Մայիս 08, 2019

Սյունիքի մարզի զինծառայողներն այցելել են «ՏաԹևեր» ճոպանուղի և Տաթևի վանական համալիր

Ճոպանուղին ամիսը երկու անգամ անվճար հյուրընկալում է Սյունիքի զորամասերի զինծառայողներին

«Տաթևի Վերածնունդ» ծրագրի աջակցությամբ Սյունիքի մարզի համար N զորամասի մի խումբ ժամկետային զինծառայողներ օրեր առաջ այցելել են Գինեսի ռեկորդակիր «ՏաԹևեր» ճոպանուղի և Տաթևի վանական համալիր։

Սյունիքի մարզի բանակային կորպուսի ղեկավարությունն ավելի վաղ դիմել էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամին՝ առաջարկելով, որպեսզի «ՏաԹևեր» ճոպանուղին թույլատրի Սյունիքի զորամասերում ծառայող զինվորներին անվճար օգտվել ճոպանուղու ծառայություններից։ Զինծառայողներին Հայաստանի պատմամշակութային արժեքներին ծանոթացնելու և նրանց մոտ բարոյակամային հատկանիշները բարձրացնելու նպատակով ճոպանուղու տնօրինությունն ընդառաջ է գնացել այս առաջարկությանը և ամիսը երկու անգամ անվճար հյուրընկալում է Սյունիքի զորամասերի  զինծառայողներին։   

Մայիսի 4-ին զինծառայողների արդեն երկրորդ խումբն այցելեց «ՏաԹևեր» և Տաթևի վանական համալիր։ Տաթևի վանքի վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանը դիմավորեց զինվորներին, կատարեց օրհնության կարգ և նրանց հանձնեց Աշոտ Երկաթի կրծքանշանները։ Այնուհետև զինվորների համար կազմակերպվեց էքսկուրսիա վանական համալիրի տարածքում։  Ժամկետային զինծառայող Խորեն Պետրոսյանն առաջին անգամ էր այցելում Տաթևի վանք և «ՏաԹևեր» ճոպանուղի։ Նրա խոսքերով, այցելությունը շատ տպավորիչ էր։

Վերադառնալ ցուցակ