Փետրվար 12, 2018

Դիլիջանցի պատանիները կներկայացնեն Հայաստանը ԱՄՆ-ում կայանալիք միջազգային ձեռնարկատիրական մրցույթին

«Արահետ» թիմը հաղթեց Diamond Challenge միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլում։

Դիլիջան քաղաքը ներկայացնող չորս պատանիներից կազմված «Արահետ» թիմը հաղթեց Diamond Challenge միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլում։ Մրցույթի նպատակն է ձեռնարկատիրության միջոցով ոգեշնչել հաջորդ սերնդի ներկայացուցիչներին եւ խթանել ձեռնարկատիրական հմտություններ ավագ դպրոցականների շրջանում։

Դիլիջանում էկո-տուրիզմի եւ ագրո-տուրիզմի զարգացմանն ուղղված «Արահետ»-ի բիզնես ծրագիրը լավագույնը ճանաչվեց ներկայացված ինը այլ թիմերի կողմից ներկայացված ձեռնարկատիրական ծրագրերի մեջ։ Մասնակիցները Դիլիջան էին եկել Հայաստանի տարբեր մարզերից եւ Երեւանից։

Հաղթող ճանաչված թիմը ստացավ 1,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգեւ եւ հնարավորություն ԱՄՆ-ի Դելավեր համալսարանում մասնակցելու Youth Entrepreneurship Summit-ին ՝ մրցելով աշխարհի17 երկրներից եզրափակիչ փուլ անցած թիմերի հետ՝ հավելյալ մրցանակների համար։

Diamond Challenge միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլը կազմակերպվել էր Դիլիջանի համայնքային կենտրոնի (ԴՀԿ)-ի կողմից, որը 2017 թվականի օգոստոսին դարձել է մրցույթի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի երիտասարդ ձեռնարկատերեր, Հայաստանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներ, ԱՄՆ Խաղաղության կորպուսի ներկայացուցիչներ, եւ բազմաթիվ հյուրեր։ Դիլիջանի համայնքապետ Արմեն Սանթրոսյանի անունից իր ողջույնի խոսքը հղեց եւ մասնակիցներին հաջողություն մաղթեց համայնքապետարանի պաշտոնական ներկայացուցիչ Ալբերտ Սիմոնյանը։

Ողջունելով մասնակից թիմերին՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը նշեց, որ, ձեռնարկատիրոջ համար ամենակարեւոր հատկանիշներից են ճիշտ համագործակցության եւ հաղորդակցության հմտությունները։ Նա իր խոսքը հատկապես ուղղեց այն թիմերին, որոնք չանցան եզրափակիչ փուլ․«Այսօր հաղթանակ չտանելը թո'ղ ձեզ չհիասթափեցնի եւ խոչընդոտ չհանդիսանա ձեռնարկատեր դառնալու ձեր ճանապարհին։ Ապրելով արեւելքի ու արեւմուտքի, հյուսիսի եւ հարավի խաչմերուկում՝ հայերըձեռնարկատիրական  ջիղ ունեն։ Մենք պետք է ակտիվացնենք այդ ջիղը  մեր մեջ՝»։

Րաֆֆի Պաղճեանի ուղերձն արտացոլվեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ, դիվանագետ, գրող, ձեռնարակատեր եւ խոսնակ  Անդրես Վալդեսի ելույթի մեջ, ով հպարտությամբ նշեց, որ Հայաստանում աշխատում է արդեն երկու տարի։ «Հայաստանում ապրելով՝  պետք է միշտ հաշվի առնել, թե ինչ հնարավորություններ ու առավելություններ ունենք, եւ ոչ թե կենտրոնանալ չունեցածի վրա», -ասաց նա։

14-18 տարեկան պատանիների կողմից ներկայացված բիզնես ծրագրերից էին նաեւ օրգանական կոսմետիկայի ձեռներեցության գաղափարը, ամառային կինոթատրոն Սպիտակ քաղաքում, սրճարան Եղեգնաձորում, արդյունավետ կրթության նպատակներով շփման հարթակի ստեղծում, արեւային պանելների կիրառում եվ այլ ծրագրեր։ Բիզնես ծրագրերը ներկայացվում էին անգլերեն, երբեմն նույնիսկ զուգակցվում թատերական ներկայացմամբ։ Կիսաեզրափակիչ փուլի մասնակցության համար Հայաստանից դիմել էին 20 թիմեր եւ աշխարհի  հարյուրավոր վիրտուալ դատավորների կողմից ընտրվել էին տաս լավագույնները:

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հանձնաժողովի անդամներն են մի խումբ միջազգային փորձագետներ, այդ թվում Ստեփան Սհոյանը՝ Հայաստանում ԱՄՆ Խաղաղության Կորպուսի Համայնքի եւ երիտասարդության զարգացման ծրագրի ղեկավար, Դավիթ Իսկանդարյանը՝ Դիլիջանի զարգացման հիմնադրամի տնօրեն, Խաղաղության կորպուսի կամավորներ՝  Գվեն Հերշը, Նիք Փիթմանը և Ջաքլի Ջայոն: Շատ դժվար ընտրության առաջ էին կանգնած նրանք, քանի որ ընտրությունը ուժեղ և հեռանկարային նախագծերի միջև էր:  Հանձանաժողովի անդամներ Ստեփան Սհոյանն ու Դավիթ Իսկանդարյանը թիմերին խոստացան օգնություն տրամադրել տեխնիկական, մասնագիտական և ծրագրերի կառավարման ոլորտներում:

Միջոցառման ավարտին ԴՀԿ-ի տնօրեն Ռուբինա Տեր-Մարտիրոսյանն իր խոսքն ուղղեց  մրցույթի մասնակիցներին. «Դուք արդեն ձեր հասակակիցներից մի քայլ առաջ եք, քանի որ դուք ունեք մի գաղափար, որը  հասցրել եք ձեւակերպել եւ ներկայացնել հանրությանը: Ես կոչ եմ անում շարունակել ձեր գաղափարները կյանքի կոչելու համառությունը նաեւ ապագայում, իսկ Դիլիջանի համայնքային կենտրոնը պատրաստ է աջակցել  ձեզ ցանկացած հարցով»:

Վերադառնալ ցուցակ