Մայիս 26, 2018

UWC Դիլիջանի 2018 թ. ավարտական հանդիսություն. քոլեջը մեծ կյանք ճանապարհեց ուսանողների երրորդ սերնդին

Մայիսի 26-ին UWC Դիլիջանի 2018 թվականի շրջանավարտները՝ 63 երկրի 104 ուսանող, հրաժեշտ տվեցին քոլեջին:

Մայիսի 26-ին UWC Դիլիջանի 2018 թվականի շրջանավարտները՝ 63 երկրի 104 ուսանող, հրաժեշտ տվեցին քոլեջին ու Հայաստանին և սկսեցին հասուն կյանքի իրենց ճանապարհը: Այդ օրը UWC Դիլիջանը երրորդ անգամն էր տոնում ավարտական հանդիսությունը, և առաջին անգամն էր, որ ավարտական հանդիսությանը խոսքով հանդես եկավ առանձնահատուկ բանախոս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իրական փոփոխություններ բերող է, եկել էր UWC Դիլիջան՝ լավագույնը մաղթելու այն ապագա փոփոխություններ բերողներին, որոնք վերջին երկու տարում կրթվել են UWC Դիլիջանում:

Իր խոսքում ՀՀ վարչապետը քոլեջն անվանեց հույսի և ոգեշնչման, խանդավառության և լավատեսության աղբյուր և ապագա Հայաստանի խորհրդանիշ՝ հույս հայտնելով, որ շրջանավարտներն ու իրենց ընտանիքներն ապագայում դեռ շատ անգամներ կգան Հայաստան՝ «երկիր, որն ունի մեծ ոգի, մեծ հույս և մեծ ձգտում՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանություն, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և հանդուրժողականություն»:

Արարողությունը լի էր ուսանողների և անձնակազմի սրտառուչ ելույթներով, ուսանողների գեղեցիկ երաժշտական ու պարային համարներով և ասմունքով: Համերգն ավանդաբար սկսվեց երկրորդ տարում սովորող բոլոր հայ ուսանողների պարային ելույթով և Կոմիտասի երգով, որը կատարեց քիմիայի ուսուցչուհի Էլիզաբեթ Սեփեթջյանը:

Արարողության ամենակարևոր մասերից մեկը բարերար-ուսանող հարաբերությունների  տոնումն էր, քանի որ UWC Դիլիջանի ուսանողների 96%-ը սովորում է՝ ստանալով ամբողջական կամ մասնակի կրթաթոշակ: UWC Դիլիջանի եթովպացի ուսանող Ուորքնեհը ներկայացրեց իր պատմությունը՝ նշելով, որ սերում է ֆերմերի հասարակ ընտանիքից, որը, սակայն, եղել է կրթության մեծ ջատագով: Նա նշեց բոլոր այն ուսուցիչներին ու մենթորներին, որոնք օգնել են իրեն ողջ կյանքի ընթացքում իր կրթության փափագը իրագործելու համար, և հատկապես այն բարերարին, որը վճարել է UWC Դիլիջանում սովորելու իր ուսման վճարը, և ավելացրեց, որ որպես երախտիք նրանց աջակցության՝ արժանացել է լավագույն գնահատականների և Հարվարդի համալսարանում սովորելու կրթաթոշակի:

Շրջանավարտներ Քեթին (Գերմանիա) և Մաուրոն (Կոստա Ռիկա) իրենց խոսքում վերհիշեցին այն ամենը, ինչ նրանց տվել է քոլեջը, և այն, թե ինչպիսի անհատ է ձևավորել:

«Կյանքն այստեղ նման է տանը: Դպրոցը և այստեղի մարդիկ ունեն կախարդանք, որը ստիպում է մոռանալ, որ մենք բոլորս տարբեր ազգեր ենք ներկայացնում... Կարող եք մեզ կոչել անիրազեկ իդեալիստիներ, սակայն ես չեմ համաձայնվի, քանի որ մենք պարզապես հավատացողներ են: Մենք հավատում ենք իդեալիզմից շատ անդին գտնվող գաղափարների շնորհին, մենք հավատում ենք ակտիվությունից շատ անդին գործողությունների ուժին, և մենք հավատում ենք բառերից շատ անդին լեզվի ուժին»,- ասաց Քեթին:

«Ինչպե՞ս մոռանալ այն հարստությունները, որոնք Հայաստանն է մեզ ցույց տվել: Այս երկիրն այնքան բան ունի առաջարկելու, այնքան բան կա թաքնված, և դեռ այնքան բան կա բացահայտելու... Հեռավորությունը ոչինչ է, երբ մարդիկ իսկապես կարևոր են քեզ համար: Ահա, թե ինչու վստահաբար ասում եմ ձեզ, որ սա «ցտեսություն» չէ, այլ «շուտով կտեսնվենք»»,- ավելացրեց Մաուրոն:

Իր խոսքում UWC Դիլիջանի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը երախտագիտություն հայտնեց քոլեջի տնօրեն Դենիս Դեյվիդսոնին իր երկամյա աշխատանքի համար և քոլեջի տնօրինությունը փոխանցեց Գաբրիել Աբադին, որը կղեկավարի քոլեջը՝ սկսած հաջորդ ուստարվանից:

UWC Դիլիջանի 2018 թ. շրջանավարտների ճանապարհները տարբեր ուղիներով են ընթանալու: Նրանցից ոմանք կունենան ակադեմիական ընդմիջման տարի՝ ճանապարհորդելու և բացահայտելու աշխարհը, աշխատելու իրենց երկրների հասարակական կազմակերպություններում, սովորելու կրթական ծրագրեր, ինչպիսին է «Համաշխարհային քաղաքացի» ծրագիրը կամ մնալու Հայաստանում՝ ներգրավվելով  “Enterprise Dilijan” ծրագրում, որին աջակցում են UWC Դիլիջանն ու IDeA հիմնադրամը: Մյուսները կշարունակեն իրենց ճանապարհը՝ բարձրագույն կրթություն ստանալով աշխարհի ամենահեղինակավոր կրթական հաստատություններում և սովորելով այնպիսի առարկաներ, ինչպիսին են մեքենաշինությունն ու համակարգչային գիտությունը, կենսաքիմիան ու կենսաբժշկական ճարտարագիտությունը, պատմությունն ու քաղաքականությունը: Բոլոր հայ ուսանողներն ընդունվել են աշխարհի առաջատար բուհեր, այդ թվում՝ Փրինսթոնի և Բերկլիի համալսարաններ:

Վերադառնալ ցուցակ