Մայիս 16, 2018

Հյուրընկալության ոլորտի ՓՄՁ-ների համար մշակված ձեռնարկներն ու ենթադրամաշնորհների ծրագիրը ներկայացվեցին Դիլիջանում

«Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում մշակվել և տպագրվել է երեք ձեռնարկ:

2018 թ․ մայիսի 16-ին Դիլիջանի համայնքապետարանում կազմակերպվել էր «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում մշակված և տպագրված երեք ձեռնարկների շնորհանդեսը։  

«Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագիրը IDeA հիմնադրամն  իրականացնում է 2017 թ․-ից՝ Եվրոպական միության և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի գլխավոր նպատակն է բարձրացնել Դիլիջանի և հարակից համայնքների՝ Հովքի, Աղավնավանքի,  Խաչարձանի, Գոշի, Հաղարծնի, Թեղուտի զբոսաշրջային գրավչությունը, ավելացնել  տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների թիվը՝ այդպիսով խթանելով տեղական տնտեսությունները ու տարածաշրջանում ստեղծելով նոր աշխատատեղեր:

Նախաձեռնության շրջանակում այս տարվանից ծրագիրն իրականացնող գործընկերները՝ IDeA hիմնադրամը և «Բի Էս Սի» (BSC) Բիզնեսի Աջակցման Կենտրոնը, Դիլիջանի և հարակից համայնքների բնակիչների համար  կազմակերպում  են զբոսաշրջության, հյուրընկալության, արվեստի ու արհեստի ոլորտներում կարողությունների ամրապնդման դասընթացներ՝ զարգացնելու այս տարածաշրջանում զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև ստեղծելու նոր աշխատատեղեր և գործարար հնարավորություններ տարածաշրջանի բնակիչների համար:

«Ծրագրի ամենակարևոր և գլխավոր նպատակն է աջակցել համայնքային զագացմանը նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով: Հենց այս նպատակին են ծառայում ներկայում Դիլիջանում ընթացող «կարողությունների զարգացման» դասընթացները, որոնք կազմակերպում է մեր գործընկեր՝ BSC ընկերությունը: Դասընթացների շրջանակում պլանավորվում է վերապատրաստել շուրջ 330 մասնակից, իսկ նրանցից լավագույններին աջակցություն կտրամադրվի աշխատանքի տեղավորման հարցում»,- միջոցառման ժամանակ ասել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի ղեկավար Տաթևիկ Սարգսյանը։

Զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում կարողությունների զարգացման դասընթացներին արդեն մասնակցել է ավելի քան 100 մարդ Դիլիջանից և հարակից համայնքներից։ Նրանք հրավիրվել էին Դիլիջանի համայնքապետարանում կայացած միջոցառմանը, որտեղ նրանց անվճար տրամադրվել են նոր տպագրված ձեռնարկ-ուղեցույցները՝ «Հյուրատնային բիզնեսի հիմնադրում և կառավարում», «Հաճախորդների սպասարկումը հյուրընկալության ոլորտում» և «Հյուրատան ծառայությունների բարելավման ձևաթղթեր և ստուգաթերթեր»։ Ի դեպ, երեք ձեռնարկներն էլ տրամադրվում են անվճար  Դիլիջանի Համայնքային Կենտրոնում։

«Դասընթացների այն մասնակիցները, որոնք մտադրված են հիմնել սեփական բիզնեսը, ինչպես նաև արդեն գործող փոքր և միջին ձեռնարկություններ ունեն, կարող են մասնակցել նաև բիզնեսի կառավարման դասընթացներին և, ստանալով մասնագիտացված խորհրդատվական աջակցություն,  մշակել կամ զարգացնել նոր  բիզնես ծրագրեր: Վստահ ենք, որ այս ձեռնարկ-ուղեցույցները կօգնեն բարձրացնել հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում գործող կազմակերպությունների և անհատների կողմից այցելուներին տրամադրվող սպասարկման որակը, այդպիսով զարգացնելով  արդեն իրենց բիզնես նախաձեռնությունները»,- իր խոսքում նշել է BSC ընկերությունը տնօրեն Սամվել Գևորգյանը։

Միջոցառման ժամանակ դասընթացների մասնակիցներին և հյուրերին ներկայացվել են նաև «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում ավելի վաղ հայտարարված ենթադրամաշնորհների տրամադրման մրցույթի կարգն ու պայմանները:

Ենթադրամաշնորհների ծրագիրը նախատեսում է ֆինանսական աջակցություն տրամադրել  Դիլիջանում և հարակից համայնքներում՝ Հովքում, Աղավնավանքում,  Խաչարձանում, Գոշում, Հաղարծինում, Թեղուտում,  ձեռնարկատիրական գործունեության խթանման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով: Ծրագրի իրականացումը կնպաստի Տավուշի մարզի և հատկապես Դիլիջան համայնքի տնտեսական զարգացմանը և որպես արդյունք՝ արտագաղթի նվազեցմանը:  Ծրագիրը նախատեսում է տրամադրել կայուն աշխատատեղերի ստեղծմանը նպաստող 20 ենթադրամաշնորհ:

Միջոցառման ժամանակ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանն նշել է, որ զբոսաշրջության ոլորտում Դիլիջանն ունի հսկայական ներուժ, և Եվրամիության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ IDeA հիմնադրամի կողմից իրականացվող  ծրագիրը չափազանց կարևոր է այդ ներուժը բացահայտելու և իրացնելու համար։ Իր խոսքում համայնքի ղեկավարը հատկապես կարևորել է ծրագրի շրջանակում նոր աշխատատեղերի ստեղծումը Դիլիջան համայնքի բնակիչների համար՝ ընդգծելով, որ ենթադրամաշնորհների ծրագիրը լուրջ խթան կլինի այդ հարցում։

Ծրագրի մասին

«Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի նպատակն է զարգացնել Դիլիջանն ու հարակից համայնքները որպես զբոսաշրջային ուղղություն,  ավելացնել տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների թիվը՝ այդպիսով խթանելով տեղական տնտեսությունները ու ավելացնելով աշխատատեղերը:

Ծրագրի շահառուներ կլինեն առնվազն 330 մարդ և 120 ձեռնարկություն, կստեղծվեն ուղղակի զբաղվածության 50 հնարավորություններ:

Ծրագրի շրջանակում Դիլիջանում կկառուցվի Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն (ԶՏԿ), որը կդառնա տարածաշրջանում զբոսաշրջության և հանգստի հետ կապված բոլոր գործողությունների ու միջոցառումների գլխավոր կենտրոնը։ Ծրագրով նախատեսվում է նաև Դիլիջանի ազգային պարկի արահետների բարեկարգում, Դիլիջանում քաղաքային շուկայի, գյուղատնտեսական տաղավարի, ինչպես նաև Արհեստների և արվեստների կենտրոնի հիմնում, որոնք կսպասարկեն թե՛ տեղաբնակներին, թե՛ զբոսաշրջիկներին:

Ենթադրամաշնորհներ կտրամադրվեն  այն ձեռնարկություններին, որոնք պատրաստ են Դիլիջանի և հարակից համայնքների բնակիչների համար հավելյալ աշխատատեղեր ստեղծել:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է ՝ 1 միլիոն 195.000 եվրո, որից ԵՄ ներդրումը կազմում է 780,000 եվրո։ 

Վերադառնալ ցուցակ