Մեր գործունեությունը

Տաթևի վերածնունդ

IDeA-ն վերափոխել է Տաթեւը՝ այն վերածելով տարածաշրջանի մշակութային և հոգևոր կենտրոն։ Տաթեւ այցելությունն անմոռանալի ուղևորություն է յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար։

 
Մեկնարկել է
2008
Հանրային զեկույց
 
 

2008 թվականին մենք գործարկեցինք «Տաթևի վերածնունդ» ծրագիրը՝ ցույց տալու ավանդական բարեգործության (միջնադարյան Տաթևի վանքի վերականգնում), հանրօգուտ ներդրումների («Տաթևեր» ճոպանուղի և «Տաթևատուն» ռեստորան), ինչպես նաև տեղական համայնքները զարգացնելու սոցիալական ներդրումների համադրության արդյունավետությունը:

Միջնադարյան Հայաստանի ամենահայտնի կրոնական, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկի՝ 9-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիրի վերականգնումը «Տաթևի վերածնունդ» ծրագրի առանցքային բաղադրիչն է: Բացի վերականգնման աշխատանքներից և վանական համալիրի շուրջ գտնվող ենթակառուցվածքների զարգացումից, ծրագիրը կարևոր է նաև Տաթևի վանքի մշակութային ժառանգության պահպանման ու հոգևոր կյանքի վերածննդի ապահովման առումով: Վերականգնման աշխատանքներին զուգահեռ առաջատար մասնագետները և անկախ փորձագիտական կազմակերպությունները ու հաստատությունները իրականացրել են միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտություն:

Մինչ վերականգնման աշխատանքներն առաջ են ընթանում, IDeA հիմնադրամն ընդլայնում է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը: Ընդլայնված ծրագիրը ներառում է Տաթևի հարավային զբոսաշրջային հանգույցը, որի նպատակն է Տաթևը դարձնել խոշոր զբոսաշրջային հանգույց, որտեղ այցելուները կանցկացնեն 2-3 օր՝ լիովին բացահայտելու Հայաստանի հարավը (Գորիսը, Սիսիանը, Կապանը, Մեղրին, Վայոց Ձորը): Վանական համալիրի վերականգնմանը զուգահեռ թիրախային նպատակներից են զբոսաշրջային ենթակառուցվածքների լայնածավալ զարգացումը, լքված միջնադարյան գյուղերի վերածնունդն ու Տաթևի ազգային պարկի ստեղծումը:

 
 

Տաթևը Հայաստանի կարեւոր բնական, պատմական և մշակութային արժեքներից է, որը մեծապես անծանոթ էր զբոսաշրջիկներին մինչև 2010 թվականը, երբ IDeA հիմնադրամը գործարկեց «ՏաԹևեր» ճոպանուղին՝ որպես «Տաթևի վերածնունդ» ծրագրի խարսխային նախագիծ: Ճոպանուղու գործարկումը դյուրացրեց զբոսաշրջիկների և տեղացիների այցելությունը Տաթեւ՝ դժվար լեռնային ճանապարհը վերածելով 12-րոպեանոց անմոռանալի թռիչքի, որն ուղեկցվում է Որոտանի կիրճի յուրօրինակ տեսարանով:

«ՏաԹևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի (5752 մ)։ Այն նաև ռեկորդ է սահմանել որպես ամենակարճ ժամանակահատվածում (10 ամսում) կառուցված ճոպանուղի՝ չնայած տեղանքի բարդ աշխարհագրական պայմաններին և կլիմային:

2010 թ. հոկտեմբեր – 2017 թ. դեկտեմբեր ժամանակահատվածում «ՏաԹևեր» ճոպանուղին տեղափոխել է ավելի քան 640 հազար ուղևոր: Ուղևորափոխադրումների ամենամեծ թիվը գրանցվել է 2017 թվականին, երբ ճոպանուղին սպասարկել է ավելի քան 135 հազար ուղևորի, ինչը 40%-ով ավելի է, քան 2016 թ. գրանցված ցուցանիշը: Ավելին, իր գործարկումից ընդամենը հինգ տարի անց՝ 2016 թվականից, ճոպանուղին գրանցել է գործառնական շահույթ, որի ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը:

 
 

«ՏաԹևեր» ճոպանուղու շահագործման կատարողականի բարձր արդյունքները ցույց են տալիս, որ այն իր առանցքային սոցիալական և հանրօգուտ ներդրումն ունի տեղական համայնքի զարգացման գործում: Բացի 50 մշտական աշխատատեղից, որոնք առաջարկում է «ՏաԹևեր» ճոպանուղին (բոլոր աշխատողները Տաթև և Գորիս համայնքների բնակիչներ են), ներկայում տարածաշրջանում գործում են «գիշերակաց և նախաճաշ» (bed and breakfast) առաջարկող ավելի քան 20 հյուրատներ, «Տաթևատուն» ռեստորանը և ավանդական խոհանոցի ուտեստներ առաջարկող փոքր սրճարաններ, մի շարք այլ փոքր ձեռնարկություններ: Տեղացիներն աշխատում են որպես զբոսավարներ ու վարորդներ։ IDeA հիմնադրամն աջակցել է հյուրատների սեփականատերերին՝ տրամադրելով վերջիններիս իրավական և գործնական խորհրդատվություն, ինչպես նաև կազմակերպելով նրանց համար վաճառքների և մարքեթինգի դասընթացներ:

 
 

Ամբողջ տարվա ընթացքում անցկացվող միջոցառումները, ինչպես նաև համայնքային կյանքի աշխուժացումը վկայում են Տաթևի տարածաշրջանի վերածննդի մասին։ 2014 թվականին «Ոչխարների խուզում» փառատոնին մասնակցել է ավելի քան 3000 մարդ, իսկ 2015 թվականին այդ նրանց թիվը հասել է 4000-ի: Տաթև վանքի մանկական երգչախմբի ստեղծումը ներգրավել է մի քանի տասնյակ տեղի պատանիների, ովքեր համերգներով շրջագայել են ամբողջ Հայաստանով: Երեխաների խաղահրապարակների, տեղական դպրոցների վերանորոգումը, անտառների պահպանությունը «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում են իրականացվել՝ մեկընդմիշտ փոխելով տարածաշրջանը և դրա ապագան:

Տաթևի վերածնունդը հնարավոր դարձավ մասնավոր նվիրատվությունների, մասնավոր ընկերությունների ներդրումների և պետական միջոցների շնորհիվ։ Սա վառ ապացույց է այն բանի, թե որքան մեծ հաջողությունների կարելի է հասնել ջանքերի միավորման դեպքում։

 
 

Նորություններ