Մեր գործունեությունը

Սուրբ Գևորգ և Թբիլիսիի հին քաղաք

Մենք պահպանում ենք Վրաստանում հայկական մշակութային ժառանգությունը և հնարավորություն ընձեռում վիրահայությանն ավելի ակտիվ մասնակցություն ունենալ Թբիլիսիի մշակութային կյանքին։

Մեկնարկել է
2013
Հանրային զեկույց

Վիրահայոց թեմի առաջնորդանիստ տաճարի՝ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման ծրագիրը IDeA հիմնադրամի կարևորագույն նախագծերից մեկն է: Այն միտված է Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը և բաղկացած է երկու մասից․ 12-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնում ու վերաօծում և եկեղեցուն կից մշակութային-լուսավորչական կենտրոնի ստեղծում: Եկեղեցին վերաբացվել է վերականգնումից հետո՝ 2015 թվականի հոկտեմբերին։

Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից էր որմնանկարների և իկոնոստասի վերականգնումը։ Միայն որմնանկարները կազմում են տաճարի տարածքի 1090 քառակուսի մետրը: Դրանց վերականգնման աշխատանքներին մասնակցել են Հայաստանի որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Արժանիկ Հովհաննիսյանը և Ֆլորենցիայի մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման կենտրոնի ղեկավար Ֆաբրիցիո Յակոբինը:

Սուրբ Գևորգի վերականգնումը պահանջում էր մանրակրկիտ ուշադրություն իրականացվող աշխատանքների և ռեսուրսների բաշխման հարցում։ Նախագծի շրջանակում իրականացվել է եկեղեցու հիմքի ամրակայում, ջրահեռացման համակարգի կառուցում ու եկեղեցու նախնական՝ աղյուսապատ տեսքի վերականգնում:

Այժմ IDeA հիմնադրամը կենտրոնացել է ծրագրի երկրորդ փուլի ՝ վիրահայության համար մշակութային-լուսավորչական կենտրոնի ստեղծման վրա: Մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված այս խոշոր նախաձեռնությունը կարեւոր է վիրահայության ազգային ինքնության ամրապնդման և Թբիլիսիի պատմական դիմագծի պահպանման տեսանկյունից։

Նորություններ և Տեսագրություններ