ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՏԻԿԱՆ

2019 թ.-ի հոկտեմբերին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատվիրակությունը հատուկ օրհնություն ստացավ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապից՝ Վատիկան կատարած այցի ընթացքում: Այս այցը խմբի Հռոմ կատարած լայնածավալ ուղևորության մի մասն էր, որի ընթացքում Վատիկանի և համայնքային ղեկավարների հետ մի շարք հանդիպումներ անցկացվեցին։

Վատիկան կատարած ուղևորությանը ներկա էին «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը և նշանավոր հասարակական գործիչներ, ինչպես նաև «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակի երեք նախորդ դափնեկիրները ՝ Թոմ Քատինան, Մարգարիտ Բարանկիցեն և Չո Լա Աունը: Ի լրումն, խումբը հանդիպեց նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար, Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ զրույցի ընթացքում խումբը հայցեց պապի օրհնությունը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համար, քանզի վերջինս շարունակում է իր գլոբալ ջանքերը ներդնել աղքատության դեմ պայքարի, առողջապահության բարելավման և խոցելի համայնքներին կրթություն տրամադրելու գործում:

Վերադառնալ սկիզբ

Սիրելի՛ այցելու,

Ուրախ ենք, որ հետաքրքրված եք IDeA  հիմնադրամի գործունեությամբ:

Այս հարթակում Դուք  կարող եք ծանոթանալ երկու տասնամյակ շարունակվող մտորումների, ձգտումների, գործի հանդեպ նվիրումի և Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու մեր երազանքի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքներին: Ճանապարհը երկար է եղել, և բազմաթիվ են եղել մտորումները։ Բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ մեր աշխատանքն իր դրոշմն է թողել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, և մենք իսկապես հպարտանում ենք դրանով:

Մեր նվաճումները հարյուր հազարավոր գործիչների ու կամավորների, տասնյակ հազարավոր բարերարների ու համախոհների, հարյուրավոր գործընկերների և տասնյակ հիմնադիր-գործընկերների համատեղ ջանքերի արդյունք են։ Մենք միասնաբար ցույց տվեցինք, թե ինչ հրաշքների կարելի է հասնել, երբ մարդիկ ձգտում են ընդհանուր նպատակի իրականացման:

Թույլ տվեք մեր ընտանիքին, որին բախտ է վիճակվել սկզբից ևեթ ականատես լինելու այդ նշանակալի նվաճումներին, իր անկեղծ երախտագիտությունը հայտնել բազմաթիվ հրաշալի, հոգատար, նպատակասլաց մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հնարավոր են դարձրել այս բոլոր ձեռքբերումները: Պատիվ ունենք ներկայացնելու նրանց հաջողությունները և մեր երախտագիտությունը հայտնելու նրանց։

Մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանն ավելի լավ ապագայի առաջնորդող մեր ճանապարհի գլխավոր ուղենիշները, խոսել քաղած դասերի, նոր մոտեցումների ու նախաձեռնությունների մասին, որոնք ծնվել են մեր փորձի արդյունքում. 700 ծրագիր՝ վերջին 20 տարվա ընթացքում:

Հուսով ենք, որ այս աշխատանքներին ծանոթանալը  Ձեզ համար նույնքան հաճելի կլինի, որքան մեզ համար՝ դրանց մասին պատմելը:

Բայց ավելի կարևորն այն է, որ կցանկանայինք Ձեզ տեսնել այն հայերի շարքում, որոնք մեզ հետ միասին ապագայում կշարունակեն այդ ճանապարհը:

Եթե ապագայի ընդհանուր մտապատկերի իրագործման համար աշխատող համախոհների առանձին համայնքը կարող է հասնել նման արդյունքի, պատկերացրեք, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է իրականացնել, եթե արարմանն ուղղված լինեն ամբողջ ազգի ջանքերը։ Միասին մենք կարող ենք երազել։

Եվ միասին մենք կարող ենք կյանքի կոչել մեր երազանքները։

Շնորհակալություն։

Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ