Ապրիլ 25, 2017

IDeA հիմնադրամը վարչապետին է ներկայացրել Հայաստանի զարգացման ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է IDeA-ի ներկայացուցիչներին՝ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ներկայացուցիչներին՝ IDeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկայացվել են հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերը և նոր նախաձեռնությունները:

Ռուբեն Վարդանյանը կարեւորել է պետության կողմից երկրի զարգացման տեսլականի մշակումը, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցությունը զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում:

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ 2007 թ․-ից մինչ օրս IDeA հիմնադրամը գործընկերների, դոնորների հետ միասին Հայաստանում տարաբնույթ ծրագրերի իրականացման համար արդեն ներդրել է ավելի քան 550 միլիոն ԱՄՆ դոլար և նախատեսում է առաջիկա 15 տարում շուրջ 1.3 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումներ ներգրավել, որոնք լուրջ դրական ազդեցություն կունենան Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա։

IDeA-ի հիմնադիրը ներկայացրել է Հայաստանի զարգացման նոր նախագծերի առաջարկությունների փաթեթ, որը ներառում է ինչպես արդեն գործող ծրագրերի շարունակականություն, այնպես էլ նոր ուղղություններ: Նշելով, որ Հայաստանի առաջընթացի համար IDeA-ն ստեղծել է իր ծրագրերի համար որպես հարթակ ծառայող զարգացման 10 ուղղություն՝ Ռուբեն Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, առողջապահության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության, ենթակառուցվածքների զարգացմանը, մշակութային ժառանգության պահպանմանը և ֆինանսաբանկային համակարգի հզորացմանը, ինչպես նաև Արցախի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի վերաբերյալ:

Նրա խոսքով՝ այդ ծրագրերը երկարաժամկետ կտրվածքով սոցիալ-տնտեսական ազդեցություն են ունենալու և բարձրացնելու են Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում: Ռուբեն Վարդանյանը նաև խոսել է ծրագրերի իրագործման հետ կապված խնդիրների մասին և առաջարկել դիտարկել կառավարման, պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների արդյունավետությանը, չափորոշիչների ու մոտեցումների հստակեցմանն ուղղված քայլերը:

Կարեն Կարապետյանը ողջունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի գործունեությունը՝ այն գնահատելով արդյունավետ և կարեւոր երկրի առաջընթացի ու ապագայի համար: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուբեն Վարդանյանին և իր գործընկերներին, որ մտահոգ են Հայաստանի համար, կանոնավոր աշխատանքներ են իրականացնում մեր երկրում, և մենք մեր վերաբերմունքով, համարժեք արձագանքով պետք է ոգևորենք նրանց: Կառավարությունը շահագրգռված է, որպեսզի յուրաքանչյուր ներդրող Հայաստանում իրեն պաշտպանված ու հարմարավետ զգա: Այդ իսկ պատճառով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը պետք է լինի հասկանալի և ձեռնտու կոնտրագենտի համար: Մենք պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկությունները», - ընդգծել է վարչապետը:

Անդրադառնալով ներկայացված նախաձեռնություններին՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ակտիվ աշխատել IDeA հիմնադրամի հետ ըստ ոլորտների մշակված կոնկրետ ծրագրերով: «Ներկայացված բոլոր ծրագրերով պետք է արձագանքել՝ ո՞րն է առարկայական, որպեսզի նախաձեռնող խումբը մեզնից հստակ տեղեկատվություն ստանա հետագա քայլերի վերաբերյալ: Մենք այս հարթակն օգտագործում ենք՝ ծրագրերը համատեղ քննարկելու և ընդհանուր մոտեցմամբ առաջ շարժվելու համար», - ասել է վարչապետ Կարապետյանը:

Վերադառնալ ցուցակ