Օգոստոս 28, 2017

IDeA-ի ծրագրով Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաները պատրաստվում են ուսումնական տարվան

Սեպտեմբերի 1-ին դպրոց կհաճախի 15 երեխա։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության մեկնարկից մինչ այսօր Սիրիայից  Հայաստան են տեղափոխվել 133 սիրիահայեր։

Նրանցից 15-ը դպրոցականներ են, որոնք սեպտեմբերի 1-ին դպրոց կգնան Հայաստանում։ Ծրագրի շահառուների թվում ուսանողները չորսն են։  

Նոր ուսումնական տարվան ընդառաջ IDeA հիմնադրամը որոշեց ոգևորել սիրիահայ դպրոցականներին ու ուսանողներին՝ «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության միջոցով նրանց նվիրելով գրենական պիտույքներ, պայուսակներ,  հագուստ ու կոշիկներ։  Ի դեպ, հագուստն ու կոշիկները ձեռք են բերվել բացառապես սիրիահայ արտադրողներից։

«Սեպտեմբերի 1-ին 15 սիրիահայ երեխաներ դպրոց կհաճախեն ոչ թե Սիրիայում, այլ Հայաստանում։ Նրանցից 13-ի համար դպրոցական զանգը կհնչի առաջին անգամ։ Հայաստանում սիրիահայ դպրոցականների ու ուսանողների համար Գիտելիքի օրն անմոռանալի դարձնելու նպատակով մենք որոշեցինք ոգևորել նրանց նվերներով, ինչի արդյունքում աջակցություն ստացան նաև սիրիահայ գործարարները»,- նշեց «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի ղեկավար Արմեն Մինասյանը:

12-ամյա Քրիստ Կարապետյանը, ով սովորելու է 7-րդ դասարանում, անհամբերությամբ է սպասում Հայաստանում դպրոցական առաջին օրվան։

«Ուրախ եմ, որ դպրոց եմ գնալու Հայաստանում։ Այստեղ արդեն շատ ընկերներ ունեմ։ Շատ ոգևորիչ է ուսումնական տարին սկսել նման նվերներով», - ասաց Քրիստ Կարապետյանը:

IDeA հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» ծրագիրը մեկնարկել է 2016թ.-ին: Դրա նպատակն է փրկել Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների կյանքը, ինչպես նաև լուծել նրանց ամենահրատապ խնդիրները: Այս ծրագրի շրջանակում IDeA հիմնադրամը համագործակցում է ռազմավարական գործընկեր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ),  «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության, «Վերադարձ Հայաստան» (Repeat Armenia) հիմնադրամի ու «Առաքելություն Հայաստան» (Mission Armenia) կազմակերպությունների հետ: 

Վերադառնալ ցուցակ