Հուլիս 06, 2018

Ինչպես ռեկորդակիր ճոպանուղին օգնեց փրկել հարյուրամյակների պատմություն ունեցող հայկական վանքը

Աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին այսօր այս պատմական վայր է տեղափոխում աննախադեպ թվով այցելուների:

Smithsonianmag.com- 2010 թ. առաջ Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող պատմական Տաթևի վանքը դժվարին կացության մեջ էր հայտնվել: Այցելուների թիվն աստիճանաբար նվազում էր, իսկ բուն միջնադարյան համալիրը շտապ վերականգնման կարիք էր զգում: Իր զարթոնքի շրջանում 9-րդ դարի վանքը բուռն կերպով ծաղկող միջնադարյան համալսարան էր, որտեղ իրականացվում էին գիտական և աստվածաբանական ուսումնասիրություններ, սակայն հազարամյակի սկզբին այս պատմական վայրը, որը բարձր վեր է խոյանում Որոտանի սքանչելի կիրճի եզերքին, հայտնվեց անորոշ վիճակում: Այդ ժամանակ քչերը կարող էին ենթադրել, որ այս տեսարժան վայրի հինավուրց որմնանկարների ու ձեռակերտ քարե պատաշարերի վերականգնման ուղին կանցնի օդով՝ 5752 մ երկարություն ունեցող պողպատե ճոպաններով և Գինեսի ռեկորդների գրքում գրանցման հավաստագրով:

Չնայած իր սքանչելիությանը՝ վանքի մեկուսացած դիրքը դժվարություններ էր ստեղծում վերջինիս պահպանման համար: «2000-ականների սկզբին Սյունիքի այս հատվածը, որում վանքը գտնվում է, ամենաանապահով և դժվարամատչելի, ինչպես նաև գործազրկության բարձր մակարդակ ու ներդրումներ ներգրավելու նվազագույն հնարավորություններ ունեցող շրջաններից էր»,- Smithsonian.com-ին ասել է սոցիալական ձեռներեց և IDeA  հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: «Տեսականորեն Տաթևն ուներ ներուժ՝ դառնալու զբոսաշրջային երթուղու առանցքային կետ, որը կկապեր Երևանը Արցախի և Հարավային Հայաստանի հետ, սակայն իր մեկուսի տեղակայումը գրեթե անհնար էր դարձնում դա: Տեղի իշխանությունները չունեին համապատասխան ֆինանսավորում՝ վերակառուցելու վանք տանող ճանապարհը և հաշվի առնելով ցրտաշունչ ձմեռներն ու շրջակա գյուղերի նոսր բնակչությունը՝ աննպատակահարմար էին համարում այնտեղ ներդրումներ անելը»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:

Վանքին և շրջակա տարածքներին նոր շունչ հաղորդելու համար Ռուբեն Վարդանյանն իր գործընկերների և ընկերների հետ ձեռնամուխ եղավ «Տաթևի վերածնունդ» նախագծին: Դրա շրջանակում մեկնարկեց համագործակցությունն ավստրո-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերության հետ՝ կառուցելու «Տաթևեր» գերժամանակակից՝ աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին: Այն ձգվում է ավելի քան 5.5 կմ՝ կապելով Սյունիքը Տաթևի հետ, իսկ թևերի ճախրանքի բարձրությունը Որոտան գետի կիրճ վրայով 300 մետրից ավելի է: Այցելուներն այժմ կարող են հասնել միջնադարյան վանք 12 րոպեում: Ճոպանուղու գործարկմամբ զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է:

«Տաթևի ճոպանուղու կառուցումից առաջ շատ քչերն էին քաջություն ունենում՝ անցնելու բավականին վտանգավոր զառիվեր ճանապարհը»,- նշել է Վարդանյանը: «Օրինակ՝ 2009 թ. վանք է այցելել շուրջ 5000 զբոսաշրջիկ, մինչդեռ այսօր Տաթևի վանք այցելող զբոսաշրջիկների թիվը կազմում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների 20%-ը: «Տաթևեր» ճոպանուղին դարձել է նոր տեսարժան վայր: Գործարկումից մինչ օրս ճոպանուղուց օգտվել է ավելի քան 640 000 զբոսաշրջիկ ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից և Ասիայից»:

Ամռանը երկկողմանի թռիչքն արժե շուրջ 10 դոլար, և հասույթի մեծ մասն ուղղվում է վանքի շարունակական վերականգնմանը: Վանքի հանրաճանաչության մեծացմանը զուգահեռ վերջինս նաև ներգրավել է նոր հանրային ֆինանսավորում, և արդյունքում IDeA  հիմնադրամն այսօր նաև ֆինանսավորում է համայնքի այլ նախագծեր: Ճոպանուղու գործարկումից հետո տեղի բնակիչները մասնակցել են հյուրընկալության ոլորտի վերապատրաստումների, իսկ հարակից քաղաքում բացվել է 20-ից ավելի հյուրատուն: IDeA-ն այդ նույն տեղացիներին նաև աջակցում է բիզնես ծրագրերի մշակման և վարկերի դիմելու գործում: «Տաթևեր» ճոպանուղում այսօր աշխատում է 50 տեղացի»,- ավելացրել է նա:

«Տարբեր շահառու կողմերի հետ մենք հարակից գյուղերում մշակում ենք տեխնիկական և կրթական ենթակառուցվածքներ՝ բարելավելով ջրամատակարարման և փողոցների լուսավորության համակարգերն ու ճանապարհային անվտանգությունը, կառուցելով երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ, վերանորոգելով դպրոցներ ու նախակրթարաններ, տեղական դպրոցներում բացելով ճարտարագիտական լաբորատորիաներ և այլն: Մեր հանձնառության առանցքային տարրերից է նաև շրջակա միջավայրի պահպանությունը՝ ծառերի տնկումը, աղբի հավաքումը, բնակավայրերում աղբամանների տեղադրումն ու բնական հուշարձանների ընդհանուր պահպանությունը»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:  

«Տաթևի վերածնունդ» նախագծի արդյունքում վանքը կարողացել է վերաբացել իր դռները որպես համայնքի մշակութային կենտրոն և զբոսաշրջային ուղղություն: Վանքի պատերի ներսում կրկին նշվում են եկեղեցական տոները և կանոնավոր ելույթներով հանդես է գալիս Տաթևի վանքի երգչախումբը: Այստեղ նաև բեմադրվում են թատերական ներկայացումներ, կազմակերպվում են համերգներ, փառատոններ և նույնիսկ սպորտային միջոցառումներ:

Վերադառնալ ցուցակ