Նոյեմբեր 27, 2017

Բեռլինում կանցկացվեն Aurora Dialogues քննարկումներ

Հեղինակավոր հումանիտար գործիչները, գիտնականները, բարերարները եւ գործարարները կքննարկեն գլոբալ միգրացիայի խնդիրը

«Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման և ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով Բեռլինի Aurora Dialogues քննարկումներն անդրադառնալու են, թե ինչպես Եվրոպական Միությունը եւ Գերմանիան կարող են նպաստել հումանիտար խնդիրների լուծմանը զարգացման եւ ինտեգրացիայի միջոցով: Քննարկումները տեղի կունենան 2017թ. դեկտեմբերի 4-5-ը «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի Բեռլինի ներկայացուցչության գրասենյակում: Համաժողովը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի, «Մերկատոր» հիմնադրամի եւ «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության համատեղ ձեռնարկումն է:

Քննարկման մասնակիցները կանդրադառնան փախստականների ճգնաժամի հիմնական պատճառներին եւ այդ ուղղությամբ արված քայլերի արդյունավետությանը, ինչպիսիք են՝ մարդասիրական աջակցությունը, կրթությունը եւ սոցիալական ինտեգրացիան:

«Եթե մենք փախուստը եւ միգրացիան ճիշտ ընկալենք՝ որպես մարդկության համընդհանուր պատասխանատվություն, կասկած չկա, որ կկարողանանք հաղթահարել խնդիրները միասին: Մարդիկ փախստական չեն ծնվում, այլ դառնում են: Նրանք փախչում են բռնությունից եւ հալածանքներից, նրանք փախչում են, որովհետեւ վախենում են սեփական կյանքի համար: Լինել փախստական նշանալում է լինել կարիքավոր եւ մնալ ուրիշների օգնության հույսին», - ասաց Բունդեսթագի նախկին նախագահ Նոբերտ Լամերտը:

«Նշանակալից է, որ Aurora Dialogues-ը՝ որպես ամենահրատապ մարդասիրական խնդիրների քննարկումների կարեւոր միջազգային հարթակ, ընդլայնում է իր աշխարհագրությունը», - նշեց Ռուբեն Վարդանյանը՝«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրների անունից: «Մենք սկսել ենք Երեւանում՝ գործով արտահայտելով մեր երախտագիտությունը նրանց, ովքեր փրկեցին հայերին 1915թ.՝ ցեղասպանության ժամանակ: Այսօր մենք Բեռլինում ենք մեր այն գործընկերների հետ, որոնք անում են կարեւոր գործ՝ բարձրաձայնելով այսօրվա հրատապ խնդիրների մասին եւ ձգտելով լուծել դրանք: Մենք, նախորդ համաժողովների փորձը եւ ձեռք բերված գիտելիքը հաշվի առնելով, կշարունակենք քննարկումներ կազմակերպել աշխարհի տարբեր քաղաքներում»: 

Բեռլինի Aurora Dialogues-ի բանախոսները հումանիտար գործիչներ են, գիտնականներ, բարերարներ եւ գործարարներ: Նրանք կանդրադառնան աշխարհում միգրացիոն ճգնաժամի իրավիճակին եւ այն դերին, որ պետական եւ ոչ պետական կառույցներն ունեն, ինչպես նաեւ՝ զարգացման ծրագրերին եւ փոփոխություն բերող լուծումներին:

««Ռոբերտ Բոշ» հիմնադրամն ուրախ է հյուրընկալել հումանիտար, քաղաքացիական հասարակության եւ գործարար առաջնորդներին Բեռլինում: Մեր նպատակն է ուղղել մեր ուշադրությունը եւ գործունեությունը Գերմանիայում եւ Եվրոպայում միգրացիայի, ինտեգրման եւ ներգրավման ոլորտներում: Հետեւաբար, մենք ակնկալում ենք ծանոթանալ տարբեր մոտեցումների, որոնք  նպատակ ունեն գտնել լուծումներ եւ իրականացնել համապատասխան գործողություններ», - ավելացրեց դոկտոր-պրոֆեսոր Յոախիմ Ռոգալը՝ «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի նախագահը եւ գործադիր տնօրենը:

«Մեր գործընկերությունը եւ Բեռլինի Aurora Dialogues-ը կբերի յուրօրինակ փորձառություն եւ  ներկայիս միգրացիոն ճգնաժամի լուծումներին ուղղված մոտեցումներ՝ հիմնված առավել կայուն եւ բազմակողմանի զարգացման ու ինտեգրացիայի քաղաքականության վրա: Ես կարծում եմ՝ սա կարեւոր քայլ է աշխարհի ուշադրությունը հումանիտար ճգնաժամի վրա բեւեռելու համար», - ասաց «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության հիմնադիր եւ գործադիր տնօերն Ինգրիդ Համը:

«Լայնախոհությունը, հարգանքը եւ հանդուժողականությունը մեր արժեհամակարգի կենտրոնում են: Այս արժեքները պետք է բարձր պահել, հատկապես, երբ բախվում ենք այնպիսի բարդ խնդիրների, ինչպիսիք են միգրացիան եւ ինտեգրացիան: Մենք մեր գործընկերոջ՝ «Ինտեգրացիայի եւ միգրացիայի գերմանական հիմնադրամների» Փորձագիտական խմբի հետ  նպաստում ենք հանրային բանավեճի ծավալմանը եւ լավագույն փորձի ներդրմանը: Բեռլինի Aurora Dialogues-ն ի մի է բերում տարբեր ոլորտների մոտեցումներ՝ ուղղված այս բազմակողմանի խնդրին», - նշեց «Մերկատոր» հիմնադրամի գործադիր տնօրեն Վինֆրեդ Քնայփը:

«Ավրորա» մարդասիրական մրցանակի ոգուն հավատարիմ՝ Aurora Dialogues քննարկումների շարքը ներկայացնում է մարդկանց, որոնք իրականում և շարունակաբար աշխատում են ընդդեմ այսօրվա վայրագությունների, ինչպես նաև փորձում է նախանշել այնպիսի գաղափարներ, որոնք կարող են շոշափելի փոփոխություններ բերել: Քննարկումների երրորդ տարում Aurora Dialogues-ը խրախուսում է այնպիսի համագործակցությունները, որոնք հնարավոր կդարձնեն ուսումնասիրել անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու եւ ավելի լավ ապագա կերտելու կարեւորությունը:

Բեռլինի Aurora Dialogues-ի ծրագրի, բանախոսների եւ կազմակերպիչների մասին ավելին՝ այստեղ:

Վերադառնալ ցուցակ