Մարտ 28, 2019

Ինչպե՞ս է IDeA հիմնադրամը պատրաստվում ետ շրջել կլիմայական փոփոխությունները

IDeA հիմնադրամը ստեղծում է նոր՝ Climate Uturn բնապահպանական հարթակ, որի առաջնահերթություններն են կանաչ տարածքների ստեղծում և վերականգնում, էներգիայի խնայողությունը, թափոնների առաջացման կանխարգելումը, էկոլոգիական չափանիշների ձևավորումը:

Հաստատուն էկո-համակարգը երկրի հաջողակ զարգացման ռազմավարական կարևորագույն բաղադրիչ է: ՀՀ-ում տաղանդավոր մարդկանց պահելու և նորերին ներգրավելու միակ լուծումը ժամանակակից, հարմարավետ պայմանների ստեղծումն է: Դա առողջ շրջակա միջավայրն է, ինքնադրսևորման առավելագույն հնարավորությունները, բարձրակարգ կրթությունն ու առողջապահությունը:

Համակարգային փոփոխություններ հնարավոր են միայն երկրի համալիր հետևողական զարգացման ընթացքում, հետևաբար  IDeA-ն իրականացնում է խարսխային նախագծեր, որոնք փոխկապակցված և դրական փոփոխությունների շղթա են կազմում: Այս ամենը պահանջում է ապահով հենարան՝ հարթակ: Բոլոր նախագծերի հիմքում միմյանց փոխկապակցված  մի քանի հարթակներ են. օրինակ՝ «Ավրորա» նախաձեռնությունն իրականացվում է հումանիտար հարթակի վրա, UWC Dilijan-ը՝ կրթական: Գործում են նաև տեխնոլոգիական, առողջապահական, ֆինանսական, զբոսաշրջային և քաղաքաշինական հարթակներ: Ինչպես մյուսները, այնպես էլ բնապահպանական հարթակը, IDeA հիմնադրամը սկսում է որպես երկարաժամկետ նախաձեռնություն և դիտարկում ենք այն երկրի զարգացման 30-ամյա ծրագրի շրջանակում:

Այսօր ոչ միայն մեր երկիրը, այլ նաև ողջ մոլորակը կանգնած է կլիմայական լուրջ մարտահրավերների առաջ, որոնք անխուսափելիորեն ազդելու են մեր կյանքի որակի վրա: Կարծես, ինչ-որ մի պահ մարդկությունն իր զարգացման ընթացքում շեղվել  է  բնության հետ ներդաշնակ լինելուց և հիմա անհրաժեշտ է շրջադարձ կատարել: Այդ պատճառով էլ IDeA հիմնադրամն ստեղծում է Climate Uturn (u-turn- թարգմ.՝  շրջադարձ) բնապահպանական հարթակը՝ մոլորակի հանդեպ մեր վերաբերմունքն ու վարքագիծը փոխելու նախագծերով:

«Սա IDeA հիմնադրամի հերթական հավակնոտ նախաձեռնությունն է՝ երկրի համալիր զարգացմանն ուղղված իր առաքելության իրականացման գործում:»,- նշում է IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Պաղճեանը:

«Մենք  համոզված ենք, որ ապագան մեզնից է կախված: Մեր ամենօրյա գործողությունների գրեթե 50 տոկոսը մենք կատարում ենք անգիտակցորեն: Ներդնելով «կանաչ» սովորություններ՝ մենք պլանավորում ենք մարդկանք ներգրավել խմբային գործողությունների կայուն մոդելներում, որոնք կարող են դրական ազդել շրջակա միջավայրի վրա»,- նշում է Climate Uturn բնապահպանական հարթակի ղեկավար Դիանա Բադեյանը: «Մենք կկենտրոնանանք Հայաստանի համար կարեւոր երեք ուղղությունների վրա՝ թափոնների գոյացման կանխարգելում, կանաչ տարածքների ստեղծում և վերականգնում, էներգիայի խնայողություն, փորձելով միասնական, ամենօրյա գործողությունների շնորհիվ արձանագրել արագ արդյունք»: Նախատեսվում է նաեւ Հայաստանում սպառվող ապրանքնների և ծառայությունների էկոլոգիական չափանիշների ձևավորումը:

IDeA հիմնադրամն ունի ենթակառուցվածքների ստեղծման եւ վերականգնման երկար տարիների փորձ, որոնք բարելավում են համայնքային կյանքը, սակայն շրջակա միջավայրի խնդիրները չափազանց մեծ են, որ լուծվեն միայն մեկ նախաձեռնությամբ: Այժմ, Climate Uturn-ի թիմը վարում է ակտիվ բանակցություններ միջազգային և տեղական գործընկերների հետ: Շուտով կսկվսի կամավորների հայտագրումը, որոնք կլինեն նախաձեռնության հիմնական շարժիչ ուժը:

Վերադառնալ ցուցակ