Սեպտեմբեր 04, 2017

Մայրամուտի լեռների գույնն ունեցող դպրոցը

Գեղեցիկ դպրոցը ո'չ քմահաճույք է, ո'չ էլ ճոխություն: Այն ժամանակի պահանջ է:

UWC Dilijan միջազգային դպրոցը, որը կառուցվել է բարերար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի անձնական նախաձեռնությամբ և անգլիացի ճարտարապետ Թիմ Ֆլիննի նախագծով, իրավամբ հավակնում է առաջատար տեղ զբաղեցնել աշխարհի ամենաժամանակակից և գեղեցիկ դպրոցների շարքում:

Տեղի մոգականությունը

Ես մեկնում էի Հայաստան՝ Դիլիջան, որտեղ որդիս ավարտում էր JUST DILIJAN IT! ամառային կրթական ծրագիրը UWC Dilijan միջազգային դպրոցում, և փոքր-ինչ հուզված էի: Միայն ես չէի անհամբեր. ինձ հետ մեկնող ուղևորներից մեկը, որը, ինչպես պարզվեց, Անգլիայի ամենահայտնի դպրոցներից մեկի շրջանավարտ է, թողնելով բոլոր կարևոր գործերը, շտապում էր ծանոթանալ այն ուսումնական հաստատության հետ, որն ընդամենը երկու շաբաթում այսքան շատ բան էր հասցրել տալ մեր երեխաներին:

Շատ կարճ ժամանակահատվածում երեխաները հաղթահարել էին ամաչկոտության պատնեշը և կարողացել բացահայտել թաքնված տաղանդները: Իմ շախմատիստ և ֆուտբոլիստ որդին արդեն մեկ շաբաթ էր, ինչ բաս-կիթառ էր նվագում ռոք-խմբում, ինչի մասին վաղուց թաքուն երազում էր, հեշտությամբ բեմից պատմում էր իր WIKI KIDS գիտական նախագծի մասին և իրեն ֆուտբոլային աստղ էր զգում FIFA-ի չափանիշներին և չափերին համապատասխանող մարզադաշտի լուսարձակների տակ:

Իմ նոր ծանոթի չխոսկան և ինքնամփոփ դուստրը, որը կենդանի շփումից գերադասում է ձիավազքն ու դահուկավազքը, պատրաստվում էր իր հորինած պիեսով հանդես գալ: Խոսքերը նրա շուրթերից գետի պես էին հոսում, նոր ընկերուհիների պակաս էլ ակնհայտորեն չէր զգացվում: Երեխաներին UWC Dilijan դպրոց ուղարկելով՝ մենք վստահում էինք պրոֆեսիոնալներին, որոնք պետք է աշխատեին նրանց հետ: Բայց ինչ-որ բան հուշում էր. երեխաների ստեղծագործական ցանկությունների իրագործման գաղտնիքի գրեթե կեսը հենց այդ վայրի մոգականությունն էր:  

Ճանապարհին մենք քննարկելու բան ունեինք: Ես գիտեի ամեն ինչ կրթության տարբեր հաջողված մոդելների մասին, իմ ուղեկիցը՝ թե ինչպիսին են աշխարհի հեղինակավոր դպրոցներն ու համալսարանները: Մենք հիշում էինք մեր ուսումը տարբեր երկրներում, սակայն գեղեցկության, ընկերասիրության և ներքին տարածության մասին մի տեսակ խոսք չէր եղել: Անգլիական հեղինակավոր դպրոցը, որն ավարտել էր իմ նոր ծանոթը, ավելի լավ և վեհ տեսք ուներ, քան ցանկացած մոսկովյան տիպային դպրոց, որտեղ ես էի ժամանակին սովորել: Դրանք երկուսն էլ ժամանակի ոգին և ավանդույթներն էին կրում, տալիս ամուր և անհրաժեշտ գիտելիքներ, բայց ոգեշնչող ոչ մեկը, ոչ մյուսն անվանել լեզուս չի պտտվում:

Թերևս, նախկին ԽՍՀՄ տարբեր սերունդներին ոգեշնչող հիմնական նախագիծն այդպես էլ մնաց ՄՊՀ շենքը՝ Լենինյան բարձունքում: Վեհաշուք գեղեցկության զգացողությունը ու այդ գեղեցկությանը հաղորդակից լինելը նախանձելի թափ էին հաղորդում հազարավոր երիտասարդներին: ՄՊՀ շրջանավարտների մեծ մասը, անխոս, հաջողակ մարդիկ են. նրանց շրջանում կան և՛ ակադեմիկոսներ, և՛ մերօրյա միլիոնատերեր: 

Այլ օրինակներ ևս կային. բացառություններ կանոններից, որոնք ապացուցում էին այդ՝ բոլոր իմաստով տիպային կանոնները: 60-ականներին դեռահասներին նվիրեցին երազանք և Պիոներների պալատ Լենինյան բարձունքում: «Պատանի մոսկվացու թատրոն» թատերական ստուդիան և Լոկտևսկու համույթը մեծ համբավ էին վայելում ողջ երկրում: Ո՞վ չէր երազում երգել այդ երգչախմբում, ինքնաթիռներ բաց թողնել երկինք կամ դիտել աստղերը մանկական աստղադիտարանում:

Իսկ դպրոցի մասին՝ որպես ոգեշնչող տարածքի, ԽՍՀՄ-ում, ընդհանուր առմամբ, մտածեցին միայն մեկ անգամ՝ կոնստրուկտիվիզմի մայրամուտի  շրջանում: Համընդհանուր գրագիտության կոչին աջակցեցին ունիկալ դպրոցի շենքի համար հայտարարված մրցույթով, որը և կառուցեց Մոսկվայում՝ Սադովնիչեսկի ափին, ճարտարապետ Իվան Զվեզդինը: Ի դեպ՝ նա իմ պապն է:

Այսօր այդ շենքը կոնստրուկտիվիզմի հուշարձան է, ինչպես և մեկ այլ դպրոցի շենք՝ Զոյա և Ալեքսանդր Կոսմեդեմյանսկիների անվան դպրոցը Վոյկովսկի փողոցում: Սակայն հաղթեց միջին, «տիպային» և հուսալի մոտեցումը կյանքին: Երեխաներին սկսեցին ուղարկել զորանոցներ հիշեցնող միանման դպրոցներ, որտեղ շատ հազվադեպ էր տեղ տրվում ստեղծագործ մտքին, «բարձր» բաների մասին մտքերին:

Այսօր ծնողներն ավելի լուրջ են վերաբերվում կրթությանը, քան նույնիսկ տասը տարի առաջ, իսկ «ստեղծարարություն» հասկացությունը այժմ տարածվում է մարդկային գործունեության ցանկացած ոլորտի վրա: Նոր սերնդից այլևս ոչ ոք չի ակնկալում ոչ միայն դպրոցական, այլ նույնիսկ հանրագիտարանային ճշմարտությունների վերարտադրում: Ցանկացած տեղեկություն ստանալն ու մշակելը խլում է վայրկյանից էլ քիչ ժամանակ:

Նոր սերնդի առաջ կանգնած հիմնական հարցն է՝ «ի՞նչ անել» այդ ինֆորմացիայի հետ: Եվ կարևորը՝ «ինչու՞»: «Տիպային» դպրոցները, որոնք ավարտում են «տիպային» գիտելիքներով մարդիկ, այլևս հարմար չեն ստեղծարար նախագծերի և նոր գաղափարներ փնտրելու համար:

Մշտադալար պատերը

UWC Dilijan միջազգային դպրոցը, որը կառուցվել է բարերար Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի անձնական նախաձեռնությամբ և անգլիացի ճարտարապետ Թիմ Ֆլինի նախագծով, իրավամբ հավակնում է առաջատար տեղ զբաղեցնել աշխարհի ամենաժամանակակից և գեղեցիկ դպրոցների շարքում: 

Ուսումնական մասնաշենքերի ուղղահայաց մշտադալար ճակատները ձուլվում են Դիլիջանի բնության հետ: Տանիքների ձևը լեռների ուրվագիծ է հիշեցնում, իսկ հսկայական պատուհաններում արտացոլվում է երկինքը: Կարծես թե բնությունը ներխուժում է ներքին տարածք: Երբ դուրս ես գալիս փողոց, որպեսզի մի մասնաշենքից մյուսը գնաս, միշտ ցանկություն է առաջանում պատին դիպչել. «ընտելացրած» և երկրաչափական սալիկի վերածած վարդագույն ու սև հայկական տուֆը շոշափելիս թավշյա և հաճելի է:

Այն հայկական լեռների գույնն ունի՝ մայրամուտի ժամին: Բնակելի մասնաշենքերը հեռվից հիշեցնում են հին Դիլիջանը՝ չխախտելով դարերի ավանդույթները:

Ի՞նչն ինձ ամենից շատ ցնցեց, երբ բաց էլեկտրամեքենայով շրջում էինք դպրոցի տարածքում: Անսպասելի հարմարավետ, մարդուն համապատասխան վայրերը և ցնցող տեսարանները: 

Մենք՝ մեծահասակներս, գեղեցկություն ու ոգեշնչում փնտրելիս ձգտում ենք դեպի լեռների բարձունքներն ու օվկիանոսը, ուզում ենք ապրել էկոլոգիապես մաքուր միջավայրում, ստեղծում ենք կյանքի համար հարմարավետ միջավայր, պարտադիր միկրոկլիմայով, սպորտի, առանձնանալու, մեդիտացիայի և հոբբիների համար տարածքներով տեխնոլոգիական գրասենյակներ, հոկեյ ենք խաղում օլիմպիական մարզադաշտում և ձգտում ունենալ լավագույնը, սովորել լավագույններից:

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ այսօր մեր երեխաներին: Գեղեցիկ, հյուրընկալ, բարձր տեխնոլոգիական դպրոցը նրանց համար շքեղություն, քմահաճույք կամ միֆ չէ: Դա ժամանակի պահանջն է: Նոր փոքրիկ մարդկանց պետք է մեծացնել բոլորովին այլ պայմաններում:

 

Դպրոցական երջանկության չափանիշները

Ինչպիսի՞ն են այդ պայմանները: Դրանք ստեղծելու համար պետք է հիշել հիմնական չափանիշները:

● Գաղափարները սիրում են ծնվել լռության և միայնության մեջ: Դրանցից լավագույնները գալիս են գեղեցիկով հիանալու պահերին: Որքան կարևոր է երեխայի ննջարանի պատուհանից բացվող տեսարանը, այնպես էլ կարևոր է նրա գլխավոր բացահայտումների ժամանակ նրան բացվող տեսարանը: Սիդնեյի նախադպրոցական կրթության կենտրոնում երեխաները կարող են պարապել, խաղալ և հանգստանալ ընդարձակ տնակներում և հիանալ բնությամբ հսկայական պատուհաններից (ինչպես և աշխարհի մյուս ծայրում՝ Տալլինի The Rocca al Mare դպրոցում):

● Անձնական տարածքի սահմանները, որոնք այդպես պաշտպանում են մեծահասակները, խիստ կարևոր են հասունացող երեխայի հոգեկան աշխարհի համար: Ինչպես Դիլիջանի միջազգային դպրոցում, այնպես էլ Ավստրալիայի շատ ոճային The Sir Zelman Cowen Center for Science կրթության կենտրոնում, Մելբուռնի համալսարանի Մելբուռնի դիզայնի դպրոցի հանրային սրահներում՝ կառուցված John Wardle Architects-ի նախագծով, շատ հարմարավետ և բազմաֆորմատ անկյուններ կան առանձնացած պարապելու և հանգստանալու համար:

● Օդ և ընդարձակություն, կանաչ տանիքներ և ճակատներ, պատերի միջով թափանցող բնական լույս, բնություն և բիոնիկ ֆորմաներ, բնական նյութեր և արհեստական միկրոկլիմա՝ ահա այն բաղադրիչների ոչ լիարժեք ցուցակը, որոնք օգտագործում է ժամանակակից ճարտարապետը՝ հարմարավետ տարածություն ստանալու համար: Ոչ ոք չգիտի՝ որ պահին է ծնվում գեղեցկությունը: Նիգերիայի լողացող դպրոցը տարբերվում է Բանկոկի Ivy միջազգային դպրոցից, Մելբուռնյան դիզայնի դպրոցը՝ Սինգապուրի տեխնոլոգիական համալսարանից: Բայց բոլորը միավորված են մեկ բանով՝ կիրառված հնարքների ամբողջությունն այդ շենքերի տարածքում սովորող աշակերտներին ներքին ապահովության զգացողություն, աշխարհն ընկալելու ազատություն և հզոր ստեղծագործ խթան է տալիս:

● Լավագույն լսարանները, համերգային դահլիճները՝ փորձերի և ելույթների համար, անհրաժեշտ են ցանկացած՝ անգամ մանկական, գործի լրջությունը զգալու համար: The Local Cathedral School-ի և Լոնդոնի Сhanning School-ի համերգային դահլիճները, UWC Դիլիջանի Black box կամպուսի կամերային բեմը դրա լավագույն օրինակն են:

Մի խոսքով՝ նորագույն տեխնոլոգիաները, երեխաների տրամադրության տակ հայտնվելով, կրճատում են գաղափարից մինչև իրագործում ուղին (իսկ գաղափարները պետք է արագ իրագործել, այլապես ձանձրալի կդառնա, և ավելի վատ, եթե դրանք այդպես էլ մնան չիրականացած երևակայություն):

Հասուն կյանքի ատրիբուտները՝ ֆուտբոլի դաշտը, տեխնիկապես հագեցած թատերական բեմը, ձայնագրման ստուդիան, 3D տպիչը, որով կարելի է տուն կամ երազանքի զգեստ տպել, երեխաներին տալիս են ամենակարևոր միտքը. երազանքից մինչև իրականություն մի քայլ է: 

Իսկ գեղեցկությու՞նը: Գեղեկցությունն այն է, ինչին հանդիպելիս սիրտդ թրթռում է: Այնպես, ինչպես թրթռաց մեր սիրտը՝ մեր երեխաներին Դիլիջանի դպրոցի շեմին տեսնելիս:

Աննա Զվեզդինա | Коммерсант.ru

 

Վերադառնալ ցուցակ