Հոկտեմբեր 21, 2019

Լորդ Արա Դարզին՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նոր նախագահ

Հայտարարությունն արվել է «Ավրորա» ֆորումի ընթացքում

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նոր նախագահ է դարձել Լորդ Արա Դարզին: Օսկարակիր դերասան, ռեժիսոր և բարերար Ջորջ Քլունին կմնա Հանձնաժողովի պատվավոր համանախագահ՝ խաղաղության եւ մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ Բենջամին Ֆերենցի հետ: Այս մասին հայտարարվել է առաջին «Ավրորա» ֆորումի ընթացքում, որն անցկացվում է 2019թ. հոկտեմբերին Հայաստանում:  

Պրոֆեսոր Դարզին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել 2017թ. սեպտեմբերին: Նա Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրենն է, որը նաեւ ղեկավարում է Լոնդոնի կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնը եւ Քաղցկեղի հետազոտության ինստիտուտը: Լորդ Դարզին Կատարում գործող Համաշխարհային առողջապահական նորարարությունների գագաթնաժողովի գործադիր ղեկավարն է: Նա  NHS Trust-ի կայսերական քոլեջի հիվանդանոցի եւ Royal Marsden NHS Trust-ի խորհրդատու վիրաբույժ է: Բժշկության եւ վիրաբուժության ոլորտում իր ծառայությունների համար 2002թ. ձեռնադրվել է որպես ասպետ, ավելի ուշ դարձել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ՝ Դենհեմի Լորդ Դարզի: 2009 թվականից ընդգրկված է Թագուհու խորհրդականների խորհրդում: 2016թ. հունվարին արժանացել է «Հանուն արժանիքների» պարգեւի:

«Սա մեծ պատիվ է եւ պատասխանատվություն: Երախտապարտ եմ ու ոգեւորված, որ շարունակում եմ աշխատանքս Ընտրող հանձնաժողովի իմ գործընկերների հետ այս նոր կարգավիճակում: «Ավրորայի» բացառիկ հերոսները ճանաչման համար չէ, որ անում են իրենց աշխատանքը: Այլոց փրկելու համար նրանք վտանգում են սեփական կյանքը, որովհետեւ այլ կերպ չեն կարող: Դա նրանց էությունն է: Բայց ճանաչումը եւ իրազեկումը եւս չափազանց կարեւոր է՝ մարդկանց վստահություն ներշնչելու եւ ոգեշնչելու համար, որպեսզի միանան համաշխարհային այս շարժմանը: «Ավրորա» մրցանակն աշխարհին ցույց է տալիս, որ նույնիսկ ձեր ամենափոքր ներդրումը կարող է ահռելի ազդեցություն ունենալ: Ահա թե ինչու եմ ուրախ, որ այս ամենի մի մասնիկն եմ»,- ասաց Լորդ Արա Դարզին:

Պրոֆեսոր Դարզին Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտը ղեկավարելու միջոցով օգնում է առողջապահական համակարգերի ձեւավորմանն ամբողջ աշխարհում՝ ներառյալ Հայաստանը: Մինչ օրս նա 1000-ից ավելի հետազոտությունների հեղինակ է, աշխարհում գլոբալ առողջապահական քաղաքականության եւ նորարարության ոլորտում՝ հեղինակավոր առաջնորդ

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում են նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, մարդու իրավունքների ակտիվիստ եւ Enough նախագծի հիմնադիր նախագահ Ջոն Փրենդերգասթը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների աշխարհահռչակ ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին:

Վերադառնալ ցուցակ