Սեպտեմբեր 02, 2019

«Ավրորայի» դափնեկիր և նախագահ Թոմ Քաթինան ելույթ կունենա 2019 թ. Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովին

Համաշխարհային ճանաչում ունեցող մարդասեր, բժիշկ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան կներկայացնի պատերազմից տուժած Սուդանի հեռավոր շրջաններում մարդկանց բժշկելու իր փորձը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան իբրեւ բանախոս կմասնակցի 2019թ. Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովին: Գագաթնաժողովը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 27-29-ը Գերմանիայում՝ Բեռլինում: Բժիշկ Քաթինան կմիանա ամբողջ աշխարհից այնտեղ հավաքված առողջապահության ոլորտի առաջատար փորձագետներին եւ որոշում կայացնողներին, որոնք քննարկելու են, թե ինչպես զարգացնել համաշխարհային առողջապահության օրակարգը, խթանել գիտական մտքի առաջնորդումը։

Ամերիկացի բժիշկ Քաթինան «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին նախագահն է, որը նախաձեռնությանը միացավ 2018 թ. դեկտեմբերին: Նա նաեւ Սուդանի «Գթության մայր» հիվանդանոցի հիմնադիրն  ու տնօրենն է. վերջին տասնամյակում նա եղել է մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժն այդ հիվանդանոցում: Հիվանդանոցը գտնվում է պատերազմից տուժած Նուբայի լեռնային շրջանում:

«Որպես «Ավրորայի» մարդասիրական համայնքի մի մասնիկը՝ ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովին եւ խոսել այնպիսի թեմաների մասին, որոնք այնքան մոտ են մեր սրտին եւ էական «Ավրորայի» առաքելության տեսանկյունից: Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովը միավորում է մարդկանց, որոնք ձգտում են արդյունավետ լուծումներ գտնել եւ վերացնել խոչընդոտները, որպեսզի ոչ մի տղամարդ, կին կամ երեխա անտեսված չմնա», - ասաց բժիշկ Քաթինան: «Նուբայում ես սեփական աչքերով եմ տեսել այս փիլիսոփայության զորությունը»:

Բժիշկ Քաթինան ելույթ կունենա հիմնական նիստի ընթացքում, որի խորագիրն է «Վերափոխելով մարդկային կապիտալը՝ ներդնելով առողջապահության եւ կրթության ոլորտներում»: Ելույթ կունենան նաեւ KPMG-ի, Համաշխարհային բանկի եւ Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (IFRC) ներկայացուցիչները: Բժիշկ Քաթինան կմիանա նաեւ Գերմանիայի առողջապահության նախկին նախարար Հերման Գրյոհեին եւ «Սիմենս առողջապահության» գլխավոր տնօրեն Բերնդ Մոնթագին՝ մասնակցելու «Ջարդելով պատնեշները. Բարելավելով համաշխարհային առողջապահությունը միասնական գործունեության միջոցով» խորագրով հարակից միջոցառմանը:

Ներգրավելով 100 երկրներից 2,500 բարձրաստիճան մասնակիցների՝  Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովը դարձել է ամենամյա նշանավոր ֆորումներից մեկը քաղաքական, գիտական, քաղաքացիական հասարակության եւ առողջապահության ոլորտների ներկայացուցիչների համար, որոնք համաշխարհային կարծիք են ձեւավորում՝ քննարկելով համաշխարհային առողջապահությունը բարելավելու միասնական հնարավորություններն ու պատասխանատվությունը:

Բժիշկ Քաթինայի մասնակցությունը Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովին Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան եւ Աֆրիկան ընդգրկող խոսակցությունների ծավալման նրա ընդարձակ օրակարգի մի մասն է: Եվրոպայում բժիշկ Քաթինան կմասնակցի առաջին «Ավրորա» ֆորումին եւ 2019 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը, որոնք տեղի կունենան Երեւանում հոկտեմբերին: Նոյեմբերին ի թիվս այլ միջոցառումների նա կմասնակցի Փարիզի Խաղաղության ֆորումին:

Աֆրիկայում նախատեսված ելույթների շարքում է նաեւ բժիշկ Քաթինայի ելույթը ԷյդԷքս Նայրոբի համաժողովին (AidEx Nairobi Conference)։ Բարձր մակարդակի այդ միջոցառման գլխավոր թեման օգնությունն ու զարգացումն է Աֆրիկայի տարածքում: Նա կմասնակցի նաեւ «Խաղաղության Տուն» (Maison Shalom) խնամքի տան 25-րդ տարեդարձին, որի հիմնադիրն է 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, և որն աշխատում է որբերի ու բռնության զոհերի հետ:

ԱՄՆ-ում բժիշկ Քաթինան դասախոսություն կկարդա Կոլումբիայի եւ Դյուքի համալսարաններում  եւ Թենեսիի Նեշվիլ քաղաքում կմասնակցի Կաթոլիկ բժշկական ասոցիացիայի տարեկան համաժողովին: 

Վերադառնալ ցուցակ