Հուլիս 31, 2018

IDeA-ն նախաձեռնում է Գյումրու Բարեկամության զբոսայգու վերակառուցումը

Ծրագրի տարբեր բաղադրիչների իրագործման համար IDeA-ն նախատեսում է ներգրավել գործընկեր-կազմակերպություններին:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, որն իրականացնում է երկարաժամկետ նախագծեր Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար և այդ նպատակով արդեն ներդրել է ավելի քանի 585 միլիոն ԱՄՆ դոլար, ստեղծելով Հայաստանում շուրջ 1500 աշխատատեղ,  հանդես է գալիս նախաձեռնությամբ, որը վերափոխիչ ազդեցություն կարող է ունենալ Գյումրիի բնակիչների և քաղաքի ընդհանուր զարգացման համար։

IDeA հիմնադրամը Հայաստանի և Արցախի զարգացման իր ռազմավարության մեջ թիրախավորում է հինգ աշխարհագրական գոտիներ՝ Դիլիջան-Սևան, Տաթև-Գորիս, Երևան-Էջմիածին, Ստեփանակերտ-Շուշի և Գյումրին։  Գյումրին ընդգրկվել է IDeA-ի ռազմավարական քարտեզում՝ հաշվի առնելով քաղաքում զբոսաշրջային և քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու մեծ ներուժը, աշխարհագրական դիրքը, հարուստ մշակութային ժառանգությունը և այլ գործոններ։ 2015 թ․-ին IDeA-ն ֆինանսապես աջակցել է «Հույս» Գյումրիի շենացման հիմնադրամի ծրագրերին, որոնց արդյունքում 2017 թ-ից սկսած իրականացվում է «Կումայրի վերածնունդ» նախագիծը։

Ներկայում IDeA-ն հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որի նպատակն է վերակառուցել Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից Բարեկամության զբոսայգին, և այն դարձնել հանրային հանգստի կազմակերպման ինքնատիպ վայր։ Այս նախաձեռնության նպատակն է նպաստել քաղաքի վերափոխմանը, խթանել տնտեսական ակտիվությունը և ապահովել Հայաստանի երկրորդ քաղաքի կայուն ապագան։ Նախագիծը յուրօրինակ է, քանի որ պարունակում է սոցիալական ձեռներեցության, բարեգործության և պետական-մասնավոր համագործակցության բաղադրիչներ։

«Այգու բարեկարգման և վերակառուցման գաղափարն ինքնին արտահայտում է սոցիալական կապիտալի դերն ու նշանակությունը։ Այս նախաձեռնությունը մեկնարկել է բազմաթիվ գյումրեցիների առաջարկությամբ, ովքեր ցանկանում են քաղաքում ունենալ հանգստի ու ժամանցի գոտի, որտեղ երեխաները, մեծահասակները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը, որտեղ քաղաքի երիտասարդությունը կարող է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ կյանքի կոչելով իրենց ամենաստեղծագործ գաղափարները»,- ասել է IDeA հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։

Ծրագրի իրագործման նպատակով IDeA հիմնադրամը և Գյումրիի համայնքապետարանը հուշագիր են ստորագրել: Հիմնադրամն ու քաղաքային իշխանություններն աշխատանք են տանում այգու տարածքում առկա տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու ուղղությամբ։ IDeA հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ արդեն 8 ընտանիք տեղափոխվել է հարմարավետ բնակարան, որոնք հիմնականում  գտնվում են այգուն հարակից տարածքում և ընտրված են բացառապես ընտանիքների հետ համատեղ։ Մյուս ընտանիքների հետ բնակարանի ընտրության և դրանց ձեռքբերման գործընթացը շարունակվում է։

IDeA հիմնադրամը համոզված է, որ Բարեկամության զբոսայգում իրականացվելիք ծրագիրը կդառնա Գյումրի քաղաքի զարգացման համար խարսխային ծրագիր։ Ներկայում հիմնադրամն աշխատում է ծրագրի ամբողջական հայեցակարգի վրա, որը պատրաստ կլինի 2018թ. հոկտեմբերին: Ծրագրի տարբեր բաղադրիչների իրագործման համար IDeA-ն նախատեսում է ներգրավել գործընկեր-կազմակերպություններին:

Վերադառնալ ցուցակ