Հոկտեմբեր 06, 2017

Առաջին Diaspora Dialogues քննարկումները կանցկացվեն Հայաստանում

Սփյուռքի առաջնորդները կներկայացնեն իրենց փորձը եւ գիտելիքները՝ արդյունավետ հարաբերություններ հաստատելու գործում

Հայաստանում տեղի կունենան առաջին Diaspora Dialogues քննարկումները, որը տարբեր ազգերի սփյուռքի առաջնորդների հավաք է: Քննարկումները, որոնք կազմակերպվել են Common Purpose առաջնորդության զարգացման կազմակերպության կողմից՝ UWC Dilijan քոլեջի հետ համագործակցությամբ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ, կանցկացվեն հոկտեմբերի 8-10-ը Դիլիջանում եւ Երեւանում:

«Ողջ աշխարհով մարդիկ բարդ խնդիրների ականատես են լինում. այդ խնդիրները սահմաններ չունեն: Դրա համար էլ մենք ունենք առաջնորդների կարիք, որոնք կարող են գործել սահմաններից դուրս: Diaspora Dialogues-ը եզակի հնարավորություն է համախմբելու բացառիկ առաջնորդների, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում գործել են՝ հաղթահարելով սահմանները: Սա չափազանց ոգեւորող է», - ասաց Common Purpose կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջուլյա Միդլթոնը:

Diaspora Dialogues-ի մասնակիցները ծագումով տարբեր երկրներից են եւ ունեն բազմազան  փորձառություններ: Նրանք կրթության, գործարարության, բարեգործության, նորարարության բնագավառների, քաղաքացիական հասարակության եւ հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչներ են:

«Պատահական չէ, որ առաջին Diaspora Dialogues-ն անցկացվում է UWC Dilijan քոլեջում, որովհետեւ այն ապագա առաջնորդների կենտրոն է, որոնք տարբեր համայնքների համար դառնում են կամուրջներ եւ պայքարում են աշխարհում բաժանարար գծերի դեմ: Մենք ողջունում ենք սփյուռքի առաջնորդներին UWC Dilijan-ում՝ վստահ լինելով, որ ներկայացնելով մեր փորձն ու գիտելիքները, մենք կկարողանանք ստեղծել եւ զարգացնել նոր գաղափարներ, որոնք հնարավոր կլինի գործնականում կիրառել», - ասաց UWC Dilijan քոլեջի համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

Երեք օրվա ընթացքում Diaspora Dialogues-ի մասնակիցները, այդ թվում՝ UWC Dilijan-ի ուսանողները, միմյանց կներկայացնեն գաղափարներ, ռազմավարություններ եւ ոգեշնչող պատմություններ: Քննարկումներին «բանախոսներ» չեն լինելու, որովհետեւ հենց մասնակիցներն են ապահովելու բովանդակությունը:

Ակնկալվում է քննարկումների արդյունքում առաջացած գաղափարներն ու մտքերը ներկայացնել ավելի մեծ լսարանի՝ բլոգի, էսսեների կամ գրքի տեսքով, զարգացնելու սփյուռքի առաջնորդների հաջորդ սերնդին, ինչպես նաև հիմնել համերաշխության ցանց՝ սփյուռքի տարբեր համայնքների միջեւ:

 

Common Purpose-ի մասին

Common Purpose-ը առաջնորդության զարգացման շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը մասնագիտացած է միջսահմանային առաջնորդության զարգացման մեջ: Այն հիմնադրվել է 1989թ. եւ իրականացնում է ծրագրեր աշխարհի ավելի քան 70 քաղաքներում եւ ունի ավելի քան 65,000 շրջանավարտ:

 

UWC Dilijan քոլեջի մասին

UWC Dilijan քոլեջը հետխորհրդային տարածքում հիմնված առաջին միջազգային դպրոցն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բաց է արել 2014 թվականին, Հայաստանի Դիլիջան քաղաքում եւ ներկայումս ունի 213 աշակերտ աշխարհի 82 երկրից։ Քոլեջի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա եւ թույլ է տալիս դիմելու բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսական կացությունից։ Աշակերտների 96%-ը ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ, իսկ միջին կրթաթոշակը 82% է։ UWC Dilijan քոլեջն արդեն իսկ ունի շրջանավարտների երկու սերունդ (2016 եւ 2017 թվականներ), որոնցից շատերն իրենց ուսումը շարունակում են աշխարհի առաջատար կրթական կենտրոններում՝ Քեմբրիջի, Փրինսթոնի, Յեյլի, Կոլումբիայի, Կալիֆորնիայի, Դյուկի, Բերկլիի, ՄաքԳիլի, Էդինբուրգի եւ մի շարք այլ համալսարաններում։

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

Ավելին՝ www.auroraprize.com

Վերադառնալ ցուցակ