Փետրվար 15, 2017

Տեառնընդառաջի տոնը համախմբել է Տաթեւ համայնքի նորապսակներին

Տաթեւի վանքում, վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի ձեռամբ, կատարվել է ավելի քան 25 նորապսակների օրհնության կարգ:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անընդմեջ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում Տեառնընդառաջի տոնն առանձնահատուկ կերպով է նշվում:

Փետրվարի 14-ին Տաթեւի վանքում, վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի ձեռամբ, կատարվել է ավելի քան 25  նորապսակների օրհնության կարգ, որին հաջորդել է տոնական հյուրասիրություն, երգ ու պար։

Միքայել վարդապետ Գեւորգյանի խոսքով, նման միջոցառումները Տաթեւի բնակիչներին միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն են ընձեռում:

 «Նման նախաձեռնությունները մտերմացնում են նորաստեղծ ընտանիքներին, իսկ Տաթևի բնակիչներն իրենց առավել ներգրավված են զգում համայնքային կյանքին»,-ասել է Հայր Միքայելը։ Նրա խոսքով, այսպիսի միջոցառումները նպաստում են եկեղեցու շուրջ համախմբմանը, հոգեւոր կյանքի զարթոնքին և ազգային ավանդույթների պահպանմանը:

«Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը նշել է, որ տոնական միջոցառումները նպատակ են հետապնդում ոչ միայն համախմբել երիտասարդ զույգերին, այլեւ տոների միջոցով զբոսաշրջային ոչ ակտիվ շրջանում նպաստել համայնքային կյանքի աշխուժացմանը Տաթեւի տարածաշրջանում:

«Չնայած ցրտաշունչ ձմռանը՝ Տաթեւի համայնքում բնակվող նորապսակ զույգերը սիրով եկել են նշելու այս տոնը: Նման ոգեւորությունը փաստում է, որ արդեն բարի ավանդույթ դարձած միջոցառումը տեղի բնակիչների համար սպասված տոն է»,- ասել է Հայկ Թութունջյանը։

Միջոցառման ավարտին  նորապսակ զույգերին հանձնվեցին խորհրդանշական նվերներ: 

Վերադառնալ ցուցակ