Նոյեմբեր 29, 2018

Մոսկվայում կայացավ «Մատյան Երախտագիտության» միջոցառումը

Միջոցառումը նվիրված էր 1988թ. Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին:

2018թ. նոյեմբերի 28-ին, Մոսկվայի Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Մատյան Երախտագիտության» միջոցառումը, որը կազմակերպել էին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, «Ազնավուր» հիմնադրամը: Միջոցառումը նվիրված էր 1988թ. Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին:

«Հայաստանը երբեք չի մոռացել մարդկանց եւ ժողովուրդներին, որոնք անտարբեր չեն եղել հայ ժողովրդի պատմության դժվարին օրերին: Հայոց ցեղասպանությունից մինչեւ Սպիտակի աղետալի երկրաշարժ՝ մեր պատմությունը հարուստ է մարդասիրության եւ հոգատարության բացառիկ օրինակներով: Ի դեմս ռուս ժողովրդի՝ մենք ոչ միայն շնորհակալություն ենք հայտնում ամբողջ աշխարհին, այլ նաեւ հայտարարում ենք, որ պատրաստ ենք կանգնել մեր կարիքն ունեցողների կողքին»,- ասաց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: 

Խոնարհվելով երկրաշարժից տուժածների հիշատակի առջեւ՝ հայերը չեն մոռանում նաեւ այն անձնվեր մարդկանց, որոնք օգնության ձեռք մեկնեցին տուժածներին՝ ապահովելով այդ պահին անհրաժեշտ միջոցներ: Ճիշտ այնպես, ինչպես Հայոց ցեղասպանության տարիներին:

Իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը չի մոռացել եւ յուրատեսակ հուշամատյան ունի, որի մեջ հիշատակված են մարդիկ, որոնք իրենց կյանքի գնով օգնել են մյուսներին: Այդ մատյանի մեջ իր մեծ տեղն ունի նաեւ Ռուսաստանը:

«Այս միջոցառումը սոցիալական փոխակերպումների ոգեշնչման եւ աջակցության համընդհանուր խորհրդանիշ կարող է լինել: Եթե ուզում ենք փոխել մեր հասարակությունը եւ հաստատակամ ենք անելու այդ ամենը, որպեսզի գալիք սերունդներն ապրեն ավելի լավ պայմաններում՝ պետք է աշխարհին ցույց տանք հոգատարության կարեւորությունը, ինչը ոգեւորում եւ առաջ է մղում մերօրյա հերոսներին»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Ավրորա» նախաձեռնության գործունեության հիմքում ընկած է «երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը: Նրանք, ում ժամանակին օգնել են, շարունակում են այդ շղթան՝ օգնության ձեռք մեկնելով դրա կարիքն ունեցող մարդկանց, ընդգրկելով ավելի ու ավելի շատ մարդկանց:  

«Երկրորդ համաշխարհայինի տարիներին հորս ծնողներն իրենց տանը հրեաների ու ֆաշիստական ուժերի հակառակորդների էին թաքցնում: Անգամ մահվան սպառնալիքը նրանց հետ չէր պահում մարդկանց օգնելուց: Հայրս առաջիններից էր, որ արձագանքեց  1988-ի աղետալի դեպքերին ու միանգամից գործի անցավ: Նույն գիշերը նա Ժորժ Կարվարենցի հետ գրեց «Pour toi Armenie» (Քեզ համար, Հայաստան) երգը՝ համախմբելով արտիստների Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, որոնց հետո միացան շատ-շատերը: Անհատները, որոնք կարող են իրենց շուրջ համախմբել կարեկցող մարդկանց մեր ապագայի զարգացման երաշխավորներն են»,- ասաց «Ազնավուր»  հիմնադրամի  համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:

Մոսկվայում կայացած հիշատակի այս երեկոյի ընթացքում «Ավրորա» նախաձեռնությունը, Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը եւ «Ազնավուր» հիմնադրամն, իրենց երախտագիտությունն են ուզում հայտնել Ռուսաստանին եւ ամբողջ աշխարհին` համայն հայության անունից:

Միջոցառմանը մասնակցում էին քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հասարակական եւ մշակութային գործիչներ, 1988-ի երկրաշարժի փրկարարական աշխատանքների մասնակիցներ, գործարարներ Հայաստանից եւ Ռուսաստանից: Խորհրդանշական է նաեւ, որ նոյեմբերի 28-ին աշխարհը նշում է կարեկցանքի միջազգային օրը:

«Մատյան երախտագիտության» միջոցառման հիմնական բանախոսներն էին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ավիակոնստրուկտոր Միխայիլ Պողոսյանը, Սպիտակում փրկարարական ջոկատի փոխհրամանատար Եվգենի Ժիլյաևը, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, սցենարիստ, «Սպիտակ» ֆիլմի սցենարի հեղինակ, Մարիա Սոչինսկայան, ռուսաստանցի գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակից Միխայիլ Կուսնիրովիչը։

Միջոցառմանը մասնակցել են «Կադանս» անսամբլը, Ջիվան Գասպարյան կրտսերը, «Հովեր» երգչախումբը, «Պրեոբրաժենիե» (Преображение) երգչախումբը, Իրինա Բոգուշեվսկայան, Արսեն Բարրոն, «Վահագն» դհոլահարների համույթը, Ռուսական լարային անսամբլը: Երեկոյի ընթացքում հնչել են նաեւ Մարինե Ալեսի ստեղծագործություններից:

Վերադառնալ ցուցակ