Ապրիլ 01, 2017

Տաթեւի երգչախմբի համերգային ուղեւորությունը Երևան ու Էջմիածին

Համերգային երեկոյի ընթացքում երգչախումբը հանդես եկավ հոգեւոր, ժողովրդական, հայրենասիրական եւ մանկական երգերի կատարմամբ:

Մարտի 31-ին Երևանի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Տաթեւի վանական երգչախմբի համերգային երեկոն, որը կրում էր «Տաթեւի զանգակներ» խորագիրը:

Համերգային երեկոյի ընթացքում երգչախումբը հանդես եկավ հոգեւոր, ժողովրդական, հայրենասիրական եւ մանկական երգերի կատարմամբ:

Միջոցառման ընթացքում առաջին անգամ Տաթեւի վանական երգչախմբի հետ համատեղ ելույթ ունեցավ նաեւ Շինուհայր գյուղի երաժշտական դպրոցի երգչախումբը։

Տաթեւի վանական համալիրի երգչախումբը ստեղծվել է  2013 թվականին՝  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)  հիմնադրամի  կողմից իրականացվող «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Երգչախմբում ընդգրկված են շնորհալի երեխաներ վանական համալիրի հարակից Հալիձոր, Տաթեւ, Շինուհայր, Սվարանց եւ Խոտ համայնքներից:

Համերգային հնգօրյա ուղեւորության շրջանակներում երգչախումբը համերգով հանդես եկավ նաև Երեւանի և Էջմիածնի եկեղեցիներում։

Երգչախմբի խմբավար Լուսինե Սարգսյանը նշում է, որ  երգչախմբի սաները մեծ ոգեւորությամբ են պատրաստվում համերգային ուղեւորություններին։

«Հոգեւոր երաժշտությունը և եկեղեցու հետ կապը հոգեւոր սնունդ են ապահովում երեխաների ամբողջ կյանքի համար։ Շատ կցանկանայի, որպեսզի ապագայում երգչախմբում երգեն ավելի մեծ թվով երեխաներ», -ասում է Լուսինե Սարգսյանը։

Երգչախմբի սան Անուշ Գրիգորյանը պատմում է․

«Երկար էի նախապատրաստվում այս տարվա համերգային շրջագայությանը։ Ինձ թվում էր, որ բեմում լարված ու մտահոգ կլինեմ, սակայն երբ սկսում ես երգել, ամեն հնչյուն, որ գալիս է մեր հոգուց, հանգստություն է պարգեւում, ու թույլ տալիս, որ բեմի վրա քեզ շատ անկաշկանդ զգաս»։

Tatev

Երգչախմբի մինչ օրս գրանցած ամենամեծ հաջողությունը մասնակցությունն էր Հայ հոգեւոր երաժշտության «Շարական» փառատոնին, որը տեղի է ունեցել անցյալ տարի աշնանը։

Տաթեւի վանահայր Միքայել Տեր Վարդապետ Գեւորգյանի կարծիքով, երգչախումբը նպաստում է երեխաների  հոգեւոր դաստիարակությանը։ Երգչախմբի ստեղծումը, ըստ նրա, հայ հոգեւոր երաժշտության լավագույն ավանդույթների շարունակությունն է։ 

Վերադառնալ ցուցակ