Դեկտեմբեր 22, 2016

«Իրական հեքիաթ»-ն այցելեց Դիլիջանի փոքրիկներին

Երեք օրվա ընթացքում «Հեքիաթ»-ի ստեղծմանը մասնակցեց ավելի քան 500 երեխա

Դիլիջանի համայնքային կենտրոնը (Dilijan Community Center) ամանորյա տոնական միջոցառումներ կազմակերպեց քաղաքի փոքրիկների համար:

Դեկտեմբերի 19-ին, 20-ին և 21-ին երեխաները դիտեցին Երևանի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, համայնքային կենտրոնի թատերական խմբակի ղեկավար Վահան Բադալյանի բեմադրած «Իրական հեքիաթ» ամանորյա ինտերակտիվ թատերական ներկայացումը: Ներկայացման բեմադրման աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են համայնքային կենտրոնի թատերական խմբակ հաճախող  դիլիջանցի երեխաները:

Միջոցառման ժամանակ երեխաները դարձան ներկայացման ոչ միայն հանդիսատեսը, այլև հեքիաթային գործողությունների անմիջական մասնակիցը:

«Դիլիջանում իմ ու համայնքային կենտրոնի առջև կարևոր խնդիր է դրված՝ աջակցել քաղաքում մշակութային կյանքի վերածնունդին՝ ստեղծելով թատերական նոր ավանդույթ, երբ ներկայացման յուրաքանչյուր մասնակից և քաղաքի յուրաքանչյուր բնակիչ կարող է ստեղծել իր իրականությունը: Հենց այս պատճառով էլ մենք ընտրել ենք ինտերակտիվ ներկայացման ձևաչափը: Մենք հավատացած ենք, որ յուրաքանչյուր բնակիչ կարող է մասնակցել համընդհանուր ուրախ տրամադրության ստեղծմանը և քաղաքի կյանքը փոքր-ինչ բարի դարձնել: Այս իմաստով Ամանորն ամենահարմար տոնն է, և ես ուրախ եմ, որ Դիլիջանի երեխաների հետ մեզ հաջողվեց ստեղծել այս հրաշքը նրանց հարևանների համար»,- ասել է Վահան Բադալյանը:

Երեք օրվա ընթացքում «Հեքիաթ»-ի ստեղծմանը մասնակցեց ավելի քան 500 երեխա:

«Այն, ինչ մենք անում ենք, շատ կարևոր է: Դիլիջանի բնակիչները սովոր չեն տեսնել այսպիսի նոր ներկայացումներ, որի ժամանակ հանդիսատեսը շփվում է դերասանների հետ և նրանց հետ գտնվում նույն բեմի վրա: Ես տեսնում եմ, թե ինչպես են երեխաները զարմանում, երբ ես մոտենում եմ նրանց և առաջարկում դառնալ գործողության մի մասը, ինչպես են փայլում նրանց աչքերը, երբ հասկանում են, որ նրանք ոչ թե պարզապես հանդիսատես են, այլև հեքիաթի ստեղծման իրական հեղինակներ: Ինձ, որպես Դիլիջանի բնակչի, շատ կարևոր է մասնակցել մի միջոցառման, որն ուրախություն է պարգևում երեխաներին»,- ներկայացման ավարտին նշել է տոնական միջոցառման վարող, 17-ամյա Տիգրան Աղաջանյանը:

Հեքիաթային տրամադրության ստեղծման համար Armenia Tree Project հիմնադրամը տրամադրել էր 20 բնական եղևնի, որոնք տնկվելու են Դիլիջանում: Այս աջակցության հիմնական գաղափարն է ցույց տալ Դիլիջանի երեխաներին, որ Նոր Տարին լավ առիթ է  բնության հանդեպ հոգատար վերաբերմունք դրսևորելու համար: Միջոցառման մասնակիցների համար քաղցր նվերները պատրաստվել էին «#2» երիտասարդական սրճարանի պատանի մատուցողների և խոհարարների կողմից:

Ներկայացումները Դիլիջանի համայնքային կենտրոնում կցուցադրվեն նաև տոնական օրերին՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին: Ակնկալվում է, որ դրանց կմասնակցի ավելի քան 700 երեխա: 

Վերադառնալ ցուցակ