Դեկտեմբեր 12, 2018

Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ

Համահիմնադիրների որոշմամբ՝ 2017թ․ «Ավրորա» մրցանակի դափնեկիրը կգլխավորի «Ավրորա» համաշխարհային շարժումը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտարարեցին ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինայի՝ նախաձեռնության նախագահ դառնալու մասին:

Նշանակման մասին ազդարարվել է Բեռլինում անցկացվող Aurora Dialogues քննարկումների ընթացքում։ Քաթինայի գործունեության շրջանակը ներառում է ոլորտի կարեւորագույն ներկայացուցիչների ներգրավումը, աշխատանքն աշխարհասփյուռ գործընկերների հետ, «Ավրորայի» կրթական եւ հանրային իրազեկման նախագծերի ղեկավարումը՝ ներառյալ միջազգային ճանաչում ունեցող «Ավրորա» մրցանակը։ «Ավրորան» ստեղծվել է երեք տարի առաջ եւ այդ ժամանակից ի վեր մեծ ազդեցություն ունեցել տեղահանված անձանց, հակամարտության գոտիներում գտնվող երեխաների, փախստականների, միգրանտների եւ այլ խոցելի իրավիճակներում հայտնված քաղաքացիների կյանքում։ 2016թ.-ից «Ավրորա» մրցանակը շուրջ 3.3 միլիոն դոլար է շնորհել մերօրյա հերոսներին` մարդասիրական օգնության 11 ոլորտներում աջակցել 23 նախագծերի իրականացմանն՝ ամբողջ աշխարհում։ Այս տարի «Ավրորա» մրցանակն օգնել է ավելի քան 375,000 ռոհինջա փախստականների։ Մինչ օրս «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտության եւ այլ կրթաթոշակներ է հատկացրել հակամարտության գոտիներից 62 ուսանողի, ինչը նրանց թույլ է տվել կրթություն ստանալ Միավորված աշխարհի քոլեջների (UWC) միջազգային ցանցում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում։

2017թ․ մայիսին բժիշկ Քաթինան «Ավրորա» մրցանակի դափնեկիր հռչակվեց՝ Նուբա լեռներում իր անձնուրաց աշխատանքի համար։ 2008թ․-ից լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը «Գթության մայր» հիվանդանոցում, որի համահիմնադիրն է: Նա սպասարկել է ավելի քան կես միլիոն մարդկանց՝ բուժօգնություն տրամադրելով թե՛ տարատեսակ առողջական խնդիրներ ունեցող հիվանդներին, թե՛ պատերազմի վիրավորներին։ Վերջին տասը տարիներին Քաթինան բնակվում է Սուդանի պատերազմական գոտում, որտեղ մարդասիրական օգնությունն արգելված է։ Տեղացիների շրջանում նա հայտնի է որպես «բժիշկ Թոմ»։ Թոմ Քաթինան գործունեությունն այժմ շարունակելու է իբրեւ նույն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն՝ աշխատելով բժիշկների անձնակազմի հետ, որոնց ֆինանսավորում է Կաթոլիկ բուժառաքելության խորհուրդը՝ Աֆրիկյան առաքելությունների առողջապահական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կազմում ստանձնած նոր պարտականություններին զուգահեռ՝ Քաթինան շարունակելու է մնալ եւ աշխատել Նուբա լեռներում։

«Մենք շատ ուրախ ենք ողջունել նախաձեռնության առաջին նախագահին։ Թոմ Քաթինան իրապես մարմնավորում է «Ավրորայի» ոգին, որն առաջ մղելու շարժիչ ուժը կլինի՝ օգնելով հասցնել մեր մարդասիրական առաքելությունը դրա կարիքն ունեցողներին եւ երախտագիտություն հայտնել նրանց, ովքեր դրական փոփոխություն են բերում։ Հաճելի է, որ 2017թ․ «Ավրորա» մրցանակի  դափնեկիրն այս կազմակերպության առաջին նախագահն է», - ասված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրների համատեղ հայտարարությունում։   

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նորանշանակ նախագահ բժիշկ Թոմ Քաթինան ասաց․ «Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։ Ես երախտապարտ եմ այն ազդեցության համար, որ «Ավրորա» մրցանակն ունեցավ իմ կյանքում, ինչպես նաեւ «Գթության մայր» հիվանդանոցին տրամադրված ֆինանսական աջակցության համար․ այն Սուդանում օգնեց փոխակերպել Նուբայի ժողովրդի կյանքը։ Ես հավատում եմ այսօրվա կարեւորագույն մարտահրավերներին ուղղված մարդասիրության պարզ, բայց հզոր ուժին եւ իմ նոր դերում հավատարիմ կմնամ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարին՝ սատարելով «Ավրորային» օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր կարիք ունեն սեփական ապագան ստեղծելու»։

2015թ․ Time ամսագիրը Քաթինային ճանաչել է աշխարհի «100 ամենաազդեցիկ մարդկանցից» մեկը։ Նրան պատվավոր դոկտորի կոչում են շնորհել ԱՄՆ Բրաունի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանները։ Նախկինում ռազմական վիրաբույժ է եղել ԱՄՆ ռազմաօդային ուժերում։

«Ավրորայի» ղեկավար թիմում եւս մեկ փոփոխություն է տեղի ունեցել․ նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն է նշանակվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, որը 2011-2015թթ. եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարը։ Հայկ Դեմոյանը հեղինակ է հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով լույս տեսած բազմաթիվ մենագրությունների եւ գիտական հոդվածների։ 

Վերադառնալ ցուցակ