Սեպտեմբեր 26, 2019

«Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով ցուցադրությունը Տաթևում

«Ավրորա» ֆորումի շրջանակում Տաթևի վանական համալիրի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ Կոմիտաս Վարդապետի 150-րդ տարեդարձին նվիրված բացառիկ ցուցադրությանը:

«Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը Տաթևի վանական համալիրի տարածքում՝ ձիթանում, բաց է այցելուների առջև այս տարվա սեպտեմբերից:

Այն կազմակերպվել է 2019 թ. հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում կայանալիք առաջին «Ավրորա» ֆորումին ընդառաջ «ՀայաստանիԶարգացմանՆախաձեռնություններ» IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Ցուցադրությունն իրականացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Ցուցադրությունը ներառում է Կոմիտաս Վարդապետի՝ Կովկասում, Եվրոպայում, Օսմանյան կայսրությունում և Եգիպտոսում տարբեր տարիներին արված լուսանկարներ և այդ վայրերում նրա գործունեությունը ներկայացնող տեքստային նյութեր:

Այս ցուցադրության շնորհիվ Տաթևի վանական համալիր այցելող զբոսաշրջիկները ծանոթանում են մեծն Կոմիտասի կենսագրությանը, ով համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը:

«Խորհրդանշական է, որ այս ցուցադրությունը բացվում է հենց Տաթևի վանական համալիրում, որը դարեր շարունակ եղել է Հայաստանի հոգևոր, կրթական և մշակութային կարևոր կենտրոններից մեկը: Կոմիտասը նաև մեծ ուսուցիչ ու մանկավարժ էր, ով իր գիտելիքներն ու հմտությունները տարածեց աշխարհի տարբեր անկյուններում»,-նշում է ցուցադրության համադրող, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

Ցուցադրությունը ներկայացնում է Կոմիտասի ճանապարհորդությունների աշխարհագրությունը, հայ և օտարազգի մտավորականության հետ տարբեր քաղաքներում ունեցած շփումները: Լուսանկարներում Կոմիտասի կողքին կարելի է տեսնել հայտնի հայ մտավորականներ Հովհաննես Թումանյանին, Ավետիք Իսահակյանին, Ղազարոս Աղայանին, Արշակ Չոպանյանին, Վրթանես Փափազյանին, Գևորգ Բաշինջաղյանին, Ռուբեն Սևակին և այլոց:

Ցուցադրության ուսանկարչական նյութը տրամադրվել է Գուրգեն Գասպարյանի «Կոմիտաս Վարդապետ (1869-1935)» (Երևան, 2014թ.) գրքից:

Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցադրության մեջ ներառված են նաև Վարդապետին վերաբերող բնօրինակ նյութեր՝ հուշամեդալներ, գրքեր, նամականիշեր և Կոմիտասի լուսանկարներով փոստային բացիկներ:

Ցուցադրությունը այցելուների համար բաց կլինի մինչև տարեվերջ:

Վերադառնալ ցուցակ