Հոկտեմբեր 19, 2018

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների մասնակիցներն ու հյուրերը ծանոթացել են IDeA-ի ծրագրերին

Հոկտեմբերի 7-12-ը Ֆրանկոֆոնիայի ավանում IDeA-ն ներկայացավ առանձին, մեծ տաղավարով։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն ակտիվ մասնակցություն ունեցավ անցյալ շաբաթ Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումներին՝ ներկայանալով Հայաստանի այցեքարտը դարձած իր նախաձեռնություններով։

Այսպես, հոկտեմբերի 7-12-ը Երևանի Ազատության հրապարակում «Ապրել միասին» կարգախոսի ներքոընթացողՖրանկոֆոնիայի ավանում IDeA-ն ներկայացավ առանձին, մեծ տաղավարով։ Ավանը գագաթաժողովի շրջանակներում անցկացվող բաց միջոցառում էր, որտեղ գագաթաժողովի մասնակիցները, լրագրողները, հայաստանյան հանրությունը կարողացան հանդիպել միմյանց՝ ոչ պաշտոնական միջավայրում: IDeA-ի տաղավարում ներկայացված էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), UWC Դիլիջան դպրոցը, Դիլիջանի համայնքային կենտրոնը, Դիլիջանում գործող և սոցիալական ձեռներեցության գաղափարը խրախուսող Սրճարան #2:  6 օրվա ընթացքում IDeA-ի տաղավար այցելեցին հարյուրավոր քաղաքացիներ,  հյուրեր, այդ թվում Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ԱԳ նախարար պարոն Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսսենը և ուրիշներ։

Տաղավար այցելող հյուրերը հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալ մեր նախագծերին ու ծրագրերին, այլև ձեռք բերել Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից պատրաստված հուշանվերներ, Տաթևի վանքի որմնանկարներով շարֆեր, ինչպես նաև համտեսել Սրճարան #2-ի համեղ աղանդերն ու թեյերը։

Ֆրանկոֆոնիայի ավանի բացման օրը՝ հոկտեմբերի 9-ին, ավանի բեմն իր երաժշտական և պարային ելույթով զարդարեցին UWC Դիլիջան դպրոցի աշակերտները։ Իսկ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակի բեմում էին Դիլիջանի համայնքային կենտրոնի երգի ու պարի խմբերը։

Հոկտեմբերի 9-10-ը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը, որտեղ ելույթով հանդես եկավ IDeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ Նրա ելույթը նվիրված էր ենթակառուցվածքների զարգացման թեմային և այն փորձին, որով Հայաստանն այս համատեքստում կարող է կիսվել աշխարհի հետ։

Հոկտեմբերի 12-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում UWC Դիլիջան դպրոց այցելեցին Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության 100 լրագրողներ՝ մասնակցելու «Մեդիան և միգրացիան» թեմայով քննարկմանը։ Այս արդիական թեման հնարավորություն տվեց աշակերտներին հասկանալու տեղեկատվության մշակման ձևերը և ԶԼՄ-ների դերը միգրացիայի վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորման գործում։ Դպրոց կատարած շրջայցի ընթացքում ֆրանկոֆոն լրագրողները ծանոթացան նաև դպրոցի հնարավորություններին և այնտեղ ուսանող աշակերտների ուսումնական առօրյային։

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին IDeA հիմնադրամի մասնակցությունն ամփոփվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) պատվիրակության ներկայացուցիչների այցելությամբ Տաթև:

«Տաթևի Վերածնունդ» ծրագրի աջակցությամբ հոկտեմբերի 17-ին հյուրերն այցելեցին Գինեսի ռեկորդակիր,  աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղին՝ «ՏաԹևեր»-ը, ու Տաթևի վանական համալիր։ Այցի ընթացքում պատվիրակությանը ներկայացվեցին «Տաթևի Վերածնունդ» ծրագրի շրջանակում տարածաշրջանում իրականացվող նախագծերը, այդ թվում Տաթևի վանական համալիրի վերականգնումը։

Մեզ համար մեծ պատիվ էր մասնակցություն ունենալ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումներին և ներկայացնել Հայաստանի զարգացմանը նպաստող մեր ծրագրերի մի մասը:

Վերադառնալ ցուցակ