Ապրիլ 19, 2019

ESMT բիզնես դպրոցի ուսանողները գաղափարներ կառաջարկեն Գյումրիի համար

IDeA - ESMT համագործակցության շրջանակում ուսանողները մեկ շաբաթ անցկացնել են Գյումրիում:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից Գյումրիում իրականացվող ծրագրի շրջանակում Բեռլինի Կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի  (ESMT Berlin) ուսանողները մարտի 31-ից մինչև ապրիլի 8-ն ուսումնական այցով գտնվում էին Հայաստանում։  

2018թ․ դեկտեմբերին IDeA-ն հայտարարել էր ESMT բիզնես դպրոցի հետ համագործակցության մեկնարկի մասին, ըստ որի ծրագրերի կառավարման մասնագիտացում ստացող ուսանողները ներգրավվել են Գյումրիում IDeA-ի կողմից իրականացվող «Բարեկամության» զբոսայգու վերակառուցման նախագծում։

Զբոսայգու վերակառուցման գաղափարն արտահայտում է հայ ժողովրդի երախտագիտությունն  այն բոլոր երկրներին ու ազգերին, որոնք 1988 թ․-ի ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք են մեկնել Հայաստանին։ Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից «Բարեկամության» զբոսայգին, և այն դարձնել հանրային հանգստի կազմակերպման ինքնատիպ վայր։ Նախագիծը յուրօրինակ է, քանի որ պարունակում է սոցիալական ձեռներեցության, բարեգործության և պետական-մասնավոր համագործակցության բաղադրիչներ։

IDeA - ESMT համագործակցության շրջանակում ուսանողները մեկ շաբաթ անցկացնել են Գյումրիում, այցելել քաղաքի տեսարժան վայրեր, թանգարաններ, շրջել «Բարեկամության» զբոսայգում, եղել քաղաքային շուկայում, հանդիպել Գյումրիի երիտասարդների, ճարտարապետների, վարպետների, քաղաքի ձեռներեցների ու խոստումնալից ստարտափերի հեղինակների հետ։ Այցի արդյունքներով ուսանողները կմշակեն ու IDeA-ին կառաջարկեն բիզնես գաղափարներ ու լուծումներ  «Բարեկամության» զբոսայգու հայեցակարգի համար։

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Գյումրի այցելած ուսանողների խոստումնալից գաղափարներին, որոնք կլրացնեն մեր հիմնադրամի կողմից արդեն արված աշխատանքները և կամբողջացնեն այգու հայեցակարգը», - նշում է IDeA հիմնադրամում Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։

ESMT դպրոցում սովորող, ազգությամբ պակիստանցի Սայեդ Ահմադ Նամիրն առաջին անգամ է Հայաստանում։  Նա տպավորված է գյումրեցիների  հյուրընկալությամբ։

«Առաջինը, ինչն ինձ տպավորեց Գյումրիում, մարդկանց հումորն էր և հյուրընկալությունը։ Մարդիկ բարի են, բաց են զբոսաշրջիկների առջև։ Տեղացիների հետ մեր հանդիպումներից մեզ համար պարզ դարձավ, որ նրանք ցանկանում են մասնակցել քաղաքի վերափոխմանը։ Հուսով եմ, որ մեր այցի արդյունքում պատրաստվելիք  ուսումնասիրությունն օգտակար կլինի զբոսայգու բիզնես մոդելի ձևավորման համար»,- ասում է Սայեդ Ահմադ Նամիրը։

Նիգերիացի ուսանող Մուջահիդ Աբդուլլային էլ նշում է, որ ինքն ու իր ընկերները փորձելու են գտնել այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ «Բարեկամության» զբոսայգում կմիահյուսվեն Գյումրիի արվեստը, պատմությունը, տեխնոլոգիաները, նորարարությունը, սոցիալական ձեռներեցություն ու փոքր և միջին բիզնեսը։

 «Զբոսայգին պետք է մի վայր դառնա, որը կներկայացնի Գյումրին՝ իր ամբողջ ներկապնակով ու ինքնությամբ։ Մեր գաղափարներով մենք պետք է ցույց տանք, որ քաղաքն ունի աշխույժ երիտասարդություն, որը հավատում է իր քաղաքի վերածննդին ու ապագային»,- ասել է Մուջահիդ Աբդուլլային։

Վերադառնալ ցուցակ