Հոկտեմբեր 23, 2017

Երևանում անցկացվեց NSF-FAST միջազգային աշխատաժողովը

Աշխատաժողովը համախմբեց տվյալագիտությամբ և հարակից գիտակարգերով զբաղվող ավելի քան երկու հարյուր հետազոտողների:

2017 թվականի hոկտեմբերի 18-21-ը Երևանում տեղի ունեցավ «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովը, որը կազմակերպվել էր ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (National Science Foundation) և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology - FAST) կողմից:

Աշխատաժողովը տարածաշրջանում գիտական խոշորագույն միջոցառումներից էր` միջազգային ընդգրկվածության և ոլորտի առաջատար գիտնականների մասնակցության առումով:

Աշխատաժողովը համախմբեց տվյալագիտությամբ (Data Science) և հարակից գիտակարգերով զբաղվող ավելի քան երկու հարյուր հետազոտողների` խթանելով միջգիտական կայուն համագործակցության և ոլորտում գիտության զարգացման հիմքերի ստեղծումը:

Աշխատաժողովը նպատակ ուներ երիտասարդ հետազոտողների, ասպիրանտների համար նշված ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների հետ հաղորդակցվելու և հետագա համագործակցություն ծավալելու հարթակ դառնալ:

Աշխատաժողովի բացման օրը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, FAST-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, աշխատաժողովի համանախագահներ Արամ Գալստյանն ու Նաիրա Հովակիմյանը:

Կարեն Կարապետյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, ասել է, որ գիտությունն ու տնտեսությունը ամուր կապված են միմյանց եւ պետք է մեկը մյուսի շարժիչ ուժը հանդիսանան։

«21-րդ դարում դրան նպաստող պարտադիր պայման է գործընթացների գլոբալիզացիան եւ կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառումը։ Կարծում եմ՝ FAST-ը՝ իր գործընկերների հետ միասին, կարող է ստանձնել ինտեգրատորի դեր՝ ապահովելով գիտության եւ տեխնոլոգիաների աշխարհի լավագույն կենտրոնների կապը մեր մասնագետների հետ»,- ասել է վարչապետը։

«FAST-ը փորձում է ստեղծել մի էկոհամակարգ, որը կխթանի գիտական առաջընթացը և տեխնոլոգիական նորարարությունները՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Մենք ձգտում ենք, որ Հայաստանը դառնա մեծ գաղափարների երկիր, իսկ հայերը՝ գլոբալ ազդեցության ազգ»,- ասել է FAST-ի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը:

FAST-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանն էլ ասել է, որ նախաձեռնության հիմնական նպատակից՝ կապեր եւ համագործակցություն ստեղծելուց բացի, ձեւավորելու են մտածողություն, որ Հայաստանը պետք է հենվի իր ինքնատիպության վրա։

«Մեր մտածողությունը չսահմանափակենք «խելամիտի» շրջանակում և փորձենք անել բաներ, որոնք, միգուցե, այսօր խելամիտ չթվան, բայց այսօրվա ոչ խելամիտ թվացող բաները, կամ, գոնե դրանց մի մասը, ամենայն հավանականությամբ, վաղը կդառնան խելամիտ։ Գիտության ոլորտում առաջ գնանք մեծ ցատկերով և ոչ թե հստակ ծրագրված քայլերով»,- ասել է FAST-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

«Հույս ունեմ՝ տարիներ անց այս աշխատաժողովի մասին պիտի խոսենք աշխարհում այս կամ այն շրջադարձային նորարարության կամ նշանակալի զարգացման համատեքստում և պիտի նշենք, որ հանդիպել ենք այս աշխատաժողովի շրջանակում ու միասնաբար հղացել այդ գաղափարը»,-նշել է աշխատաժողովի գլխավոր համանախագահ Նաիրա Հովակիմյանը:

«Մեքենայական ուսուցման ոլորտում վերջին զարգացումները շրջադարձային են գիտական գործունեության համար: Այդ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն հաշվողական տեխնիկային կամ ինֆորմատիկային, այլև կենսաբժշկության և առողջապահության ոլորտներին, հասարակագիտական գիտակարգերին, նյութագիտությանը, քվանտային քիմիային և բազում այլ ոլորտների»,-նկատել է աշխատաժողովի գլխավոր համանախագահ Արամ Գալստյանը:

Վերադառնալ ցուցակ