Հոկտեմբեր 18, 2020

Խաղաղության եւ երախտագիտության համահայկական աղոթք

«Ավրորան» Նյու Յորքում համախմբել է հայ հոգեւոր առաջնորդներին

Լուսանկարում (ձախից աջ)՝ Գերաշնորհ Տեր Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյան, Վերապատվելի Ջոզեֆ Կարապետյան, Ամենապատիվ Միքայել արքեպիսկոպոս Մուրադյանի ներկայացուցիչ Նուրհան Բեջիդյան, Գերաշնորհ Տեր Դանիել եպիսկոպոս Ֆինդիկյան: Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Վարդան եկեղեցի, Նյու Յորք, հոկտեմբերի 16, 2020 թ.

Հոկտեմբերի 16-ին, երբ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է խրախուսել բոլորին, որպեսզի նվիրատվությամբ իրենց նպաստը բերեն աշխարհի խաղաղությանը, եւ հարգանքի տուրք է մատուցում այն մարդկանց, ովքեր մեկ դար առաջ օգնել են հայերին, Նյու Յորք քաղաքում կազմակերպված միասնական աղոթքի համար միավորվել են հայ հոգեւոր առաջնորդները։ Հայկական հոգեւոր հիմնական կառույցների ներկայացուցիչները համատեղ աղոթեցին Սուրբ Վարդան եկեղեցում, հայցելով, որ խաղաղությունը վերականգնվի Արցախում ու Հայաստանում եւ աշխարհի բոլոր այն անկյուններում, որտեղ մարդիկ տուժում են զինված բախումներից, եւ հարգանքի տուրք մատուցեցին բոլոր նրանց վեհանձնությանը, ովքեր ավելի քան մեկ դար առաջ օգնեցին հայերին, հույներին, քաղդեացիներին ու ասորիներին։

Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Դանիել եպիսկոպոս Ֆինդիկյանը հարգանքի տուրք մատուցեց ամերիկացիների անգնահատելի ավանդին, ովքեր ժողովրդի պատմության ամենամթին ժամանակներից մեկի ընթացքում օգնել են հայերին: «Հիշենք օրհնյալ այս երկրի մի շարք լուսավոր անձանց ներդրած արտակարգ նպաստը, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմից եւ Հայոց ցեղասպանությունից հետո Մերձավոր Արեւելքում ամերիկյան օգնության կոմիտեի հերոսական աշխատանքով արտակարգ օգնություն ու բարօրություն հասցրին հարյուր հազարավոր որբերի եւ այդ աղետի զոհերին։ Եվ դրանով իսկ այսօր մեզ բարեգործության, վեհանձնության ու խիզախության օրինակ տվեցին՝ ոտքի ելնելու եւ ծառայելու մարդկության բարձրագույն արժեքներին», - ասաց Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆինդիկյանը։

Հայ Առաքելական եկեղեցու Կիլիկյան կաթողիկոսության ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանը նշեց այն փաստը, որ «Ավրորայի» դավանած մարդասիրական գործունեության ավանդույթը խորապես արմատավորված է հայոց մշակույթի մեջ. «Արարատի ժողովուրդը միշտ ապրել է արարչության խաղաղ առաջընթացի հիմքերի որակներով ու արժեքներով։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր ստեղծման օրվանից ճանաչվել է որպես մի կազմակերպություն, որն ի գործ է դնում Երախտագիտությունը: Նրա սկզբունքն ու նպատակը շատ պարզ են. մեր ժողովրդի երախտագիտությունն արտահայտել ամբողջ աշխարհին, որն անվերապահորեն սատարել է 1915 թվականին oսմանյան թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկվածներին, ինչպես նաեւ լույս սփռել մերօրյա հերոսների ժառանգության վրա աշխարհի բոլոր ծայրերում»։

ԱՄՆ-ի եւ Կանադայի Հայ Կաթողիկե Եկեղեցու Ամենապատիվ Միքայել արքեպիսկոպոս Մուրադյանի ներկայացուցիչ Նուրհան Բեջիդյանը հորդորեց ամբողջ աշխարհին ոտքի ելնել եւ գործել հանուն խաղաղության. «Մենք մեր ձայնն ենք միացնում սիրելի Մայր Հայաստանի եւ Արցախի մեր եղբայրներին ու քույրերին եւ բարի կամքի բոլոր մարդկանց՝ միջազգային հանրությանն ու մեծ տերություններին հրատապ կոչ անելով, որ միջամտեն ռազմական ու թշնամական գործողությունների անհապաղ դադարեցման եւ խաղաղ  երկխոսության ու բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման հասնելու համար։ Անկախ պատերազմի պատճառած ամբողջ մթությունից, մենք՝ հայերս, շարունակում ենք պայքարել խաղաղության համար եւ թանկ ենք գնահատում Մարդկային կյանքի արժանապատվությունն ու արժեքը»։

Այնուհետեւ խաղաղության ու կարեկցանքի կոչով հանդես եկավ Նյու Ջերսի նահանգի Պարամուս քաղաքի Պրեսբիտերական եկեղեցու հովիվ Վերապատվելի Ջոզեֆ Կարապետյանը: «Մենք հավաքվել ենք գոհաբանության եւ մեր Տիրոջից խաղաղություն խնդրելու ոգով: <…> Այսօր, երբ աղոթում ենք խաղաղության համար, երբ աղոթում ենք մեր Տեր Աստծուն երախտագիտություն հայտնելու համար, հավաքվել ենք երախտապարտորեն, որ ողջ ենք, երախտապարտորեն, որ Աստված մեզ հնարավորություն է տվել ազատորեն հավաքվելու այս երկրում, որ ի վիճակի ենք աղոթելու Արցախի եւ Հայաստանի առաջնագծում մեր սիրելի եղբայրների եւ քույրերի համար», - ասաց Արժանապատիվ Կարապետյանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որի հիմքում ընկած են մարդկային հիմնարար արժեքները, կարեկցանք ու համերաշխություն է սփռում ամբողջ աշխարհում եւ արդեն իսկ բարեփոխել է գրեթե մեկ միլիոն մարդու կյանք։ 2020 թ. հոկտեմբերի 19-ին «Ավրորան» նշում է իր հնգամյա տարեդարձը, որն ուղիղ կհեռարձակվի Նյու Յորքի հանրային գրադարանից, տեղական ժամանակով 18:55-ին։  Միջոցառման մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելեք auroraprize.com եւ հետեւեք մեզ սոցիալական ցանցերում։

 

Վերադառնալ ցուցակ