Հոկտեմբեր 07, 2019

Երախտագիտության և բարեկամության խորհրդին նվիրված միջոցառումներ Գյումրիում

«Ավրորա» ֆորումի շրջանակում հոկտեմբերի 17-ը հայտարարված է Գյումրիի օր

Հայաստանում  հոկտեմբերի 14-21-ը կայանալիք առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում մի շարք միջոցառումներ են տեղի ունենալու ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Դիլիջանում, Տաթևում և Շուշիում:

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կանցկացվեն լայնամասշտաբ միջոցառումներ բարեկամության, երախտագիտության և մարդասիրության խորհրդի ներքո:

Հանրային միջոցառումները կսկսեն Երախտագիտության ֆլեշմոբով, որի նպատակն է Գյումրիի մի քանի հազար դպրոցականների մասնակցությամբ շեշտադրել հումանիտար աջակցության և երախտագիտության խորհուրդների կարևորությունը: Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությունից փրկված մանուկները Գյումրիից իրենց յուրահատուկ երախտագիտության ֆոտոուղերձն էին հղել աշխարհին: Այժմ՝ շուրջ 100 տարի անց, դպրոցականները «Тhank you, world» բառերով կրկին իրենց շնորհակալությունը կհայտնեն աշխարհին՝ ևս մեկ անգամ կարևորելով երախտագիտության խորհուրդը:   

Ֆլեշմոբը կանցկացվի Գյումրիի Վարդանանց հրապարակում, որից հետո «Ավրորա» ֆորումի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերարները, Բարի կամքի դեսպանները և «Ավրորա» մրցանակի դափնեկիրները կայցելեն Գյումրիի «Բարեկամություն» զբոսայգի՝ մասնակցելու այգու վերականգման նախագծին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Գյումրիի «Բարեկամություն» այգու վերակառուցման ծրագիրը իրականացվում է  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Գյումրիի զարգացման ծրագրի շրջանակում:  Այգու վերակառուցման նախագիծը նպատակ ունի միավորել և զարգացնել Գյումրի քաղաքի ենթակառուցվածքները և արտացոլել բարեկամության ու երախտագիտության խորհուրդը:

Մշակութային Գյումրիում հոկտեմբերի 17-ի երեկոն գյումրեցիների համար կամփոփվի Վլադիմիր Ավետիսյանի և D'Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի բացօթյա, մեծ համերգով, որի բացմանը՝ ժամը 18:00-ին, հանդես կգան նաև Bambir հայկական ֆոլկ-ռոք խումբը և TmbaTa նվագախումբը:

Գյումրիի Վարդանանց հրապարակում կայանալիք համերգին D'Black Blues Orchestra-ն ներկայացնելու է «Anthology of Blues. Part II» համերգային ծրագիրը, որը ներառում է բլյուզի համաշխարհային ժառանգության ամենահայտնի ստեղծագործությունները:  Համերգը նվիրված է լինելու բարեկամության և երախտագիտության խորհրդին:

D'Black Blues Orchestra խմբի ղեկավարը ռուս երաժիշտ, գործարար, բարերար և EVITA բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վլադիմիր Ավետիսյանն է: Նա Հայաստանում հայտնի է և սիրված ոչ միայն նախկինում՝ Երևանում և Դիլիջանում կայացած իր համերգներներով՝ որպես երաժիշտ, այլև որպես Հայաստանի մեծ բարեկամ: Վլադիմիր Ավետիսյանը հանդիսանում է UWC Դիլիջան միջազգային քոլեջի հիմնադիրներից մեկը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բարերար: 

D'Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի կազմում երաժիշտներ են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից և Ֆրանսիայից: Խմբի ինքնատիպ կատարումների շնորհիվ այս համերգը կդառնա անմոռանալի երաժշտական տոն գյումրեցիների համար: Համերգի մուտքն ազատ է:  

Գյումրիում կայանալիք բոլոր միջոցառումներին հրավիրված են լինելու պատվավոր հյուրեր և միջազգային հանրության ներկայացուցիչներ: 

Վերադառնալ ցուցակ