Մարտ 31, 2017

IDeA հիմնադրամը շարունակում է աջակցել սիրիահայերին

Հիմնադրամի աջակցությամբ Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 64 հոգի։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը շարունակում է աջակցել սիրիահայությանը։

Հիմնադրամի աջակցությամբ «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության  «Փրկիր մի կյանք» ծրագրով մինչ օրս Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 64 հոգի: Առաջիկա 3 ամիսներին Հայաստան տեղափոխվելու ցանկություն է հայտնել ևս 30 սիրիահայ։

2016 թ․ հոկտեմբերին IDeA հիմնադրամը հայտարարել էր սիրիահայերի աջակցության նպատակով 250 հազար ԱՄՆ դոլար հատկացնելու մասին: Այս ֆինանսական հատկացումը բաշխվում է չորս գործընկեր կազմակերպությունների՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ), «Առաքելություն Հայաստան» (Mission Armenia) հասարակական կազմակերպության, «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության եւ «Repat Armenia» հիմնադրամի միջեւ՝  սիրիահայերի համար ծրագրերի մշակման եւ իրագործման համար։

IDeA հիմնադրամի տրամադրած միջոցներով «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը 2017 թ. հունվարից հոգում է բնակարանների վարձակալության ծախսերը Հայաստան տեղափոխված 40 սիրիահայի համար:

Գործընկեր կազմակերպությունների ջանքերով կազմակերպվել են Հայաստանում սիրիահայերի ինտեգրմանն ուղղված հանդիպումներ և միջոցառումներ։ 

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են սիրիահայերին օժանդակելու նպատակով դրամական աջակցություն ցուցաբերել ՀԲԸՄ-ին, «Առաքելություն Հայաստան», «Հալէպ» եւ Repat Armenia կազմակերպություններին, կարող են նրանց հաշվեհամարներին վերաբերող տեղեկատվությունը գտնել այս հղումով:

Սիրիահայերին կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման եւ այլ առաջարկները կարող եք ուղղել [email protected] էլ. փոստով կամ +374 (0) 60 700801 հեռախոսահամարով: 

Վերադառնալ ցուցակ