Հունիս 10, 2018

Խոշորագույն մարդասիրական մրցանակը շնորհվեց ռոհինջա ժողովրդին օգնության համար

Փաստաբանը Մյանմարից ստացավ 1,1 մլն դոլար

Коммерсант.ru  Կիրակի Երևանում շնորհվեց երրորդ «Ավրորա» մրցանակը՝ նախատեսված իրավապաշտպանների համար, ովքեր «վտանգելով իրենց սեփական կյանքը՝ պայքարում են հասարակության ամենախոցելի անդամների համար»։  $1,1 մլն դոլարի չափով դրամաշնորհը ստացավ փաստաբան Չո Լա Աունը, ով պայքարում է մահմեդական ռոհինջա ժողովրդի իրավունենքրի համար Մյանմարում։ Մրցանակաբաշխության կանոնների համաձայն, 100 հազար դոլարը նա կարող է օգտագործել սեփական գործունեության համար, իսկ 1 միլիոնը՝ իր նախընտրությամբ կփոխանցի ցանկացած այլ իրավապաշտպան կազմակերպություններին։

Իրավապաշտպան Չո Լա Աունին շնորհած մրցանակին հավակնում էին ավելի քան 750 հոգի 115 երկրից։ Ինչպես ասվում է մրցանակի Ընտրող հանձնաժողովի պաշտոնական որոշման մեջ, նա պարգևատրվել է «Մյանմարում ռոհինջա ժողովրդի իրավունքների՝ այդ թվում կրթություն ստանալու իրավունքի պաշտպանության գործին նվիրված լինելու համար»։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Չո Լա Աունն  անազատության մեջ անցկացրել է ընդհանուր առմամբ 12 տարի, սակայն շարունակել է պաշտպանել հետապնդվող մուսուլմանների իրավունքները։  

«Իմ ժողովրդի վրա դաժան սահմանափակումներ են դրված։ Իմ ժողովուրդը կորցրել է խիզախությունն ու հավատն ինքն իր հանդեպ, նրանք զրկված են կրթության հնարավորությունից, և որպես հետևանք, շատ են աղքատացել, - հայտարարեց Չո Լա Աունն մրցանակաբաշխության արարողության ժամանակ։ - Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ տեսնում եմ, ինչպես է իմ ժողովուրդը նման խտրականության ենթարկվում։ «Ավրորա» մրցանակի աջակցությունը թույլ է տալիս մարդու իրավունքներից տուժած մուսուլմաններին ճանաչում ստանալ, և դա շատ կարևոր է։ Ժամանակի ընթացքում ռոհինջա ժողովրդի տառապանքների մասին ավելի ու ավելի շատ մարդիկ են իմանալու ամբողջ աշխարհում»։

«Ավրորա» մրցանակը շնորհվում է արդեն երրորդ տարին, «արժանին մատուցելու ժամանակակից հերոսներին և նրանց բացառիկ ներդրմանը մարդկային կյանքեր փրկելու գործում կրիտիկական իրավիճակներում, ինչպես նաև մարդասիրական գաղափարների տարածման համար»։ Մրցանակաբաշխության կազմակերպիչներն են հայաստանյան և ռուսաստանյան գործարարներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը։ Նրանցից բացի նախաձեռնություը հովանավորում է ավելի քան 300 գործընկեր։ Մրցանակը շնորհվում է «Հայոց ցեղասպանությունը վերապրողների  անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների»։ Որպես դափնեկիր՝ Չո Լա Աունն ստանալու է 100 000 ԱՄՆ դոլարի պարգև։ Եվս  1 000 000 ԱՄՆ դոլար նա պետք է փոխանցի  իր նախընտրությամբ երեք միջազգային կազմակերպություններին։

Պարոն Աունն արդեն հայտարարել է, որ մրցանակը կիսելու է երեք ՀԿ-ների միջև, որոնք Մյանմարում բժշկական օգնություն և օժանդակություն են տրամադրում փախստականներին. Դրանք են «Բժիշկներ առանց սահմանների» ՀԿ-ն (Մեծ Բրիտանիա), Մալազիական բժշկական նպաստամատույց կազմակերպությունը և Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովը (Շվեյցարիա, ԱՄՆ)։

Աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին Amnesty International կազմակերպության  ամենմյա զեկույցի համաձայն, այդ ճգնաժամն այսօր աշխարհում մեծագույն մարդասիրական աղետն է։ Մյանմարի հակամարտությունը ձգվում է արդեն հարյուրամյակից ավել, սակայն վերջին փուլը տեղի ունեցավ անցած տարվա օգոստոսին։

Բուդդայականություն  դավանող իշխանություններն ու բնակչության մեծամասնությունը ռոհինջա մահմեդականներին համարում են Բանգլադեշից եկած ոչ օրինական գաղթականներ։ Ռոհինջա ժողովուրդը արդեն մի քանի սերունդ կոմպակտ կերպով բնակվում է երկրի տարածքում, սակայն Մյսնմարի իշխանությունները մերժում են նրանց հիմնարար սոցիալական և քաղաքացիական իրավունքները։

2017 թ. օգոստոսի 5-ին «Արականա ռոհինջայի փրկության բանակը» (որը պայքարում է ռոհինջա ժողովրդի ինքնորոշման համար – «Կոմերսանտ») գրոհել է Մյանմարի բանակի դիրքերը, որից հետո Մյանմարի իշխանությունները Ռակհայն նահանգի տարածքում հակաահաբեկչական գործողություններ են սկսել։ Ինչպես վկայում են փախստականները, գործողությունների ընթացքում մյանմարցի զինվորները բուդդայական կամավորների աջակցությամբ սպանում ու բռնաբարում էին ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչներին, այրում նրանց տները։ Ճգնաժամի ներկա փուլի սկզբից ի վեր նման բռնություններից հարևան Բանգլադեշ է գաղթել ավելի քան 700 հազար հոգի, նրանցից շատերը ապաստանել են հարևան պետության Կոքս-Բազար շրջանում։ Նրանցից բացի Բանգլադեշում արդեն բնակվում էին շուրջ 300 հազար ռոհինջա, ովքեր լքել են Մյանմարը նախորդ տարիների ընդհարումների ժամանակ։

Երկրի իշխանությունների տեղի ունեցողը ահաբեկիչների դեմ պայքար են անվանում, սակայն «ահաբեկիչների» սահմանումը բավականին անհստակ է՝ դրա տակ կարող է ընկնել ռոհինջա մեծահասակ տղամարդկանց մեծ մասը։

2018 թ․ փետրվարին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մյանմարից ռոհինջա ժողովրդի վտարումը ճանաչել է որպես էթնիկական զտում. «Քաղաքացիությունից զրկված՝ նրանք ծայրաստիճան դաժան վերաբերմունքի են արժանացել զինված ուժերի և այլ մարդկանց կողմից։ Նրանք վտարվել են սեփական տներից ու երկրից, ինչը էթնիկական զտման բացահայտ օրինակ է»։ Պարոն Գուտերեշի խոսքերով, ռոհինջա ժողովուրդը «պաշարման տակ է», և նրանց համայնքը «անհետաձգելի ու անհրաժեշտ օգնության, երկարատև որոշումների ու արդարության կարիքն ունի»։ Սակայն Մյանմարին քննադատող բոլոր բանաձևերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակվել են Մոսկվայի կամ Պեկինի կողմից։

2018 թ․ հունվարին Բանգլադեշի և Մյանմարի միջև ստորագրվել է փախստականների հայրենադարձության մասին համաձայնագիրը, սակայն փորձագետները վստահ չեն, որ դա հնարավոր կլինի իրականացնել։ «Ռոհինջա ժողովրդի համար վերադարձը կարող է փախուստից բարդ լինել, - նախկինում «Կոմերսանտին» հայտնել էր ռազմավարական մշակումների կենտրոնի փորձագետ Անտոն Ցվետովը։ - Ֆորմալ առումով Մյանմարի կառավարությունը ավարտում է փախստականների վերադարձի համար նախապատրաստությունը։  Հատուկ պետական գործակալությունը զբաղվում է տների և ենթակառուցվածքների վերականգնմամբ այն տարածքներում, որտեղ բնակվել են ռոհինջա ներկայացուցիչները։ Սակայն իշխանությունների կողմից ստեղծված զտման կետերը թույլ կտան ներգաղթել միայն նրանց, ովքեր ունեն անհրաժեշտ փաստաթղթերն ու կարող են ապացուցել, որ նախկինում բնակվել են Ռակհայն նահանգում»։

Սակայն ռոհինջա ներկայացուցիչներից շատերի փաստաթղթերը կորել են արտագաղթի ժամանակ կամ մնացել են այրված տներում։ Մյուսները ի սկզբանե չեն ունեցել փաստաթղթեր. մինչև 2011 թ․ Մյանմարում իշխող զինվորական խումբը հաճախ ռոհինջա ներկայացուցիչներին անձնագիր չի տվել, իսկ ոմանք էլ իրենք գիտակցաբար հրաժարվել են  փաստաթղթերից։ Որպես արդյունք 2018 թ․ մարտի 15-ի դրությամբ կառավարական հանձնաժողովին հաջողվել է համաձայնեցնել միայն 374 փախստականի վերադարձը գրեթե մեկ միլիոն անձանցից, ովքեր փախել էին Բանգլադեշ այս և նախորդ ճգնաժամերի ընթացքում։

«Չո Լա Աունի գործունեությունն ապացուցում է, որ նույնիսկ մեկ անձը կարող է մեծ ավանդ ունենալ անարդարության դեմ պայքարում, որը հաճախ անհաղթահարելի է թվում, - մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի նախկին Գերագույն հանձնակատար, Ընտրող հանձնաժողովի անդամ Մերի Ռոբինսոնը։ - Դա մեզ ոգեշնչում է մտածելու, թե ինչպես մեկ խիզախ քայլը դեպի հասարակության ամենախոցելի անդամների պաշտպանությունը կարող է անգնահատելի ազդեցություն ունենալ իրավիճակի վրա»։

«Մենք հիշում ենք այն սարսափներն ու բռնությունները, որ տեսել են Եղեռնի ժամանակ տեղահանված հայ փախստականները, հատկապես կանայք ու երեխաները, և այդ պատճառով մեզ համար մեծ պատասխանատվություն է պարոն Աունի առաքելությանն աջակցելը, - ասել է մրցանակի համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։ - Մենք հույս ունենք, որ նրա գործունեության շնորհիվ Մյանմարում, իսկ մի օր նաև ամբողջ աշխարհում, կընդունվեն ամենախոցելիներին պաշտպանող օրենքները։ Չո Լա Աունը նշանավոր աշխատանք է կատարում՝ մեծ ռիսկի ենթարկելով սեփական կյանքը, ապացուցելով, որ նույնիսկ մեկ անձը կարող է զգալի ազդեցություն ունենալ իրավիճակի վրա և օգնել մարդկանց կյանքը փոխել դեպի լավը»։

Վերադառնալ ցուցակ