապագան մի քանի տասնամյակ ավելի առաջ տեսնել կարողացել  է դեռևս այն ժամանակ, երբ տասնհինգ տարեկան էր։ «Ավարտում եմ դպրոցը, հետո ՄՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետը, հետո դասավանդում եմ երևանյան բուհերից մեկում, ինչպես հայրս։ Տանը կրկին մոտ», – հազիվ ժպիտը զսպելով հիշում է իր հստակ պլանը քառասունութամյա Ռուբեն Վարդանյանը։ Այստեղ սովորաբար գրում են  «բայց ինչ-որ բան այնպես չընթացավ», կամ ուղղակի հնչում է ba-dum-tss ձայնը։

Բայց իրոք ինչ-որ բան սխալ գնաց․ ԽՍՀՄ-ը փլուզվեց, պլանային տնտեսությանը փոխարինելու եկավ շուկայականը։

Եվ ահա արդեն 22 տարեկանում ՄՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի շրջանավարտ Ռուբեն Վարդանյանը ստաժավորում է անցնում իտալական Banca CRT-ում, դառնում է նորաստեղծ «Տրոյկա-Դիալոգ»-ի առաջնային տեղաբաշխման բաժնի ղեկավար, իսկ 23-ում՝ մի բրոքերական ընկերության ղեկավար, որը փաստացի ձևավորում է շուկան, ու 2011 թվականին կվաճառվի Սբերբանկին ավելի քան 1 մլրդ դոլարով։ Ba-dum-tss: 

Ռոմանովյան նրբանցքի «Դոլմամա» ռեստորանի սրահում իմ առջև նստած է «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ներդրումային ընկերության ղեկավարը, մի մարդ, ում կարողությունը Forbes-ը գնահատում է 0,95 մլրդ դոլար։ Նա Ջորջ Քլունիի և Գերման Գրեֆի ընկերն է, նա չորս զավակ ունի։ Նման մարդկանց մասին Ռուսաստանում սովորաբար ասում են՝ «ամեն ինչի հասել է»․ կարող է հանգստանալ և ապրել արտասահմանում։ Ռուբեն Վարդանյանն իրոք շատ ժամանակ է անցկացնում Ռուսաստանի սահմաններից դուրս․ մի օր Բրազիլիայում է, մի քանի օր՝ Հայաստանում, իսկ մեր հանդիպման նախօրեին ԱՄՆ-ից էր վերադարձել։ Սրանք ճամփորդություններ չեն, այլ նախագծերով պայմանավորված այցելություններ։

Իրեն նախընտրում է անվանել սոցիալական ներդրող և ձեռներեց՝ եզր, որ Ռուսաստանում այնքան էլ չի ասոցացվում միջազգային թռիչքների և հոլիվուդյան աստղերի հետ համագործակցության հետ։

2010-ականների ռուսաստանյան բիզնեսմենների շրջանում մարդասիրությունը և բարեգործությունը հազվագյուտ երևույթ չեն։ Օրինակ՝ Զիավուդին Մոգամեդովը, որի հետ Վարդանյանը ՄՊՀ հանրակացարանի նույն սենյակում է ապրել, վերակառուցել է Մեծ թատրոնը։ Բայց Վարդանյանի դեպքում ամեն ինչ այլ է։ Նա այդպես էլ ասում է․ «Եթե ես այդ ճամփորդությունները ընկալեի որպես աշխատանք, դժվար թե ինձ մոտ այդքան հեշտ ստացվեր, իսկ ես ուղղակի այդպես եմ ապրում, ինձ համար հարմարավետ է»։ Եվ դա կոկետություն չէ։ Նրա սոցիալական ծրագրերը հենց նրա շարունակությունն են, նրա բնավորության և մտածելակերպի շարունակությունը։

Օրինակ՝ 30 տարեկանում նա հասկացել է, որ ժամանակն է կտակ գրելու։ «Դա ոչ թե մահվան մասին մտքերից էր դրդված, այլ մտահոգությունից, թե ինչպես են ապրելու իմ երեխաները, ինչ եմ ես նրանց թողնելու»։

Ասում եմ՝ ապագային այդպես նայելը, թերևս, բնորոշ է և՛ հրեա, և՛ հայ տղամարդկանց։ Իմ հայրը, ով հայ է, սիրում էր (և սիրում է) սկսել «այ ես չեմ լինի» խոսքերից։ Վարդանյանն ի պատասխան ծիծաղում է․ «Երբեք հարցին այդ տեսանկյունից չեմ նայել»։

Նա անձամբ նման մոտեցումը նմանեցնում է սամուրայների փիլիսոփայությանը։ Ի վերջո, կտակի և ժառանգության մասին մտքերից է ծնվել Phoenix Advisors ընկերությունը։ Վարդանյանն ասում է, որ առաջին անգամ վերջին հարյուրամյակի ընթացքում մեր երկրում կստեղծվի իրավիճակ, երբ իր սերնդի գործարարները 10-20 տարի հետո իրենց երեխաներին թողնելու բան կունենան։ Ժառանգման շուկա և մշակույթ Ռուսաստանում փաստացի չկա, և Վարդանյանը Phoenix Advisors-ը գլխավորող Օլեգ Ցարկովի հետ միասին (մի մարդու, որը երկրում առաջին անգամ  IPO է կազմակերպել) պատրաստվում են դա փոխել։ Փորձել պատասխանել այն հարցին, թե «ինչ թողնել քեզանից հետո» ոչ միայն նյութական, այլև հոգևոր իմաստով, պլանավորել ժառանգականությունը և կապիտալի կառավարումը՝ այս բիզնեսը ուղղված է փաստացի նոր ինդուստրիայի ստեղծմանը այն ռուսաստանցիների համար, ովքեր իրենց երեխաներին փոխանցելու բան ունեն։

Ժառանգման հարցերը Վարդանյանի համար ոչ միայն նյութական, այլև մտավոր հարթության վրա են գտնվում, այդ պատճառով նա «Տրոյկայի» իր նախկին գործընկերների հետ ստեղծել է «Երազանքից էլ վեր» կրթաթոշակային ծրագիրը, որպեսզի աջակցի տաղանդավոր ուսանողներին՝ ֆինանսիստներին, մաթեմատիկոսներին և տնտեսագետներին, որոնք կժառանգեն այն ամենը, ինչ Վարդանյանն ու գործընկերները մի ժամանակ սովորել են։

Եվս մի օրինակ․ պատկերացրեք 2000-ականների սկզբի թեժ սպառողական բումը։ Վարդանյանի խավի մարդիկ հաճույքով իրենց վաստակածը ծախսում են սկզբում «Осень»-ում, հետո՝ «Зима»-ում։ Օթյակի գինը հասնում է 50 հազար դոլարի, ազատ տեղ չկա։ Վարդանյանն ինքն էլ չէր հրաժարվի դիսկոտեկ գնալուց, նույնիսկ կռվի բռնվելուց, բայց այդ ամենն արդեն եղել է երևանյան դպրոցում։ 2005 թվականին Վարդանյանը, արտասահմանում բիզնես կրթություն ստանալուց հետո, սկսում է մտածել Ռուսաստանում բիզնես-դպրոց հիմնելու մասին և Անդրեյ Ռապապորտի, Միխայիլ Կուսնիրովիչի, Գերման Գրեֆի, Լեոնիդ Միխելսոնի, Գոռ Նահապետյանի և այլ համախոհների հետ միասին ներդրում է կատարում՝ հիմնադրելու «Սկոլկովո»-ն։

Նրանք միանգամից որոշել էին, որ բիզնես-դպրոցում կրթված կադրերի գիտելիքները պետք է ոչ միայն միջազգային մակարդակի լինեն (դա ենթադրում է ցանկացած նման բիզնես-դպրոց), այլև կարողանան մտածել և աշխատել ռուսական իրականության մեջ, զարգացող տնտեսության պայմաններում։ Այսօր «Սկոլկովո»-ում ուսում է ստացել դիպլոմային ծրագրերի 1500 ունկնդիր, իսկ դպրոցի հոգաբարձուների միջազգային խորհրդում եղել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Կուան Յուն։ Ի սկզբանե ոչ ոք չէր հավատում, որ խոշոր գործարարները կկարողանան միասին ներդնել իրենց անձնական միջոցներն ընդհանուր նախագծում, բայց Ռուբենին հաջողվել է նրանց համոզել։ 

Ինչ են անում սկոլկովոցիներն ուսումնառության ընթացքում, դուք կարող էիք կարդալ GQ-ի հունվարյան համարում։ Ե՛վ Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Վասիլի Ծերեթելին, և՛ Բինբանկի նախագահի խորհրդական Ալեքսանդր Զայցևը այն ժամանակ ասում էին նույնը․ «Սկոլկովո»-ն սովորեցնում է կառուցվածքային մտածել, չտարանջատել գիտելիքները հումանիտարի և տեխնիկականի։ Այդ մոտեցումը մեծամասամբ Ռուբենին է պատկանում, նա է տեսնում աշխարհն առանց կարերի»։

Ինչպե՞ս է ընդհանրապես նրա մտքով անցել ստեղծել առաջին ռուսական միջազգային բիզնես-դպրոցը «յուղոտ» 2000-ականների թեժ պահին։ Վարդանյանն ընդհատում է․ «Ասել, արդյոք դպրոցը ստեղծվել է, թե ոչ, կարելի է 2025 թվականից ոչ շուտ, առայժմ այդ նախագիծն ընթացքի մեջ է»։ Դե ինչ։

Վարդանյանը սիրած հնարք ունի, ես այն կենդանի եմ տեսել, տպավորիչ էր։ «Սկոլկովո» բիզնես-դպրոցի տասնամյակի ժամանակ բանավեճերից մեկի ընթացքում նա լսարանին խաղ առաջարկեց։ «Խնդրում եմ ձեռք բարձրացնել այն մարդկանց, ովքեր վստահում են տասը և ավելի մարդկանց», – դիմեց նա լսարանին։ Բարձրանում է մի քանի անվստահ ձեռք։ «Իսկ հիմա նրանց, ովքեր վստահում են հինգ մարդու»։ Ձեռքերը շատանում են։ «Շնորհակալություն։ Իսկ հիմա նրանց, ովքեր երեք կամ ավելի քիչ մարդու են վստահում»։ Ավելի շատ ձեռքեր են բարձրանում։ Նույն հարցերի շարքը տրվում է սոցիալական ինստիտուտների հանդեպ վստահության վերաբերյալ։ Երբ հաշիվը երկու դեպքում էլ հավասարվում է մեկի, գրեթե բոլորը ձեռք են բարձրացնում։ Ինչը և պահանջվում էր ապացուցել։ «Մենք ապրում են վստահության շատ նեղ շառավղում։ Եվ դա հիմնարար խնդիր է։ Մեզ թվում է, որ հենց սկսում ենք վստահել, խոցելի ենք դառնում։ Եթե ոչ ոքի չենք հավատում, մենք չենք ուզում ռիսկի դիմել և անել ավելին», – ասում է նա։

Վարդանյանը ամենաշատը գնահատում է հենց վստահությունը։ Նրա բոլոր սոցիալական նախագծերում ընդգրկված են ընտանիքի անդամները և բազմաթիվ գործընկերներ, որոնց մասին կարող է վստահ ասել՝ նրանք արժևորում են իրենց համբավը և աշխարհը փոխելու հնարավորությունը։ Նրա բարեգործական հիմնադրամների դոնորների թվում են նաև «Տրոյկայի» նախկին գործընկերները, ինչպես նաև նույն Գերման Գրեֆը, Միխայիլ Կուսնիրովիչը, Սամվել Կարապետյանը, Ալբերտ Ավդոլյանը, Վալենտին Զավադնիկովը, Վլադիմիր Ավետիսյանը, Արթուր Ջանիբեկյանը և Սերգեյ Սարկիսովը։ Տրամաբանական է աշխատել այն մարդկանց հետ, որոնց ճանաչում ես, բայց Վարդանյանը առաջարկում է մոտենալ այլ տեսանկյունից․ դա չի նշանակում, որ «փողոցից» մարդիկ երբեք չեն կարող նրա մոտ հայտնվել։ Նրա հետ աշխատել կարող են այն մարդիկ, ովքեր պատրաստ են այնքան հեռու նայել, որքան ինքը։ «Որքան բարձր է վստահության աստիճանը, այնքան ցածր են կորուստները։ Վստահելով, մարդիկ շատ ավելին են անում, քան պարտավոր են։ Իսկ վստահությունն առաջին հերթին հիմնված է գիտելիքի վրա», – ասում է Վարդանյանը։

Առայժմ ռուսական բարեգործական ասպարեզում և՛ մեկի, և՛ մյուսի պահանջ կա։ Հասկանալով դա՝ Վարդանյանը գործընկերների հետ հիմնել է Philin-ը, որը ռուսական հիմնադրամների և ոչ առևտրային կազմակերպությունների բեք օֆիսն է։

Ոմանք փրկում են մարդկանց, մյուսները հոգ են տանում նրանց տնտեսական արդյունավետության մասին․ հենց սա է Վարդանյանի մտածելակերպի առանձնահատկությունը՝ համակարգային մտածողությունը։ 

Մինչ նա պատմում է նախագծի մասին, ինձ հանգիստ չի տալիս մի միտք։ Երկիրը ողողած բողոքի ակցիաներին ի պատասխան 2012 թվականին Ռուսաստանը խստացրեց ոչ առևտրային կազմակերպություններին վերաբերող օրենսդրությունը։ Տեղի ունեցան ստուգումներ, դատական գործեր, բնապահպանների, իրավապաշտպանների և նրանց գործընկերների համար սահմանվեցին չափազանց բարձր տուգանքներ։ Բազմաթիվ կազմակերպություններ փակվեցին, միայն թե «օտարերկրյա գործակալի» ստորացուցիչ պիտակը չկրեն։ Թվում է՝ Վարդանյանը էսկապիզմով է զբաղվում, միայն թե հաշվի չառնի այս իրողությունը, կառուցի իր սեփականը։ Նա պատասխանում է, որ այստեղ հակասություն չկա, միայն թե պետք է ավելի հեռուն նայել։ Կարելի է ստեղծել բացառապես ռուսական սոցիալական ձեռներեցության համակարգ, բայց կարելի է նաև հաստատել հորիզոնական կապեր և սերտաճել մնացած աշխարհի հետ։

Ընդհանրապես, Վարդանյանը շատ է սիրում խոսել այն մասին, թե որքան կարևոր է հայրենիքի հետ կապը չկորցնելը, բայց միաժամանակ աշխարհին սերտաճելը։ Նա մի եզր գործածում, որը որպես մարդասեր շատ է սիրում՝ glocal (global և local բառերից), որը օգտագործվում է և «Սկոլկովո» բիզնես-դպրոցում։

Այդ սկզբունքով է աշխատում նաև մեկ այլ նախագիծ՝ UWC Dilijan  դպրոցը Դիլիջանում, որտեղ, ինչպես հայտնի է «Միմինո» ֆիլմի շնորհիվ, խմելու ջուրն իր որակով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում։ Այս դպրոցի մասին ամենալավը Վերոնիկա Զոնաբենդն է պատմում՝ Ռուբենի կինը, որը նույնպես միշտ աշխատել է ֆինանսական ոլորտում։ «Դիլիջանում միջազգային դպրոցի ստեղծման գաղափարը ծագեց իմ և ամուսնուս գլխում, երբ մենք սկսեցինք մտածել մեր երեխաների կրթության մասին։ Մեզ համար կարևոր էր ուսուցիչների և աշակերտների միջազգային կազմը, բարձր ակադեմիական մակարդակը և հավասարակշռությունը ակադեմիական գիտելիքի, սոցիալական ակտիվության և ընկալման միջև։ Այդպիսին պետք է լինի անհատականությունը։ Կրթության գոյություն ունեցող համակարգը ստեղծվել է արդյունաբերական հասարակության կարիքներին համապատասխան, իսկ տեղեկատվական հասարակությունը լիովին այլ մոտեցում և այլ կարողություններ է պահանջում»։

Այդպես էլ ծնվեց Դիլիջանի դպրոցը։ Այսօր այնտեղ սովորում են ուսանողներ աշխարհի 72 երկրից, այդ թվում Եվրոպայից, Ավստրալիայից, Ասիայից և Աֆրիկայից, 95%-ը՝ լրիվ կամ մասնակի կրթաթոշակով։ Ապագայում նախատեսվում է Դիլիջանում ստեղծել կրթական կլաստեր։ Կարելի է ասել, որ դեռահաս Վարդանյանն այնքան էլ չէր սխալվել իր ծրագրերում։ Ի վերջո նա վերադարձավ հայրենիք, թեկուզ և տեղի ու արտասահմանյան բիզնեսի հետ միասին այստեղ միջազգային դպրոց ստեղծելու համար, որը հետխորհդրային տարածքում առաջինը մտավ United World Colleges ցանցի մեջ։ 

Վարդանյանի ցանկացած նախագիծ այնպես է կառուցված, որ նրա այլ նախագծերի հետ էկոհամակարգ կազմի։ Նույն Դիլիջանի դպրոցը մասնակցում է Ռուբենի մեկ այլ նախաձեռնության՝ Aurora Humanitarian Initiative-ի բարեգործական ակցիաներին, որը նա զարգացնում է Նուբար Աֆեյանի և Վարդան Գրիգորյանի հետ։

Մարդասիրության և մարդկային արժեքներ քարոզող Aurora Prize մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմում է ընդգրկված Ջորջ Քլունին։ «Ավրորա»-ն համաշխարհային մարդասիրական շարժում հիմնելու փորձ է, և նույնպես glocal․ ուղղված է դեպի աշխարհը, բայց պահպանում է հայկական ինքնությունը։ Շարժման ակունքներում 1915 թվականի ողբերգական դեպքերն են՝ Ցեղասպանությունը, որի զոհ են դարձել մեկուկես միլիոն հայ։ Կենդանի մնացածներն իրենց կյանքով պարտական են այն մարդկանց հերոսությանը, ովքեր միջամտել են կատարվածին։

Հարյուր տարի անց «Ավրորա»-ն շարունակում է պատմել մերօրյա փրկվածների և նրանց փրկողների պատմությունները։ Ամեն տարի Aurora Prize-ի դափնեկիրը ստանում է 100 հազար դոլարի դրամաշնորհ։ Իր հերթին դափնեկիրը իր հումանիտար գործունեությունը ոգեշնչած կազմակերպություններին ներկայացնում է 1 մլն դոլարի չափով մրցանակի համար։

Ռուբեն Վարդանյանին իր նախագծերով կարելի է ընկալել որպես հարուստ իդեալիստ, վիզիոներ, որը պատրաստ է հարմարավետության գոտուց դուրս գալ։ Նրան այդպես նույնիսկ ավելի հեշտ կլինի, ոչ ոք չի խոչընդոտի նրա գործունեությանը։ «Որոշում կայացողներից շատերը դժվարությամբ կարող են պատկերացնել, թե ինչ կլինի մի քանի շաբաթ անց։ Եվ ահա նրանց մոտ է գալիս մի մարդ, որը ուզում է մի նախագիծ համաձայնեցնել, որը 20 տարուց է աշխատելու։ Նրանք մտածում են՝ կարծես թե վնաս չկա, թող անի։ Այդպես էլ պատահեց «Տրոյկայի» հետ։ 1990-ականներին հանցագործները մեզ մոտ չէին գալիս, որովհետև չէին հասկանում, թե ինչով ենք զբաղվում․ աշխատում էինք արտասահմանցիների հետ, կանխիկ գումարերի հետ չէինք աշխատում, կեղտոտ պատմությունների մեջ չէինք մտնում», – ծիծաղելով ասում է Ռուբենը։

Ինչի՞ն է պետք այս ամենը։ Ռուբենը մտքերի մեջ է ընկնում՝ խոշոր ձեռքի մեջ հայկական ձևով պատրաստած սուրճը պահելով․ «Ինձ համար իրոք կարևոր է իմանալ, թե ինչ աշխարհում են ապրելու իմ երեխաները»։ Եվ այս խոսքերը պաթոսով չեն հնչում, ինչպես սովորաբար լինում է։ Դա ուղղակի նրա էության շարունակությունն է՝ ձեռներեցի, սիրող հոր, տնտեսագետի, ի վերջո՝ հայի։

«Պատկերացրեք, ճապոնացի տղան ավարտի Դիլիջանի դպրոցը, դառնա հաջողակ ձեռներեց կամ ինչ-որ խոշոր ընկերության ղեկավար, և երբ նրան հարցնեն, թե որտեղ է սովորել, պատասխանի, որ Դիլիջանում։ Չէ՞ որ հենց ուսումն է միշտ մնում հիշողության մեջ։ Դա երկարաժամկետ ներդրում է», – ժպտում է Ռուբենը։ Որպեսզի 15 տարի հետո ամբողջ աշխարհում իմանան, թե որտեղ է Սան-Ֆրանցիսկոյից հետո ամենալավ ջուրը և ամենալավ միջազգային դպրոցներից մեկը։ Նույնպես վատ նպատակ չէ։ 

Վերադառնալ ցուցակ