Հոկտեմբեր 20, 2017

«Մենք չգիտենք՝ ինչպիսին կլինի մասնագիտությունների 80%-ը 20 տարի անց»

«Անորոշության մեջ ոչ թե սպառնալիք, այլ հնարավորություն տեսնել. սա է այն, ինչ պետք է սովորել»,-ասում է Վերոնիկան:

Աղբյուրը՝ «Օբլակո» ամսագիր

Դժվար թե Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի (ՄԱԻ) շրջանավարտներից որևէ մեկը կարողանա համեմատվել Վերոնիկա Զոնաբենդի հետ տարբեր ոլորտներում հաջողակ բիզնես-նախագծերի իրականացման տեսանկյունից։  ՄԱԻ վեցերորդ ֆակուլտետի շրջանավարտը մասնակցել է առաջին ազգային առևտրային բանկերից մեկի հիմնադրմանը, DVD սկավառակներով ֆիլմերի տարածման ընկերության ստեղծմանը և նույնիսկ եղել է ֆիլմի պրոդյուսեր, որը ցուցադրվել է 2009թ. Կաննի կինոփառատոնի փակմանը: Համակարգելու և խնդրի էությունը հասկանալու կարողությունը նրան թույլ են տվել անորոշ իրավիճակներում ոչ թե վտանգներ, այլ հնարավորություններ տեսնել:

Վերոնիկա Զոնաբենդը ծնվել և մեծացել է Ժուկովսկ քաղաքում, նրա ծնողները ավիատիեզերական ինժեներներ են: Վերոնիկայի հայրն առաջին ծրագրավորողներից էր, որոնք մասնակցում էին «Բուրան» տիեզերական նախագծի կառավարման համակարգերի և գործիքային վահանակների ստեղծմանը: Նա առաջիններից էր, ով Տիեզերական կենսաբանության և բժշկության ինստիտուտի հետ համատեղ ուսումնասիրում էր մարդու և տեխնիկայի փոխազդեցությունը:

Դպրոցն ավարտելուց հետո, որոշ ժամանակ տատանվելով, թե որտեղ ուսումնասիրել բնական գիտություններ՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, թե Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում (որն ավարտել էր նրա մայրը), Վերոնիկան ընդունվում է Ավիացիոն ինստիտուտի նոր ստեղծված վեցերորդ՝ «տիեզերական» ֆակուլտետ:

Վերոնիկան հիշում է, որ ուսման հինգ ու կես տարիների ընթացքում նա քննություններ և ստուգարքներ է հանձնել 56 տարբեր առարկաներից։ Իհարկե ոչ բոլոր առարկաներն են կյանքում կիրառելի եղել, սակայն դրանք մի շատ կարևոր ունակություն են զարգացրել՝ գտնել խնդրի էությունը ու սեփական, յուրահատուկ լուծում առաջարկել, և ոչ թե ընտրել պատրաստի տարբերակներից մեկը, ինչպես արվում է այժմյան թեստերում:

«Խնդիրը կառուցվածքավորելու ու համակարգային մտածելու կարողություն. սա երևի ամենակարևոր որակներից է, որը կարողացել եմ ձեռք բերել», -ասում է Վերոնիկան:

Նրա համար մեծ նշանակություն ուներ նաև այն յուրահատուկ միջավայրը, որը ստեղծել էին տարբեր ֆակուլտետների ուսանողները: Յուրաքանչյուր ֆակուլտետի ուսանողի մտածելակերպը յուրահատուկ է: 

ՄԱԻ-ում ձեռքբերված փորձն ու ունակությունները պետք եկան Ռուսաստանի համար ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկում՝ 90-ականների սկզբին: 1990թ.-ին՝ բուհն ավարտելուց հետո, Վերոնիկան աշխատանքի անցավ Ավիացիոն սարքավորումների գիտահետազոտական ինստիտուտում: Երիտասարդ գիտնականների խումբը նոր սարքավորումների ստեղծման գործում օգտագործում էր մաթեմատիկական մոդելավորման առաջադեմ մեթոդները: Ուսումնասիրությունները շատ հետաքրքիր էին թվում, սակայն շուտով սկսեցին իրավիճակ թելադրել հանգամանքները: Երկրում քաղաքական և տնտեսական բարեփոխումներ սկսվեցին, ավիացիայի և գիտության համար այլևս միջոցներ չկային. «90-ականների սկզբին, գիտության ոլորտում աշխատելով, պարզապես անհնար էր գոյատևել»,-հիշում է Զոնաբենդը:

Երիտասարդ անձնակազմի մեծ մասը, որոնք դեռ երեկ տեխնիկական բուհերի ուսանող էին, տեղափոխվեց առևտրային ոլորտ: Այն քչերը, որոնք հավատարիմ մնացին գիտությանը, ստիպված էին արտասահման մեկնել: Էությամբ ձեռներեց Վերոնիկան որոշեց զբաղվել մասնավոր բիզնեսով: Մայրաքաղաքում նոր-նոր էր սկսել զարգանալ առաջին պրոգրեսիվ մասնավոր բանկերից մեկի՝ «Տվերունիվերսալ»-ի մոսկովյան մասնաճյուղը, որտեղ 25-ամյա Վերոնիկային առաջարկեցին արժութային գործարքների բաժնի փոխտնօրենի պաշտոնը: Բանկի մոսկովյան մասնաճյուղի երիտասարդ հիմնադիրներին՝ տեխնիկական մտավորականության ներկայացուցիչներին, նոր գաղափարներ և խանդավառություն էր պետք:

Ի տարբերություն շատ հասակակիցների, որոնք իրենց կարիերան սկսել էին գործավարի կամ օպերատորի աշխատանքից, Վերոնիկան պրակտիկորեն ստիպված չի եղել զբաղվել առօրյա ձանձրալի գործերով: Նոր պաշտոնում շատ անհրաժեշտ էր ստեղծարարությունը, խնդիրներ լուծելու ունակությունն ու անգլերենի իմացությունը (անգլիական դպրոցում ստացած գիտելիքները չկորցնելու համար Վերոնիկան ՄԱԻ-ում իր դիպլոմային աշխատանքը անգլերենով էր պաշտպանել, ինչի շնորհիվ ստացել էր տեխնիկական թարգմանչի դիպլոմ):

«Բանկում աշխատելու ընթացքում ես հասկացա, որ լավ արված աշխատանքն ու հաջողակ գործարքները նույնքան հաճելի են, որքան մաթեմատիկական բարդ խնդիրների լուծումը: ՄԱԻ-ում ստացած կրթությունը շատ օգնեց. այն օգնել է համառ լինել լուծումներ գտնելու հարցում և միշտ սովորել, հնարավորություն է տվել աշխատել բազմաթիվ անհայտների հետ»-հիշում է Զոնաբենդը:

Բիզնեսով զբաղվելու հետ զուգահեռ Վերոնիկան շարունակում էր սովորել: Կրթաթոշակ ստանալով՝ նա ուղևորվում է Լոնդոն: Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի կրթությունը օգնում է նրան համակարգել ունեցած գիտելիքները և ձեռք բերել նորերը, որոնք չափազանց անհրաժեշտ էին պլանային տնտեսությունից շուկայական տնտեսության անցած Ռուսաստանին:

Լոնդոնից վերադառնալով՝ Վերոնիկան աշխատում է Դիալոգբանկի վարկային բաժնում,  Հայաստանում բացում սեփական ռեստորանը, գործընկերների հետ հիմնում է ընկերություն, որը ֆիլմերը թվայնացնում էր տեսասկավառակների վրա (այդ ժամանակ ֆիլմերի 90%-ը VHS ձևաչափով էին): Այնուհետև հաջորդում է հայտնի ֆրանսիացի պրոդյուսերների հետ համատեղ կինո նախագիծը:

Զոնաբենդը համապրոդյուսեր է եղել ռուս-ֆրանսիական ֆիլմում, որը պատմում էր Իգոր Ստրավինսկիի և Կոկո Շանելի հարաբերությունների ու ռուս վտարանդի մտավորականության մասին: Եվ այս ամենն անում էր երեխաների դաստիարակության հետ զուգահեռ:

Հենց երեխաները (1993թ. Վերոնիկան ամուսնացել է «Տրոյկա դիալոգ»-ի ղեկավար Ռուբեն Վարդանյանի հետ) բերեցին Վերոնիկային Վարդանյան-Զոնաբենդ ընտանիքի ամենակարևոր ծրագրերից մեկի՝ Դիլիջանում միջազգային գիշերօթիկ դպրոցի ստեղծման գաղափարին: Երեխաները մեծանում էին, Ռուբենն ու Վերոնիկան նրանց համար դպրոց էին փնտրում, սակայն նրանք այդպես էլ չգտան մի կրթական հաստատություն, որտեղ կտային այն բոլոր հմտություններն ու գիտելիքները, որոնք անհրաժեշտ են 21-րդ դարում. «Ցավոք, շատ դպրոցներում սովորելու հիմնական մոտիվացիան քննություններին բարձր գնահատական ստանալն է», - նկատում է Վերոնիկան:

Գաղափարը հավակնոտ էր այն առումով, որ պետք էր կառուցել հենց միջազգային դպրոց, ընդ որում, ոչ թե ենթակառուցքային նախագիծ, որտեղ կսովորեին օտաերկրյա աշխատակիցների երեխաները, այլ յուրահատուկ կրթական կենտրոն, որտեղ արտասահմանցիները կուղարկեին իրենց երեխաներին՝ համարելով, որ նրանք այնտեղ այնպիսի փորձ ու կրթություն կստանան, ինչպիսին չեն կարող ստանալ ոչ մի այլ տեղ: ԱՊՀ տարածքում չկան նման դպրոցներ, այդ իսկ պատճառով դիտարկում էին Հայաստանն ու Ռուսաստանը: Ընտրությունը կանգնեց Հայաստանի վրա, այստեղ որակյալ կրթության պահանջ կար: Բացի այդ Հայաստանը գտնվում է Եվրոպայի ու Ասիայի, քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկում: Եվս մեկ կարևոր հանգամանք՝ նման դպրոցի կարևորությունը երկրի զարգացման համար. «Ռուսաստանը, ամեն դեպքում, մեծ երկիր է, այստեղ նման դպրոցի բացումը կաթիլ է ծովում, իսկ մենք ցանկանում էինք այնպիսի նախագիծ ունենալ, որը երկրի մակարդակով նշանակալի կլիներ»,-ասում է Վերոնիկա Զոնաբենդը՝ UWC Դիլիջանի համահիմնադիրն ու տնօրենների խորհրդի նախագահը:

Դպրոցը, որի ստեղծման մտահաղացումը ծնվել էր դեռևս 2006 թ., բացեց իր դռները առաջին ուսանողների առաջ 2014 թ.-ին: Այսօր այնտեղ սովորում են 213 պատանիներ աշխարհի 80 երկրներից: Ընդ որում, երկու կուրսերից յուրաքանչյուրում ուսանողների 10%-ը հայաստանցի են, 8-10%-ը՝ ռուսաստանցի. «Դա յուրահատուկ միջավայր է ստեղծում, ուր որևէ մշակույթ չի գերիշխում: Օրինակ բրիտանական դպրոցներում աշխատում են բոլորին բրիտանացի դարձնել, նույն իրավիճակն է նաև Ամերիկայում: United World College համակարգում նման բան չկա, բոլորը փորձում են այլ մշակույթներ բացահայտել և ներկայացնել սեփականը: Շատ ուսանողներ պատմում են, որ, Դիլիջան գալով, նրանք ավելին են սովորել իրենց մշակույթի մասին, քանի որ պատասխանատվություն էին զգում այն ներկայացնելու համար», -ասում է Զոնաբենդը:

Այնպիսի կրթական համակարգի ստեղծումը, որը սովորեցնում է մտածել և մոտիվացնում է բացահայտել նորը՝ Վերոնիկան համարում է հասարակության և բիզնեսի գրեթե ամենակարևոր խնդիրը: Ապագայում կգնահատվի մարդու ձեռքբերած փորձը և հարմարավետության գոտուց դուրս գալու ու նորը բացահայտելու նրա ունակությունը:

Այսօր ամենից շատ հեղինակություն վայելող մասնագիտություններն են իրավաբանությունն ու տնտեսագիտությունը: Տեսանալի ապագայում հենց այս մասնագիտությունները կարող են փոխարինվել արհեստական ինտելեկտով: Այսօր ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի այժմյան մասնագիտությունների 80%-ը 20 տարի անց, այդ իսկ պատճառով որոշակի մասնագիտություն սովորելն անիմաստ է: Պետք է սովորել տեսնել նոր հնարավորություններ, սինթեզել տարբեր ոլորտներից ունեցած գիտելիքները և հարմարվել անորոշությանը:

«Մարդկանց մեծամասնությունը վախենում է անորոշությունից, բոլորը կանխատեսելի ապագա են ցանկանում: ԱՄՆ ընտրությունների արդյունքն ու Brexit-ն ապագայի և անորոշության նկատմամբ մարդկանց վախի հետևանքն է: Անորոշության մեջ ոչ թե սպառնալիք, այլ հնարավորություն տեսնելը, տեղեկատվություն համակարգելն ու քննադատական մտածողությունն այն հմտություններն են, որոնք պետք է սովորել»,-ասում է Վերոնիկան:

Դոգմաների ժամանակաշրջանն անցել է, արհեստական ինտելեկտի հետ մրցակցության դարում կհաղթի միայն ստեղծարարությունը, նորը կերտելու ունակությունը: Անորոշությունն ու անհայտությունը դառնում են մեր կյանքի անբաժանելի մասը, և այն կրթությունը, որը տալիս է աշխարհակարգի հիմնարար գիտելիքներ և սովորեցնում է հարմարվել նոր հանգամանքներին, կօգնի մարդկանց հաջողակ դառնալ և դիմակայել նոր մարտահրավերներին: 

Վերադառնալ ցուցակ