Մայիս 27, 2017

UWC Dilijan-ի 87 նորավարտ սաները, որոնք պատրաստ են փոխել աշխարհը

Մայիսի 27-ին UWC Dilijan միջազգային դպրոցը ճանապարհեց շրջանավարտների իր երկրորդ սերունդը:

Մայիսի 27-ին UWC Dilijan միջազգային դպրոցը ճանապարհեց շրջանավարտների իր երկրորդ սերունդը՝  87 երիտասարդ տղաներ եւ աղջիկներ 50 երկրից, որոնք ձեռնարկում են իրենց առաջին քայլերը մեծ աշխարհում։

«Դուք պատրաստ եք փոխել աշխարհը»,- իր ողջույնի խոսքում հայտարարեց UWC Dilijan-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ հաջողություն մաղթելով բոլոր շրջանավարտներին։

Ամբողջ ավարտական օրը նվիրված էր 2017-ի շրջանավարտների հրաժեշտին։ Այն լի էր հուզիչ միջոցառումներով, որոնք թույլ տվեցին 700 հյուրերին ընկղմվել  UWC շարժման մթնոլորտ։

Առավոտը մեկնարկեց «Կրթությունը եւ կյանքը UWC Dilijan-ում» խորագիրը կրող միջոցառումների շարքով, որոնք ուսանողների ծնողներին, հյուրերին եւ դպրոցի դոնորներին ծանոթացրեցին դպրոցի հետաքրքրաշարժ եւ ոգեշնչող կրթական գործընթացին։ Ուսանողները եւ դասախոսներն անցկացրեցին անգլերենի, իսպաներենի, ֆիզիկայի, պատմության, ինչպես նաեւ տնտեսագիտության, բնագիտական առարկաների եւ մաթեմատիկայի բաց դասեր, կազմակերպեցին կերպարվեստի բաժնի ուսանողների աշխատանքների ցուցահանդես, թատերական ներկայացում եւ նորաձեւության հանդես, որը պատրաստված էր շրջանավարտներից մեկի կողմից, հանդես եկան մարտարվեստի բաժնի ցուցադրական ելույթով եւ անցկացրեցին ֆուտբոլային հանդիպում։  

Օրը շարունակվեց «Aurora Dialogues» քննարկումներով, որոնք կազմում են համաշխարհային հումանիտար ամենասուր խնդիրների լուծմանը նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մի մասը։ Այս տարի դրանք անցկացվեցին Երեւանում եւ Դիլիջանում՝ մայիսի 26-ին եւ 28-ին։ UWC Dilijan-ի սաները, դասախոսները եւ միջոցառման հյուրերը հրավիրված էին մասնակցելու «Ժամանակն է գործել» քննարկմանը, որն իրենից ներկայացնում էր առաջատար հումանիտար գործիչների, բարեգործների եւ կրթության ոլորտի մասնագետների շնորհանդեսների եւ բաց քննարկումների շարք։ Բանավեճերը նվիրված էին կրթության համատարած հասանելիության, հումանիտար ճգնաժամերի լուսաբանման եւ դրանց հանդեպ աշխարհի ուշադրության սեւեռման գործում ԶԼՄ-ների դերի, մարդու իրավունքների պաշտպանության, դերային մոդելների ստեղծման, խոչընդոտների հաղթահարման, փախստականներին եւ ռիսկային այլ խմբերի ներկայացուցիչներին օգնության ցուցաբերման խնդիրներին։

UWC միջազգային շարժումը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որոնց միավորում է առաքելությունների ընդհանրությունը, փորձում են բարձրացնել ամենասուր հումանիտար խնդիրների մասին հանրության իրազեկման մակարդակը եւ ձեռնարկել ակտիվ քայլեր՝ դրանց լուծում գտնելու նպատակով։

Քննարկումների խոսնակների եւ մասնակիցների թվում էին «Ավրորա» մրցանակի 2016 թ-ի դափնեկիր, «Շալոմի տուն» եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարետ Բարանկիցեն, Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհում խաղաղութան տարածման ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան, լիբերիացի Լեյմա Գբովին, բռնի արտագաղթի եւ միջազգային հարաբերությունների մասնագետ, Փախստականների խնդիրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, Օքսֆորդի համալսարանի Գրին Տեմփլտոն քոլեջի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Ալեքսադր Բեյթսը, թագուհի Ռանիայի Կրթության և զարգացման ֆոնդի գլխավոր տնօրեն Հայֆա ալ-Աթթիան, գրող եւ բարեգործ Նարինե Աբգարյանը, ինչպես նաեւ այլ ակնառու հասարակական եւ հումանիտար գործիչներ, կրթության ոլորտի մասնագետներ եւ ԶԼՄների ներկայացուցիչներ։

Ելույթ ունենալով «Կրթությունը բոլորի համար» քննարկմանը՝ UWC International-ի գործադիր տնօրեն Յենս Ուոլտերմանը պատմեց, թե ինչպիսինն է UWC շարժման մոտեցումը կրթական գործընթացին։ Տարբեր սոցիալական խավերի տաղանդավոր երեխաներին բարձրակարգ կրթության մատուցումը օգնում է ոչ միայն ուսանողների եւ իրենց ծնողների, այլեւ ամբողջ հասարակության առաջընթացին։ «UWC-ն խրախուսում է երեխաներին դառնալ հասարակության առաջնորդ, իրացնել իրենց ներուժը եւ գործել։ Չեմ ուզում ճնշում գործադրել այսօրվա շրջանավարտների վրա, բայց սա այն է, ինչ ակնկալում ենք ստանալ ձեզնից»,- հայտարարեց նա։

Քննարկումների ծրագիրը ներառում էր նաեւ UWC համակարգի երեք դպրոցների ուսանողների շնորհանդեսներ։ Դրանք են՝ Հնդկաստանի UWC Mahindra College-ը, Սվազիլենդի Waterford Kamhlaba UWC-ն, որտեղ սովորում են ուսանողներ ողջ աֆրիկյան մայրցամաքից, եւ Գերմանիայի UWC Robert Bosch College-ը։ Այս ուսանողական թիմերը անցել էին «Ավրորա» հումանիտար նախաձեռնության կողմից UWC դպրոցների համար կազմակերպված նախագծի եզրափակիչ փուլ։ Նախագիծը միտված էր ոգեշնչել ուսանողներին՝ ստեղծելու հասարակության համար օգտակար նախաձեռնություններ, որոնք կօգնեն լուծել տվյալ UWC դպրոցի տարածաշրջանի առավել արդիական հումանիտար խնդիրները։ Հաղթող ճանաչվեց UWC Robert Bosch College-ի «DoGood» («Բարին արա») նախագիծը, որի նպատակն էր աջակցել փախստականներին՝ ստեղծելով ուսուցմանը եւ մասնագիտական վերապատրաստմանը ծառայող մի ամբողջ հարթակ։ Դրա հետ մեկտեղ, համաձայն Aurora Humanitarian Initiative մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի կողմից բարձրաձայնած ժյուրիի որոշմանը, բոլոր երեք թիմերը ստացան 4000-ական եվրո՝ իրենց ծրագրերի հետագա զարգացման համար։ Մրցանակները ուսանողներին հանձնեց Նյու-Յորքում Կարնեգի հիմնադրամի նախագահ եւ Aurora Humanitarian Initiative համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։

Ավարտական օրվա մաս կազմեց նաեւ հայտնի գիտնականի մեծարումը, ով մոտ հինգ տասնյակ գիրք նվիրաբերեց UWC Dilijan-ի գրադարանին։ UWC Dilijan-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը հայտարարեց, որ UWC Dilijan-ի տնօրենների եւ հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել՝ վերանվանելու դպրոցի գրադարանը «Վարդան Գրեգորյանի անվան ուսումնական կենտրոն»։

Ավարտական օրը եզրափակվեց UWC Dilijan-ի ուսանողների կողմից նախապատրաստված ներկայացմամբ։ Համերգային ծրագրի բոլոր կատարումները համակցված էին բաժանման եւ ավանդույթների փոխանցման մտքով։ Մասնավորապես, Պեդրոն Իսպանիայից եւ Ալեքսանդրան Ռուսաստանից կատարեցին Յուրի Շեվչուկի «Это все, что останется после меня» («Սա այն ամենն է, ինչ կմնա ինձնից հետո») երգը։

«Մենք հույս ունենք, որ դուք կվերադառնաք Դիլիջան որպես շրջանավարտներ, հյուրեր եւ ապագա ուսանողների ծնողներ», - դիմելով ուսանողներին՝ ասաց Վերոնիկա Զոնաբենդը։

Տոնական արարողության շրջանակներում հնչեցին դպրոցի տնօրեն Դենիզ Դևիդսոնի, դասախոսների, դպրոցի առաջին եւ երկրորդ տարիների ուսանողների հրաժեշտի խոսքերը։

Վերադառնալ ցուցակ