Փետրվար 20, 2019

Աշխարհի առաջատար մարդասերների կոչը միջազգային հանրությանը՝ իրագործել պաշտպանելու պատասխանատվության սկզբունքները

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն աշխարհի առաջնորդներին եւ առաջատարներին հրավիրել էր քննարկման՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացված «Անտեսումից դեպի պաշտպանություն. Պաշտպանելու պատասխանատվության վերաստանձնում» (Neglect2Protect: R2P revisited) թեմայի շուրջ:

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը փետրվարի 15-ին անցկացրեց «Անտեսումից դեպի պաշտպանություն. Պաշտպանելու պատասխանատվության վերաստանձնում» (Neglect2Protect: R2P revisited) միջոցառումը, որին մասնակցում էին ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ եւ իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ հումանիտար գործիչներ: Այն յուրօրինակ հարթակ էր՝ քննարկելու, թե ինչպես իրագործել պաշտպանության պատասխանատվության (R2P) սկզբունքները՝ ցեղասպանություններին, էթնիկ զտումներին, պատերազմի ընթացքում եւ մարդկության դեմ իրագործվող հանցանքներին արձագանքելու եւ դրանք կանխարգելելու համար: Միջոցառումը վարում էր միջազգային թոք-շոուների վարող Ալի Ասլանը:

Պետք է հաղթահարել պաշտպանությունն իրականացնելու ճանապարհին եղած խոչընդոտները, հայտարարեցին Մյունխենի անվտանգության համաժողովի փորձագետները: Ավելի վաղ՝ 2018թ. Aurora Dialogues բեռլինյան քննարկմանը, դեսպան Վոլֆգանգ Իշինգերը նկատել էր, որ քաղաքական կուսակցությունները եւս մեղքի իրենց բաժինն ունեն, եթե կարող են ինչ-որ ազդեցություն ունենալ, բայց չեն գործում: Այս թեման քննարկվեց համաժողովի հետագա միջոցառումների ընթացքում եւս:

2005-ին ընդունելով «Պաշտպանելու պատասխանատվության» (R2P) սկզբունքները՝ ՄԱԿ-ի  անդամ պետություններն ստանձնեցին պատասխանատվությունը՝ մարդկությանը պաշտպանելու ցեղասպանությունից, պատերազմի հանցանքներից, էթնիկ զտումներից եւ մարդկության դեմ իրագործվող հանցանքներից: Միաժամանակ միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում՝ արձագանքելու, պաշտպանելու եւ վերակառուցելու, երբ պետությունն ի վիճակի չէ պաշտպանել իր բնակչությանը:

Միջոցառման մասնակիցները հաստատեցին R2P վավերականությունը, բայց նաեւ ընդունեցին, որ կա բաց խոսքի եւ գործի միջեւ: Համաձայնեցին, որ R2P պետք է կյանքի կոչել՝ անկախ պետությունների մեկուսացումից եւ հասարակությունների միջեւ եղած պառակտումներից, որոնց ականատես ենք լինում այսօր: Պետք է վերջ դրվի միջազգային օրենքները խախտողների անպատժելիությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, բժիշկ Թոմ Քաթինան ընդգծեց. «Հիմա, քան երբեւէ, կարեւոր է, որ միջազգային հանրությունը մենակ չթողնի մարդասիրական աշխատանք իրականացնողներին, որոնք ջանք են գործադրում թեթեւացնելու մարդկանց տառապանքը: Պարտադիր չէ, որ «Պաշտպանելու պատասխանատվության» սկզբունքը նշանակի «տեղում զորք ունենալ»: Գլոբալ պատասխանատվություն կարող է նշանակել նաեւ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ ներառյալ ոչ թռիչքային գոտիների սահմանումը: Ի վերջո, ճնշումներ գործադրող կառավարությունը պետք է իմանա, որ միջազգային հանրությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել»:

Միջոցառման բանախոսներն էին Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդան, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, բժիշկ Թոմ Քաթինան, ՄԱԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Քրիստոֆ Հոյսգենը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուան եւ IRC նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Դեյվիդ Միլիբենդը: Նրանք ընդգծեցին, որ հաճախ պետության սուվերենության իրավունքը դիտարկվում է որպես արդարացում՝ խուսափելու ներպետական հարցերում թույլ տված սխալների համար պատասխանատվություն կրելուց: Ըստ նրանց՝ պետք է մի կողմ դնել սուվերենությունը, եթե պետությունը վնասում է սեփական բնակչությանը: IRC նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Դեյվիդ Միլիբենդը նկատեց, որ մենք ապրում ենք անպատժելիության դարաշրջանում, երբ խոսքը վերաբերում է անհատի իրավունքներին: Դա ոչ միայն շեղում է R2P-ից, այլեւ համաձայնեցված հարձակում դրա վրա: Փոխկապակցված աշխարհում պետությունների սուվերենությունը պետք է սահման ունենա:

Քրիստոֆ Հոյսգենը բացատրեց, որ կան նաեւ այլ հնարավոր միջոցներ՝ կանխելու բռնությունը մարդու իրավունքների նկատմամբ, օրինակ՝ իրերն իրենց անուններով կոչելու եւ ամոթանքի ճանապարհով: Հստակ դեպքերով եւ հանրային կարծիքի միջոցով ճնշում գործադրելով՝ քայլ առ քայլ հնարավոր է հասնել մարդկության պաշտպանությանը: Բացի այդ, նա կարեւորեց քաղաքացիական հասարակության եւ հասարակական կազմակերպությունների հետ գործակցությունը՝ շեշտելով, որ այն կարող է լուրջ գործոն լինել:

Դեյվիդ Միլիբենդը նաեւ նկատեց, որ չի կարող լինել խաղաղություն, եթե չկան վստահելի եւ լեգիտիմ ինստիտուտներ, որոնց ձեռքում է քաղաքական իշխանությունը: Խաղաղության պահպանումը  պետք է սահմանում ունենա: Այն կարող է ավելի արդյունավետ լինել, եթե վերջնական նպատակը հստակ է: Այլապես դա անվերջ ձգվող գործընթաց է քաղաքական եւ ոչ քաղաքական կառույցների համար:

Մասնակիցները համաձայնեցին, որ միջազգային արդարադատությունը գլոբալ պաշտպանություն է: Այդ պաշտպանությունն իրականացնելու համար պետությունները պետք է հետեւեն միջազգային իրավունքի գործող կառույցներին, որոնք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւ Միջազգային քրեական դատարանը:

Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդան բացատրեց, որ գործող ինստիտուտները լավագույն գործիքներն են՝ վերջ տալու անպատժելիությանը: Միջազգային քրեական դատարանի աշխատանքը չափազանց կարեւոր է, եթե նույնիսկ կա դիմադրություն: Միջազգային արդարադատությունը գլոբալ պաշտպանություն է, որից կշահի ամբողջ մարդկությունը: Նա նաեւ պնդեց, որ պետք է փոխել մտածողությունը: Քանի որ առանց արդարության չկա խաղաղություն: Չպետք է կենտրոնանալ միայն խաղաղության համար վարվող բանակցությունների վրա, պետք է նաեւ ճանապարհներ փնտրել, որտեղ խաղաղությունը եւ արդարությունը կարող են միաժամանակ գոյություն ունենալ:

Վերադառնալ ցուցակ