Մայիս 26, 2017

Հայաստան․ ամռան ամենագրավիչ ուղղությունը

Վերոնիկա Զոնաբենդը պատմել է, թե ինչու է Հայաստանը ամռան ամենագրավիչ ուղղությունը:

Վերոնիկա Զոնաբենդը «Տատլեր» ամսագրին պատմել է իր ամուսնու՝ սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանի պատմական հայրենիքի՝ Հայաստանի մասին:

Ես դժվարանում եմ Հայաստանին նայել զբոսաշրջիկի աչքերով: 2000 թվականին ես գործընկերներիս հետ բացեցի այստեղ իմ առաջին բիզնեսը՝ «Կակտուս» ռեստորանը (այժմ այն «Դոլմամայի» հետ միասին քաղաքում ամենահին ռեստորաններն են): Այն ժամանակ՝ 2000-ականների սկզբին, ես գրեթե ամեն շաբաթ Հայաստանում էի լինում, նույնիսկ ավելի հաճախ, քան Ռուբենը: Օդանավի բիզնես-դասում հաճախ ես միակ կինն էի լինում, և տղամարդիկ մեծ հետաքրքրությամբ էին ինձ նայում, բայց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցներն ընդունում էին հարազատի պես:

Մի անգամ ամուսնուս հետ միասին այցելեցինք Հայաստան, վարորդը կանգնած սպասում էր «Վերոնիկա +1» ցուցանակով; Ռուբենը երկար ծիծաղում էր:

Հին օդանավակայանը խորհրդային կոնստրուկտիվիզմի հրաշալի հուշարձան է, իսկ նորը 2013 թվականին ճանաչվեց ԱՊՀ և Բալթյան երկրների օդանավակայաններից լավագույնը: Ես գրեթե երբեք այստեղ VIP-ծառայություններից չեմ օգտվում: Ինչպես ժամանելիս, այնպես էլ մեկնելիս բոլոր ընթացակարգերը շատ հարմար են կազմակերպված ՝ անձնագրային հսկողության անցումն, օրինակ, երբեք քսան րոպեից ավել չի խլում:

Ճիշտ է, երբեմն VIP-ծառայություններն օգնում են: Այդպես եղավ անցյալ տարի, երբ Երևանում անցկացվում էր «Ավրորա» առաջին մրցանակաբաշխությունը (Aurora Prize-ը միջազգային մարդասիրական մրցանակ է, որի համահիմնադիրներից մեկն է Ռուբեն Վարդանյանը, մրցանակաբաշխությունը տեղի է ունենում գարնանը. ծան.՝ «Տատլերի»):

Արարողությանը որպես ժյուրիի համանախագահ ժամանել էր Ջորջ Քլունին, ինչպես նաև արտասահմանցի այլ հյուրեր, և VIP-ծառայությունը շատ օգտակար եղավ: Երբ մենք Հայաստան ենք բերում մարդկանց, ովքեր այստեղ չեն եղել, ինձ հնարավորություն է ընձեռվում երկրին նայել զբոսաշրջիկի աչքերով: Նրանցից շատերը կանխակալ կարծիք ունեն, թե հայտնվելու են Մերձավոր Արևելքում: Ճարտարապետությամբ և կյանքի ոճով կատարելապես եվրոպական քաղաքում հայտնվելով՝ նրանք հաճելիորեն զարմանում են:

Պետք է խոստովանեմ, որ առաջին անգամ Հայաստանում եղել եմ Ռուբենի հետ ծանոթանալուց շատ առաջ. բարձր դասարաններում մեզ այնտեղ էին տարել էքսկուրսիայի: Հանրապետության մայրաքաղաքն ինձ հմայել էր, քանի որ տարբերվում էր խորհրդային գորշ քաղաքների ֆոնին իր տոնական մթնոլորտով, հյուրընկալությամբ, ինչպես նաև կյանքի բացարձակ ոչ սովետական ոճով՝ բացօթյա սրճարաններով և ժպտերես, բարեհամբույր անցորդներով:

90-ականների սկզբին ես եկա Երևան ամուսնուս հետ՝ որպես «հարսնացու հյուսիսից»: Մենք ապրում էինք Ռուբենի ծնողների տանը՝ Չարենցի փողոցում: Տունը Ռուբենի հայրը՝ ճարտարապետ Կառլեն Վարդանյանն էր կառուցել:

Դժվար ժամանակներ էին. էլեկտրականությունն ու ջուրը ժամով էին տալիս: Երեկոյան ժամերին փողոցում պետք էր լապտերներով քայլել, իսկ շուրջբոլորը չլուսավորված ուրվական-տներ էին: Դա շատ սարսափելի զգացողություն էր ստեղծում, կարծես համաշխարհային աղետից հետո աշխարհի մասին պատմող ֆիլմում գտնվեինք:

Իհարկե, հիմա Երևանը լիովին ուրիշ քաղաք է: Տոնի զգացողությունը վերադարձել է: Սակայն կորուստներից խուսափել չհաջողվեց: Խորհրդային կոնստրուկտիվիզմի որոշ հուշարձաններ՝ կենտրոնական փակ շուկան, կրկեսը (իմ սկեսրայրի նախագծով կառուցված), ոչնչացվեցին: Հույս ունեմ, որ օդանավակայանի շենքին կհաջողվի խուսափել այդ ճակատագրից: Հանճարեղ Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված քաղաքի կենտրոնը մտածված էր որպես միասնական անսամբլ: Այն ունի երկու էպիկենտրոն՝ Հանրապետության հրապարակը և Օպերայի շենքը, որոնք միացված են Հյուսիսային պողոտայի առանցքով: Դրա շնորհիվ Երևանն ունի իր յուրահատուկ դիմագիծը, ինչը չես ասի ժամանակակից քաղաքների մեծ մասի մասին, որոնք Դուբայի տարատեսակ կրկնօրինակներն են:

Բացի Օպերայից, որը ես շատ եմ սիրում, ինձ դուր է գալիս Կասկադը, որը վերակառուցել է Գաֆեսճյանի հիմնադրամը: Այնտեղ հենց փողոցում կարելի է տեսնել Բոտերոյի, Ֆլանագանի և հանրահայտ այլ արվեստագետների քանդակները: Կասկադից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Սիրահարների այգում, որն ավելի քիչ է հայտնի, սակայն որը ես շատ խորհուրդ կտայի այցելել, շուտով կտեղադրվի ազգությամբ լիբանանցի հայտնի քանդակագործ Նադիմ Քարամի աշխատանքներից մեկը՝ փղի քանդակը: Ե՛վ Կասկադը, և՛ Սիրահարների այգին հին կառույցներին նոր շունչ հաղորդելու լավ օրինակ են:

Տարվա տաք եղանակներին և ձմռանը քաղաքը բոլորովին տարբեր է լինում: Ձմռանը կարծես թե չորանում և քուն է մտնում, մարդիկ երկու անգամ պակասում են: Իսկ ամռան ամիսներին այստեղ շատ զբոսաշրջիկներ և հայեր են լինում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Լիբանանից: Նրանք գալիս են ոչ միայն իրենց արմատներին հաղորդակցվելու, այլև խիստ պրագմատիկ նկատառումներով: Ոմանք (միայն թե չծիծաղեք) գալիս են Հայաստանը՝ատամները բուժելու: Երևանում ստոմատոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության մակարդակը շատ բարձր է, իսկ գները բավականին մատչելի են:

Մշակութային կյանքը նույնպես բարձր մակարդակի է: Ես շատ եմ սիրում Վահան Բադալյանի «Փոքր թատրոնը», որն իր ներկայացումներով մասնակցում է եվրոպական փառատոններին: Վերջերս ԱՄՆ-ից վերադարձած Կոնստանտին Օրբելյանը, որը տարիներ շարունակ աշխատել է Դմիտրի Խվորորստովսկու հետ, ստանձնեց Երևանի օպերային թատրոնի ղեկավարությունը, այնպես որ այնտեղ եւս արժե սպասել հետաքրքիր ներկայացումների:

Խորհուրդ եմ տալիս այցելել Մատենադարան՝ հին ձեռագրերի ինստիտուտ, և Սերգեյ Փարաջանովի թանգարան: Նախանցյալ տարի մեզ այցելել էր դիզայներ Անտոնիո Մարրասը, և շատ երջանիկ էր, երբ մենք նրանք տարանք «Փարաջանովի մոտ»: Պարզվում է, նրա նախորդ հավաքածուն ստեղծված է եղել ռեժիսորի ֆիլմերի և նկարների մոտիվներով, որի արվեստը ոգեշնչել է Անտոնիոյին:

Երևանը սև սուրճի քաղաք է: Ես սկսեցի այն խմել, երբ ամուսնացա քսանչորս տարի առաջ: Ամենահամեղ սուրճը եփում են Jazzve-ում: Չնայած ավելի հեշտ է թվել այն վայրերը, որտեղ սուրճը համեղ չէ: Եվ մեկ էլ Երևանում անպայման պետք է ջազ լսել: Դա նույնիսկ բարոն Էրիկ Ռոտշիլդն է ընդունել, որը մեզ հյուր էր եկել: Լինելով այդ երաժշտական ոճի երկրպագուն, նա բողոքում էր, որ Փարիզի և Նյու-Յորքի ջազ-ակումբները փակվել են, իսկ այստեղ կենդանի կատարման մշակույթը ծաղկում է ապրում:

Իմ սիրելի ջազ-ակումբներն են «Մալխասը», Mezzo-ն и Yans-ը, սակայն քաղաքում ավելի շատ  ջազ-ակումբներ կան: Տարվա տաք եղանակին փողոցներում նույնպես ջազ են նվագում, անցկացնում փառատոններ: Մթնոլորտը դեմոկրատական է. նույնիսկ մոդայիկ տեղ գնալիս կարելի է շատ չպճնվել: Հայերի մոտ ընդունված չէ շատ բաց հագնվել, սակայն խիստ արգելքներ էլ չկան, մարդիկ ամեն ինչին հանգիստ են արձագանքում: Բացի դրանից, Երևանը լիովին անվտանգ քաղաք է:

Մայրաքաղաքում խորհուրդ կտայի անցկացնել մեկ-երկու օր, դա լրիվ բավական է: Այնուհետև ուղևորվեք հյուսիս-արևելք՝ դեպի Դիլիջան: Այնպայման կանգ առեք Սևանա լճի ափին, այն Դիլիջանի ճանապարհին է: Ընդհանրապես, Երևանից Դիլիջան ուղևորվելիս անպայման կլիմայի փոփոխություն կնկատեք, չնայած երկու քաղաքների միջև տարածությունը 100 կիլոմետրից էլ քիչ է: Մենք մեր UWC Dilijan դպրոցը (միջազգային դպրոցը գործում է Դիլիջանում արդեն երրորդ տարին՝ ծան. «Տատլերի») կառուցել ենք ձմռանը: Մայրաքաղաքում - 10 աստիճան է և ավելի ցածր, ինչը շատ ցուրտ է հայկական չափանիշներով: Իսկ Դիլիջանում շողում է արևը և + 5 աստիճան է: Ամռանը շատ հաճախ հակառակն է լինում. Երևանում անտանելի շոգ է, իսկ այստեղ բավականին հով:

Արժե կանգ առնել հարմարավետ Toon Armeni հյուրանոցում, որը գործում է bed & breakfast սկզբունքով: Այնտեղ դուք ձեզ կզգաք ինչպես ընկերների տանը հյուրընկալվելիս: Հյուրանոցը տեղակայված է վերակառուցված ավանդական տանը: Ընտրեք մեծ պատշգամբով համար, որտեղ հաճելի է նախաճաշելը:

UWC Dilijan միջազգային դպրոցը, որտեղ սովորում են յոթանասուներկու երկրից եկած դեռահասներ, որոնցից 10%-ը՝ Հայաստանից, մեծ ազդեցություն է թողել քաղաքի կյանքի վրա: Տեղի երիտասարդությունը ուսումնասիրում է անգլերեն և ռուսերեն, ակտիվ մասնակցում է համայնքի կյանքին: Ամռանը կամպուսում գործում է Just Dilijan It! ճամբարը տասից տասնվեց տարեկան երեխաների համար. երկու շաբաթ պատանիները ակտիվ հանգստանում են, խաղում և այդ ընթացքում սովորում:

Մենք նախատեսում ենք քաղաքը վերածել կրթական, մշակութային և առողջարանային կենտրոնի: Գետափի հետիոտնային մասում կարելի է անվաչմուշկներ և հեծանիվ քշել: Այս պահին մենք սկսում ենք պարաններով սպորտի համար այգու կառուցումը: Դիլիջանը շրջապատված է ազգային արգելոցով, որտեղ հաճելի է զբոսնելը:

Նաև խորհուրդ եմ տալիս այցելել հին քաղաք, տեսնել Թուֆենկյան հիմնադրամի վերակառուցած հին փողոցը, մտնել վարպետների խանութները: Ճաշեք «Թռչող ջայլամ» ռեստորանում, որը բացել են  «Դոլմամայի» սեփականատերերը. այն ճաշակով հարդարված է, և այստեղ հրաշալի են պատրաստում: Կա նաև մի այլ լավ ռեստորան՝ ծիծաղելի «Կճուճ» անունով, ես երկար ժամանակ սովորում էի այդ անունը ճիշտ արտասանել:

Ուշադրության արժանի է նաև «Cafe #2»-ը, որը հենց քաղաքի կենտրոնում է, և որից տեսարան է բացվում դեպի լիճը: Այս սրճարանը սոցիալական նախագիծ է: Այստեղի մատուցողները դիլիջանցի պատանիներ են, իսկ շահույթն ուղղվում է նոր կրթական և սոցիալական նախաձեռնությունների աջակցմանը: Մենք այս սրճարանի հարդարման վրա աշխատել ենք լիբանանցի Նատաշա Քալֆայանի՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի դիզայների հետ միասին: Նրա ղեկավարությամբ երեխաները վերականգնել են հին կահույքը, որը մեզ բոլորիս ծանոթ է դեռ խորհրդային ժամանակներից: Դեռահաս մատուցողները հրաշագործ չեն և դեռ նոր են սովորում, սակայն միանման լավ խոսում են երեք լեզվով: Նրանց շնորհիվ ծառայության որակը սրճարանում հրաշալի է, իսկ բարեհամբույր ընդունելությունը՝ երաշխավորված:

Հայաստանի մայրաքաղաքից արժե ուղևորվել դեպի արևելք՝ հեթանոսական տաճարը՝ Գառնին, և ժայռակերտ վանքական համալիրը՝ Գեղարդը, տեսնելու համար: Տեղի գեղատեսիլ վայրերի առյուծի բաժինը կազմում են կրոնական շինությունները, բայց դրանց ամենագրավիչ մասը ոչ այնքան հենց հին ճարտարապետությունն է, որքան այն, թե ինչքան համահունչ են դրանք շրջապատող բնությանը:

Դեպի երկրի հարավ արժե ուղևորվել գիշերելու նպատակով և ճանապարհին կանգ առնել Խոր Վիրապում: Ցերեկը տեսարանն ուղղակի ցնցող է՝ փոքրիկ վանքը կանգնած է հսկայական Արարատ լեռան ֆոնին: Վանքի ստորգետնյա մասում, ըստ ավանդության, տասնհինգ տարի տառապել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ Հայաստանը քրիստոնեական կրոնին դարձնողը և առաջին ամենայն հայոց կաթողիկոսը:

Այնուհետև կարելի է այցելել Նորավանք: Այնտեղ հասնելու համար պետք է ճանապարհից շեղվել և գնալ անհավանական գեղեցկություն ունեցող կիրճով: Հենց այստեղ էլ կարելի է ճաշել «Վարդգեսի քարանձավ» անունով փոքրիկ սրճարանում, որտեղ համեղ լավաշ և մածուն (հայկական յոգուրտ) են պատրաստում ավանդական տեխնոլոգիայով:

Երթուղու հաջորդ նպատակակետն է Տաթևի վանքը: Այնտեղ հասնելուց առաջ գիշերն անցկացրեք Գորիսում՝ XIX դարի 70-ականներին գերմանացի ճարտարապետների նախագծով կառուցված քաղաքում: Վերջին տարիներին այստեղ տասնյակ նոր հյուրանոցներ են կառուցվել, բայց այնուհանդերձ ես խորհուրդ կտամ ընտրել հին և փորձված «Միրհավը», այն շատ ինքնատիպ է:

Մոտակայքում մի հրաշալի փուռ կա: Առավոտյան անպայման այստեղից «բուռում» վերցրեք՝ դասական լավաշ պանրով և կանաչիով: Քաղաքում, որտեղ փողոցները ուղիղ անկյուններ են կազմում (չէ՞ որ գերմանացիներն են կառուցել) վաղ առավոտյան զբոսանքից հետո ուղևորվեք Տաթև: Այդ ժամին զբոսաշրջիկները Երևանից դեռ տեղ հասած չեն լինում, և ստիպված չեք լինի հերթ կանգնել՝ ճոպանուղով վանքին հասնելու համար: Մինչ այնտեղ ճանապարհ ընկնելը ճաշեք «Տաթևատուն» ռեստորանում, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի կիրճը:

Վանքին ծանոթանալուց հետո նստեք ձորի մոտ և հիացեք արծիվներով: Մոլորակի վրա այսչափ գեղեցիկ քիչ վայրեր կան. իզուր չէ, որ Տաթևը ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում ընդգրկվելու թեկնածու է դարձել:

Տաթևի ճոպանուղին՝ աշխարհում ամենաերկար ճոպանուղին, կառուցվել է 2010 թվականին IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում (կառուցման նախաձեռնողը եղել է Ռուբեն Վարդանյանը. ծան.՝ «Տատլերի»): Մինչ ճոպանուղու կառուցվելն այնքան էլ հեշտ չէր վանքին հասնելը. այն երեք կողմից ձորով է շրջապատված: Շրջակա գյուղերում ապրող մարդիկ նույնպես յուրահատուկ են, նույնիսկ աղջիկներն այստեղ Սասնա ավանդական ռազմական պար են պարում:

Գորիսից Երևան տանող ճանապարհին երկու հետաքրքիր վայր կա: Առաջինը Խնձորեսկն է՝ փոքրիկ քարանձավային քաղաքը (գյուղացիներն ու վանականները լքեցին այն միայն անցած դարի 60-ականներին, այն էլ պայքարից հետո): Երկրորդը Քարահունջն է` հայկական Սթոունհենջը:

Գորիսից նաև արժե մեկնել Արցախ (Արցախը Լեռնային Ղարաբաղի նոր պաշտոնական անվանումն է. ծան.՝ «Տատլերի»): Այն 90 կմ հեռավորության վրա է գտնվում: Ճանապարհը, որը ոլորաններով է անցնում, ամենաքիչը մեկուկես ժամ կխլի, բայց ձեր տանջանքները կփոխհատուցվեն: Շատերը կարծում են, որ այստեղ ամեն ինչ նույն ձևի քարուքանդ է, ինչպես քսան տարի առաջ: Դա այդպես չէ: Շուշիում, տարածաշրջանի հին մայրաքաղաքում, վերջերս բացվեց երկրաբանության ֆենոմենալ թանգարան, ինչի նախաձեռնողը ԽՍՀՄ երկրաբանության նախագահ Գրիգորի Գաբրիելյանցն էր, որը տեղափոխվել է Արցախ:

Շատ բարերարներ իրենց հավաքածուներից կտավներ են նվիրում տեղի պատկերասրահներին: Մայրաքաղաք Ստեփանակերտում բացվում են հյուրանոցները (շուտով, օրինակ, պատրաստ կլինի Park Hyatt-ը): Ես խորհուրդ եմ տալիս «Պարկ հոթելը», իսկ ռեստորաններից «Ֆլորենս գարդենը», որը հարդարված է վենետիկյան ոճով:

Սակայն գլխավոր գեղատեսիլ վայրերն այստեղ այնուհանդերձ բնության գրկում են: Շուշիի մոտ է գտնվում Ջդրդուզ կիրճը, որի խորքում գետ է հոսում: Նստում ես ժայռերի մոտ, լսում գետի խշշոցը և ինքդ քեզ հարց տալիս՝ «ինչի՞ս է պետք մոսկովյան այդ ամբողջ իրարանցումը»: 

Վերադառնալ ցուցակ