Դեկտեմբեր 08, 2017

IDeA հիմնադրամը ներկայացրեց «Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագրի արդյունքները

Դեկտեմբերի 8-ին՝ UWC Դիլիջան միջազգային դպրոցում, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը ներկայացրեց «Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագրի արդյունքները և Դիլիջանի թվային արխիվի ստեղծման կոնցեպտը։

«Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագիրն իրականացվել է «Համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ» ծրագրի շրջանակում` IDeA հիմնադրամի աջակցությամբ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։

Ծրագիրը մեկն է IDeA հիմնադրամի մեծամասշտաբ նախաձեռնություններից, որոնք նպաստում են տեղական համայնքի ներգրավմամբ Դիլիջան քաղաքի  վերափոխմանն ու զարգացմանը, խթանում մշակութային երկխոսությունն ու աջակցում բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Դիլիջանը Հայաստանի կրթական և մշակութային կենտրոն դարձնելուն։

Հայ և գերմանացի փորձագետների կողմից Դիլիջանում անցկացված չորսշաբաթյա աշխատարանի նպատակն էր հավաքագրել Դիլիջանի մասին պատմական պատշաճ փաստերն ու վկայությունները` լայն հանրությանը նորովի ներկայացնելով քաղաքի պատմությունն ու անցյալը։ Աշխատարանի արդյունքները UWC Դիլիջան դպրոցում ներկայացվեցին տեղի բնակիչներին, հասարակական և միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին։  

«IDeA հիմնադրամը բաց հարթակ է, որը համախմբում է գործընկերների, տեղական համայնքների և միջազգային շահառուների՝ երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ազդեցություն ունեցող ծրագրերի մշակման և իրագործման համար։ «Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագիրը այս երեք խմբերի միջև արդյունավետ համագործակցության հիանալի օրինակ է, որի արդյունքներից կարող են օգտվել թե դիլիջանցիները, թե՛ Դիլիջանի պատմությամբ հետաքրքրվողները»,- ասաց IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Րաֆֆի Պաղճեանը:

IDeA հիմնադրամը հատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանի զարգացմանը, և ձգտում է Դիլիջանը դարձնել համաշխարհային կարգի կրթական, մշակութային, զբոսաշրջային, առողջապահական հանգույց։

«Դիլիջանի միջմշակութային փոխանակման» երկրորդ փուլը  տեղի կունենա Բեռլինի ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում՝ «Գլոբալ ռեզոնանսներ» ցուցահանդեսում։ Ցուցահանդեսին ներկայացված կլինի արվեստի աշխատանքների և ուսումնասիրությունների յուրօրինակ ընտրանի՝ ստեղծված «Դիլիջանի արվեստների դիտարան» պիլոտային միջդիսցիպլինար հետազոտական նախագծի ընթացքում, ինչպես նաև Դիլիջանի վերաբերյալ կարևոր արխիվային նյութեր։    

Վերադառնալ ցուցակ