Հոկտեմբեր 19, 2018

Ռուբեն Վարդանյան. ռուսաստանաբնակ հայ գործարար, ով նվիրաբերում է հարստությունը

Թեև նա ունի Ռուսաստանի Դաշնության անձնագիր, նրա արմատները Հայաստանում են:

Photo by FT

Financial TimesՌուբեն Վարդանյանը հիշում է, որ Խորհրդային Միության փլուզումից կարճ ժամանակ էր անցել, երբ վաստակեց իր առաջին աշխատավարձը՝ ընդամենը 100 դոլար: Իսկ այսօր նրա ուշադրության կենտրոնում են իր կուտակած մեծ կարողությունը նվիրաբերելու, ինչպես նաև ռուսներին ժառանգորդության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու հարցերը։

 

Ռուսաստանաբնակ հայ գործարարը, ով իր կարողությունը «շատ ավելի քիչ» է գնահատում, քան Forbes-ը (950 միլիոն ԱՄՆ դոլար), ասում է, որ վերջին տարիներին 300 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել նվիրատվությունների և սոցիալական ազդեցության ներդրումների տեսքով: Դրան զուգահեռ, նա խորհրդատվություն է տրամադրում հետխորհրդային շրջանում ի հայտ եկած հարուստ ընտանիքներին, որոնք մոտենում են կենսաթոշակային տարիքին:

 

1990 թ.-ին, երբ սովորում էր Մոսկվայի համալսարանում, Վարդանյանը սկսեց պատրաստվել կենտրոնական պլանավորումից շուկայական տնտեսության անցմանը: Ընդամենը մի քանի ամսում նա դարձավ «Տրոյկա Դիալոգ» բանկի առաջին աշխատակիցներից մեկը. բանկ, որը ձգտում էր դառնալ Ռուսաստանի առաջին ներդրումային բանկն արագ փոփոխվող և անկանխատեսելի «վայրի արևելքի» ժամանակաշրջանում: «Իսկապես յուրահատուկ ժամանակաշրջան էր»,- ասում է Վարդանյանը և ավելացնում. «Չկային կարգավորումներ, հաճախորդներ, և ոչ ոք չգիտեր, թե ինչ է արժեթղթերի շուկան: Իմ քննությունը ֆինանսների փոխնախարարի հետ քննարկման նյութ էր»:

 

1992 թվականին, երբ Goldman Sachs-ը տարավ ղեկավար կազմին, նա ընդամենը 23 տարեկանում դարձավ «Տրոյկա»-ի գործադիր տնօրեն: Բանկն ակտիվ գործունեություն էր ծավալում պետական ձեռնարկությունների «վաուչերային» մասնավորեցման ոլորտում և սկսեց գրավել օտարերկրյա ներդրողների ուշադրությունը՝ նրանց ներգրավելով որպես հաճախորդներ: Նա դարձավ երկրում նոր զարգացող առևտրային գործունեության և ավանդային համակարգի ավարտի վաղ մասնակիցներից: «Դա ամեն ինչի ամենասկիզբն էր»:

 

1996 թվականին նա արդեն ուներ զգալի կարողություն՝ պայմանավորված «Տրոյկա»-ում իր մասնաբաժնով, որը ձեռք էր բերել նախքան Մոսկվայի բանկի կողմից վերջինիս ձեռքբերումը: Այնուհետև սկսվեց 1998 թվականի ֆինանսական ճգնաժամը և լայնատարած դեֆոլտը: «Դա սարսափելի էր: Մեր բիզնեսի 80 տոկոսը գալիս էր արևմտյան հաճախորդներից, և նրանք բոլորն անհետացան»:

 

2001 թվականին նոր սեփականատերը փորձում էր հեռացնել նրան բանկից, սակայն նա պայքարեց և հասավ բանկի ձեռքբերմանը: 2008 թվականին նա ականատես եղավ մեկ այլ ֆինանսական ճգնաժամի և վաճառեց իր մասնաբաժինը Standard բանկին՝ նախքան ռուսական «Սբերբանկ»-ը 2012 թվականին կգներ ողջ ընկերությունը:  

 

Այդ ժամանակաշրջանում նա արդեն մտածում էր իր կարողության բաշխման տարբերակների և սոցիալական նպատակով գումար ներդնելու մասին: Նա Մոսկվայի մերձակայքում 2006 թվականին բացված «Սկոլկովո» բիզնես դպրոցի հիմնադիրներից է. այստեղ նա խրախուսում էր քննարկումներն առ այն, թե ինչպես պետք է բաշխել և վաստակել գումար:

 

«Ես ցանկանում էի ստեղծել մասնավոր սեփականության նոր ենթակառուցվածք»,- ասում է նա: «Ես հասկացա, որ հեղափոխությունից 100 տարի անց դա առանցքային կարևորություն ուներ Ռուսաստանի համար, քանի որ մենք գործ ունեինք առաջին սերնդի հետ, որը պետք է փոխանցեր կարողությունը հաջորդ սերնդին: Նրանք չունեին փորձ, մշակույթ և իրավական ենթակառուցվածք»:

 

Նա ստեղծեց իր սեփական՝ «PHILIN» խորհրդատվական խումբը, որը հարուստ մարդկանց հիմնած բարեգործական ենթակառուցվածքների կառավարչական աջակցություն է տրամադրում, և «Phoenix Advisors»-ը՝ աջակցելու այդ ընտանիքներին հարստության պահպանման և ժառանգորդության հարցերով: Նրա թիրախային շուկան 50 միլիոնից մինչև 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ակտիվներ ունեցող ընտանիքներն են, և իր իսկ խոսքերով՝ նա արդեն ունի 50 հաճախորդ: «Դա ամենաբարդ կատեգորիան է: Նրանք այնքան մեծ չեն՝ ունենալու ընտանեկան գրասենյակներ, և ոչ էլ այնքան փոքր են, որ հարմար լինեն մասնավոր բանկերի համար»:

 

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ սակավաթիվ են այն ռուսները, ովքեր պատրաստ են ժառանգորդության: «Սկոլկովո» դպրոցում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ նրանց երեխաների 78 %-ը չի ցանկանում շարունակել ծնողների բիզնեսը, իսկ բիզնեսների հիմնադիրների 92 %-ը դեռ չի կազմել կտակ:

 

«Մենք հավատացած ենք, որ գալիք հինգ տարիներին բարեգործությունը շատ արագ է զարգանալու, սակայն մարդիկ չունեն դրա մասին մտածելու մշակույթ»,- ասում է Վարդանյանը: «Սա առանցքային հարց է լինելու Ռուսաստանի համար: Ումի՞ց կարող են սովորել նրանք: Ձեր ընկերությունը պետք է կառավարվի, ղեկավարությունը կարող է գողանալ ձեզնից, իրավական համակարգն անարդյունավետ է և երբեմն կոռումպացված: Դուք կարող եք կորցնել ամեն բան»:

 

«Իմ գլխավոր խորհուրդն այն է, որ ինչ էլ որոշեք, Ձեր ընտանիքին դա բացատրելը պահանջելու է ժամանակ՝ հինգ տարի կամ ավելի»,- ասում է նա: «Պետք է սկսել արդեն այսօր, հակառակ դեպքում կարող է լինել վտանգավոր: Դա երկարաժամկետ գործընթաց է, որը պահանջում է մեծ ջանքեր և ամուր հանձնառություն: Արե՛ք դա հնարավորինս շուտ»:

 

Ռուբեն Վարդանյանն ու իր տիկինը եկել են համաձայնության առ այն, որ նվիրաբերելու են իրենց ունեցվածքի 80 %-ը՝ իրենց երեխաներին թողնելով ունեցվածքի միայն մի որոշ մասը և համեմատաբար համեստ միջոցներ: Թեև Վարդանյանն ունի Ռուսաստանի Դաշնության անձնագիր, նրա արմատները Հայաստանում են՝ երկրի հարավային մասում, որտեղ էլ ծավալում է իր գործունեության մի մասը:

 

Մեկ դար առաջ փլուզվող Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունը շարունակում է ծանր պատմական խնդիր մնալ Հայաստանում, որի մայրաքաղաք Երևանում ցեղասպանության զոհերի հուշահամալիր է կառուցվել: Վարդանյանի պապիկը չէր սիրում խոսել իր կյանքի մասին, սակայն Վարդանյանն իմացել էր, որ իր պապին փրկել է մեկ թուրք և չորս ամերիկացի միսիոներներ, իսկ այնուհետև նա տեղավորվել է որբերի համար նախատեսված դպրոցում:

 

Այս պատմությունից ոգեշնչված՝ նա 2016 թվականին հիմնեց «Ավրորա» ամենամյա մրցանակը՝ մեծարելու մարդասիրական խիզախությունը, հանձնառությունը և ազդեցությունը (մրցանակի ֆոնդի գումարի մեծ մասը նվիրաբերում է հենց ինքը՝ Վարդանյանը): Այս տարի մրցանակի դափնեկիրն ակտիվիստ և իրավաբան Չո Լա Աունն էր, որը պայքարում է Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների համար: Մրցանակի 2017 թվականի դափնեկիրը Սուդանի Նուբա լեռներում գործունեություն ծավալող բժիշկ Թոմ Քաթինան է, իսկ 2016 թվականի՝ առաջին մրցանակի դափնեկիրը՝ Բուրունդիի որբերի հետ աշխատող Մարգարիտ Բարանկիցեն:

 

«Մենք բոլորս հիշում ենք նրանց, ովքեր սպանվել են, բայց կարևոր է հիշել նաև փրկվածներին»,- ասում է Վարդանյանը: «Մենք պետք է արտահայտենք մեր երախտագիտությունը և վերադարձնենք ինչ-որ բան: Խոսքը ոչ թե մարդու իրավունքների մասին է, այլ մարդկային արժեքների»:

 

Նա նաև զգալի գումարներ է ներդրել կրթության ոլորտում. հատկանշական է Հայաստանի հյուսիսում՝ Դիլիջանում, դպրոցի կառուցումը: Ինչպես ինքն է բնորոշում, իր գործունեության մեծ մասը «խարսխային նախագծերի» միջոցով իրականացված «առևտրային սոցիալական ազդեցության» ներդրումներն են: Դրանք ներառում են մոտեցում, որը հիմնված է «մասնավոր-պետություն» և ոչ թե «պետություն-մասնավոր» (կամ պետության կողմից առաջնորդվող) սկզբունքի վրա, և շեշտադրում են այն նախագծերը, որոնք լայնածավալ ու հավակնոտ են:

 

Նա խրախուսել է ներդրումների ներգրավումն անսովոր մեծ հայկական սփյուռքից (7 միլիոն), որը Հայաստանի բնակչությունից կրկնակի մեծ է: «Նրանք եղել են լավ, սակայն միևնույն ժամանակ վատ Հայաստանի համար»,- ասում է նա: «Ընդհանուր առմամբ՝ նրանք ամեն տարի տալիս են 2 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչն օգնում է մարդկանց գոյատևել, սակայն ձևավորում է սխալ ուղերձ: Արտաքին ֆինանսավորումից կախվածությունը նման է նավթից կախվածության. եթե այն անվճար է, դուք այն չեք գնահատում»:

 

Նրա առաջնահերթությունները ձևավորվել են «Հայաստան 2020» նախագծից, որի իրականացման համար նա 15 տարի առաջ դիմել էր «McKinsey» ընկերությանը: Խորհրդատվական ընկերությունն առանձնացրել էր մի քանի ոլորտ, որոնք առանցքային էին Հայաստանի զարգացման համար՝ կրթություն, առողջապահություն, քաղաքաշինություն, մշակութային ժառանգություն ու ազգային ինքնություն:  

 

«15-20 տարի հետո մենք մեկ այլ զեկույց կունենանք՝ հասկանալու՝ արդյոք դա աշխատում է, թե ոչ: Բայց արդեն ունենք հաջողության որոշ պատմություններ»,- ասում է նա՝ որպես օրինակ նշելով Տաթևի վանք տանող ճոպանուղու ֆինանսավորումը, որը զգալիորեն նպաստել է տարածաշրջանում զբոսաշրջության և ներդրումների խթանմանը:  

 

Ըստ նրա՝ Հայաստանը փորձադաշտ է նմանատիպ բնութագրիչներ ունեցող 25 այլ՝ փոքր, «անտեսանելի» երկրների  համար, ինչպիսիք են Մոլդովան, Մակեդոնիան և Նիկարագուան: «Ոչ ոքի հետաքրքիր չեն այս երկրները, հետևաբար այնտեղ դժվար է ներդրում կատարել: Բարեգործական նվիրատվությունների ծախսերը բարձր են: Ես մտածում էի, թե ինչպես կարող ենք այս խնդիրը վերածել լուծման՝ ստեղծելու այլ երկրների համար համընդհանուր մի բան»:

Շեշտադրելով երկարաժամկետ պլանավորման անհրաժեշտությունը հետխորհրդային ընտանիքների հարստությունը նոր սերնդին փոխանցելու դեպքում, Վարդանյանը նաև ընդգծում է համբերատար լինելու անհրաժեշտությունը: «Դա ամենամեծ խնդիրներից է: Հայաստանում ներդրումների վերադարձելիության ակնկալիքը սովորաբար առավելագույնը 10 տարի է: Մեր տեսլականը 25 տարվա համար է»: 

Վերադառնալ ցուցակ