Հուլիս 29, 2019

«Ավրորա» մրցանակին է միանում Բենջամին Ֆերենցը

Միջազգային նշանավոր փաստաբանը կդառնա Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պատիվ ունի հայտարարելու, որ խաղաղության եւ մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ Բենջամին Ֆերենցը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին՝ որպես պատվավոր համանախագահ: Ռումինական ծագումով ամերիկացի հայտնի իրավաբանը երկար տարիներ պայքարել է միջազգային իրավունքի գերակայության հաստատման համար, եւ հիմա նա կդառնա նաեւ «Ավրորա» մրցանակի դեսպանն աշխարհում:

«Չափազանց ուրախ ենք ողջունել Բենջամին Ֆերենցին՝ մարդ, որն աշխարհն ավելի լավն է դարձրել իր պայքարով՝ արդարություն ապահովելով մարդկության դեմ իրագործված հանցանքներից տուժածների համար: Իր գործունեության ընթացքում նա պաշտպանել է մարդկային արժանապատվությունն ու մարդկայնությունն՝ ընդդեմ հալածանքների եւ ցեղասպանության: Երջանիկ ենք, որ նա միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին՝ որպես պատվավոր համանախագահ»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:

Բենջամին Ֆերենցը միջազգային փաստաբան է եւ մարդու իրավունքների պաշտպան: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների իրագործած հանցագործությունները հետաքննողներից մեկն էր, եւ ԱՄՆ զինված ուժերը ներկայացնող գլխավոր դատախազը Նյուրնբերգյան դատավարության ընթացքում:

1943թ. Հարվարդի իրավունքի դպրոցն ավարտելուց հետո Ֆերենցը միացավ ԱՄՆ զինված ուժերին եւ մեկնեց Եվրոպա, որտեղ մասնակցում էր գերմանական համակենտրոնացման ճամբարների ազատագրմանը: Սա հիմնովին փոխեց Բենջամին Ֆերենցին՝ կանխորոշելով նրա ապագա կյանքն ու գործունեությունը:

Բենջամին Ֆերենցը նաեւ մշակել է եւ իրագործել նացիստական ռեժիմից տուժածների վերականգնողական ծրագիր, ու մեծ դերակատարում է ունեցել Իսրայելի եւ Արեւմտյան Գերմանիայի միջեւ 1952թ. ստորագրված «Փոխհատուցման համաձայնագրի» բանակցություններում: Նա իր ամբողջ կյանքում պայքարել է մարդու իրավունքների եւ համընդհանուր խաղաղության համար՝ միջազգային իրավունքի գերակայության հաստատումը դարձնելով առաքելություն:

«Ես տպավորված եմ այն աշխատանքով, որն «Ավրորան» իրականացնում է ամբողջ աշխարհում: Մենք ծառայում ենք համընդհանուր նպատակի՝ ստեղծել ավելի մարդկային հասարակություն, որտեղ գերակայում է օրենքը: Ինձ համար հաճելի է ընդունել «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին միանալու հրավերը՝ որպես պատվավոր համանախագահ: Իմ փորձից կարող եմ ասել, որ երկար ժամանակ, նվիրվածություն եւ ջանքեր են պահանջվում աշխարհն ու կյանքը կարեկցանքով եւ աջակցությամբ բարելավելու համար: Զգացված եմ՝ դառնալով մի համայնքի անդամ, որի առաքելությունը հենց այդպիսի աշխարհ ստեղծելն է»,- ասաց Բենջամին Ֆերենցը:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովում են երեք նոբելյան դափնեկիրներ, պետությունների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան դիվանագետներ, միջազգային հանրության այլ ազդեցիկ դեմքեր:

Վերադառնալ ցուցակ